Հայցենք նոր սրբերի բարեխոսությունը՝ մեր սրբության համար:
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 13-ին, Նորին Սրբություն Սրբազան Քահանայապետը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հանդիսավոր Պատարագի ժամանակ սրբերի շարքին դասեց հինգ երանելիների:
Նոր երկնային բարեխոսներ դարձան անգլիացի կարդինալ Ջոն Հենրի Նյումենը՝ Սուրբ Ֆիլիպ Ներիի Օրատորիայի հիմնադիրը Անգլիայում, Ջուզեպինա Վանինին՝ Սուրբ Կամիլայի Դուստրերի Միաբանության հիմնադիրը, Մարիա Թերեզա Մանկիդիանը՝ Սուրբ Ընտանիքի Քույրերի Միաբանության հիմնադիրը, Դուլսե Լոպես Պոնտեսը՝ Սուրբ Աստվածամոր Անարատ Հղության միսիոներներ միաբանության միանձնուհին, Մարգարիտա Բասը՝ Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցու Երրորդ միաբանության միանձնուհին:
Ջոն Հենրի Նյումենը ծնվել է 1801թ. Լոնդոնում, երիտասարդ տարիքում ձեռնադրվել է սարկավագ՝ Անգլիկան Եկեղեցում: Երկար մտորումներից ու աղոթքներից հետո նա եկավ այն համոզման, որ Կաթողիկէ Եկեղեցին է Հիսուս Քրիստոսի ուսմունքի իսկական պահապանը և ընդունեց կաթողիկէ հավատը: 1847թ. նա ձեռնադրվեց քահանա ու Անգլիայում հիմնադրեց Սուրբ Ֆիլիպ Ներիի անվան Օրատորիան, իսկ 1879թ. Հռոմի Պապ Լևոն ԺԳ նրան կարդինալի կոչում շնորհեց: 1890թ. օգոստոսի 11-ին Բիրմինգհեմում Ջոն Հենրի Նյումենը հանկարծամահ եղավ՝ թողնելով հարուստ գրական ժառանգություն: 2010թ. սեպտեմբերի 19–ին Բենեդիկտոս ԺԶ Պապը անգլիացի կարդինալին դասեց երանելիների շարքը:
Իտալացի միանձնուհի Ջուզեպինա Վանինին (1859-1910թթ.) բավական ուշ հասկացավ իր աստվածանվեր կյանքի կոչման մասին: 1892թ. նա հիմնադրեց Սուրբ Կամիլայի Դուստրերի Միաբանությունը, ովքեր մինչ օրս հոգ են տանում հիվանդների հոգևոր և ֆիզիկական առողջության մասին: Չնայած նախնական դժվարություններին, քսան տարվա գործունեության ընթացքում նրանց համայնքը տարածվեց ամբողջ աշխարհում:
Հնդիկ խորհրդապաշտ (mystic) միանձնուհի Մարիա Թերեզա Մանքիդիանը (1876-1929թթ.), ում անվանում են «ընտանիքի առաքյալ», XX դարի սկզբին հիմնադրեց Սուրբ Ընտանիքի Քույրերի Միաբանությունը, որն պաշտոնապես հաստատվեց 1914թ.-ին: Միանձնուհիները աղոթական կյանքը համատեղում են բարեգործության հետ. հոգ են տանում հիվանդների ու մահացածների մասին, հոգում են աղքատ ընտանիքների կարիքները, ապաստարաններում զբաղվում են աղջիկների դաստիարակությամբ:
Բրազիլացի միանձնուհի Դուլսե Լոպես Պոնտեսը (1914-1992թթ.) հիսուն տարի շարունակ հոգ է տարել աղքատների, հիվանդների և անօթևանների մասին: 1959թ. նա հիմնադրել է «Օգնություն աղքատներին ու լքվածներին» կազմակերպությունը, որը հետագայում կոչվեց Դուլսե քույրերի Բարեգործական հիմնադրամ (OSID): Իր գործունեության համար 1988թ. ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ: Միանձնուհի Դուլսե Լոպես Պոնտեսին անվանում են բրազիլացի Մայր Թերեզա:
Շվեյցարացի աշխարհական խորհրդապաշտ Մարգարիտա Բայսը (1815-1879թթ.) պատկանել է Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցու Երրորդ միաբանությանը: Նա դերձակուհու աշխատանքը համատեղել է հոգևոր կյանքի ու եկեղեցական ծխում ծառայության հետ. երեխաներին քրիստոնեություն է սովորեցրել, օգնել է աղքատներին, այցելել է հիվանդներին ու մահացողներին: Նա իր սրբության ճանապարհը տեսնում էր աշխարհական կյանքում և ոչ թե վանականության մեջ: 1854թ. դեկտեմբերի 8-ին, երբ Պիոս Թ Պապը հռչակեց Սուրբ Աստվածամոր Անարատ Հղության հրամանակարգ վարդապետությունը, Մարգարիտա Բայսը բուժվեց քաղցկեղից ու հենց այդ օրն էլ խարաններ` stigmata ձեռք բերեց, որոնց առեղծվածային, խորհրդավոր ծագումը հաստատեցին և բժիշկները և Եկեղեցին:
Vatican News լրատվականի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը