Ավետարանացման նոր ուղիները
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 6-ին, մեկնարկեց Ամազոնի ավազանի հիմնախնդիրների վերաբերյալ եպիսկոպոսների Սինոդի Հատուկ համագումարը, և նիստի հենց առաջին օրն էլ անդրադարձան մի շարք կետերի` Աշխատանքային փաստաթղթից:
«Առաջընթացը, ուղին Եկեղեցին դարձնում է հավատարիմ իրական ավանդույթին, ոչ թե՝ ավանդապաշտությանը, որը կապված, նվիրված է մնում անցյալին, այլ իրական ավանդույթին, որը հանդիսանում է Եկեղեցու կենդանի պատմությունը, որտեղ յուրաքանչյուր սերունդ՝ ընդունելով նախնիների փոխանցածը, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի ըմբռնումն ու փորձառությունը, ինքնին հարստացնում է ավանդույթը՝ հավատքի սեփական ընկալմամբ ու փորձառությամբ»,-այսպես Ամազոնի ավազանի վերաբերյալ Սինոդի հատուկ համագումարի գլխավոր զեկուցող կարդինալ Կլաուդիո Հումմեսը բնորոշեց համագումարի հիմնական հարթություներից մեկը, որին անդրադարձել է իր «Նոր ուղիներ Եկեղեցու և բնապահպանության ամբողջականության համար» զեկույցի մեջ:
«Հիսուս Քրիստոսի քարոզը ու գթության անխոնջ գործադրումը Եկեղեցու կենդանի ավանդույթում ցույց են տալիս մի ճանապարհ, որը պետք է անցնել որպես ներառական գործընթացի մի մաս և որը հրավիրում, ընդունում ու խրախուսում է անխտիր բոլորին՝ գնալ միասին, ուղևորվել դեպի ապագա, որպես եղբայրներ ու ընկերներ՝ հարգելով բոլոր տարբերությունները», ներկայացնելով համագումարի աշխատանքն՝ ասաց կարդինալը: Գլխավոր զեկուցողը մանրամասն ներկայացրեց ամազոնյան թեմատիկայի բոլոր կողմերը, որոնք կքննարկվեն Սինոդի ընդհանուր նիստի ժամանակ: Նա առանձնահատուկ ընդգծեց Ամազոնի ավազանում ավետարանացման առաքելության իրականացման համար անհրաժեշտ նյութական ռեսուրսների ու կապի միջոցների սակավության խնդիրը: Իր ելույթում կարդինալ Հումմեսը անդրադարձավ այնպիսի հարցերի, որոնք հատկապես հետաքրքրում էին ԶԼՄ-ներին՝ սինոդի Աշխատանքային փաստաթղթի քննարկման ժամանակ: Այդ հարցերից էին ամուսնացած տղամարդկանց ձեռնադրությունը և կանանց ծառայությունը: Սինոդի ընդհանուր ժողովի առաջին իսկ զեկույցների ընթացքում մասնակիցներն ընտրեցին այս թեման ու կիսվեցին իրենց փորձառությամբ ու նկատառումներով: Միսիոներ-միանձնուհին, ով աշխատում էր Ամազոնիայի բնիկ ժողովուրդների շարքում, ասաց, որ քույրերը ստիպված են լրացնել հոգևորականների պակասը: Այս տարածաշրջանի միանձնուհիների համար սովորական երևույթ է մկրտություններ կատարելը և պսակադրությունների ժամանակ վկա լինելը (կանոնական իրավունքի դրույթներին համապատասխան, կանոն 1116), բացի այդ նրանք նաև ստիպված են խոստովանություն ընդունել, սակայն առանց արձակման աղոթքն ասելու, որի իրավունքը չունեն: Նրանք պարզապես լսում ու մխիթարում են մարդկանց, սա կարելի է համեմատել այն դեպքի հետ, որ տեղի ունեցավ սուրբ Իգնատիոս Լոյոլայի հետ, ով մահացու վտանգի մեջ լինելով խոստովանեց մի աշխարհականի՝ իր մեղքերն այլ մարդու մոտ արտահայտելու անհրաժեշտություն զգալով:
Ինչ վերաբերում է Աշխատանքային փաստաթղթում հիշատակված «վստահելի տղամարդկանց» հավանական ձեռնադրությանը որպես քահանա, չնայած որ դա օրինական պահանջ է, սակայն ոչ մի դեպքում չպետք է հանգեցնի քահանայության բնույթի ու լատինածես Եկեղեցու կուսակրոնության արժեքի վերաիմաստավորմանը: Ավելի շուտ, պետք է հոգ տանել, որպեսզի տեղի երիտասարդության մեջ լինեն հոգևոր կոչումներ, որպեսզի զարգանա ավետարացումը հեռավոր շրջաններում: Սա պետք է օգնի խուսափել կաթողիկէներին ըստ «առաջին» ու «երկրորդ» կարգի տեսակավորելուց, այսինքն՝ նրանց, ում միշտ հասանելի է Սուրբ Հաղորդությունը, և նրանց, ովքեր երկու տարի անընդմեջ մնացել են առանց Սուրբ Հաղորդության՝ այն պատճառով, որ չի եղել որևէ պատարագիչ քահանա:
Vatican News լրատվականի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը