«Գնա՛, Աստված քեզ մենակ չի թողնի»
Հոկտեմբերի 1-ին՝ Մանուկ Հիսուսի Սրբուհի Թերեզայի հիշատակի օրը, ով հանդիսանում է առաքելությունների հովանավոր սրբուհին ամբողջ աշխարհում, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի բազիլիկայում գլխավորեց Երեկոյան ժամերգությունը, որով նա հայտարարեց մեկնարկը՝ «Առաքելությունների արտակարգ ամսի»: Այս նախաձեռնությունը նվիրվում է Բենեդիկտոս 15-րդ Քահանայապետի առաքելական Maximum illud ուղերձի 100-ամյակին, որը վերաբերում է Կաթողիկէ Եկեղեցու միսիոներական գործունեությանն ամբողջ աշխարհում:
Սրբազան Քահանայապետը միսիոներական ամսվա անցկացման մասին հայտարարել էր դեռևս 2017թ. օգոստոսին՝ կարևորելով Եկեղեցու՝ բոլոր ժողովուրդներին ավետարանացման ջերմեռանդության ամրապնդման անհրաժեշտությունը»:
Ժամերգության ընթացքում Աստծո Խոսքը միահյուսվեց երեք միսիոներների վկայությունների հետ: Նրանք էին մի աշխարհական կին՝ Ասիայից, աֆրիկացի մի քահանա, միաձնուհիներ Օվկիանիայից: Ֆրանցիսկոս Քահանայապետն օրհնեց մի խումբ միսիոներների, ովքեր պետք է մեկնեին Բրազիլիա, Հարավային Սուդան, Կոնգո, Ղազախստան, Կամբոջա, Թայվան, Բանգլադեշ ու Ղրղզստան:
Ֆրանցիսկոս Պապն իր քարոզում կոչ արեց միշտ լինել իրատես, չփնտրել «պաշտպանված օազիսներ», այլ հարատև մնալ «երկրի աղն ու աշխարհի խմորիչը»:
Ֆրանցիսկոս Պապն իր քարոզում հիշատակեց մի առակ՝ Մատթեոսի Ավետարանից, որում տանտերն իր ունեցվածքը հանձնում է ծառաներին՝ հիշեցնելով, որ Աստված մեզ վստահել է մեծագույն պարգևներ. մեր սեփական կյանքը, ուրիշների կյանքն ու զանազան շնորհներ՝ յուրաքանչյուրիս համար: Այդ շնորհներն ու պարգևները պետք չէ պահել պահարանում, այլ Աստծո խիստ կոչով՝ համարձակորեն և ստեղծարար ձևով օգտագործել, որպեսզի դրանք առատ պտուղներ տան:
Առաքելությունների այս Արտակարգ ամիսը պետք է խթան հանդիսանա միսիոներական գործունեության համար: Քրիստոնյաները չպետք է լինեն «ուրիշների հավատքը վավերացնող նոտարներ»: Դրա համար պետք է ապրել որպես վկա՝ ցույց տալով, որ «մենք իսկապես ճանաչում ենք Հիսուսին»:
Նորից առակին անդրադառնալով՝ Ֆրանցիսկոս Պապը հիշատակեց վախեցած ծառային, ում հետ տերը շատ խիստ է, այս ծառան չարիք չի գործել, սակայն բարի գործ էլ չի արել՝ մատնվելով անգործության մեղքին: Սա կարելի է համեմատել մեր իսկ կողմից մեր սեփական կյանքի հանդեպ գործած մեղքի հետ: Մենք մեր կյանքը չենք ստացել հողում թաղելու համար, այլ՝ ուրիշներին նվիրաբերելու համար:
Ով Հիսուսի հետ է, նա գիտի, որ մենք ունենք այն, ինչ տալիս ենք ուրիշներին: Անգործ ապրել՝ նշանակում է հրաժարվել սեփական կոչումից, քանի որ անգործությունը հակասում է առաքելությանը:
Ըստ Սրբազան Քահանայապետի, անգործության մատնվելով՝ մենք մեղք ենք գործում, երբ «մեզ զոհի տեղ ենք դնում ու չենք կատարում մեր առաքելության պարտքը, երբ միայն բողոքում ենք ու կյանքն ընդունում որպես բեռ, այլ՝ ոչ թե որպես պարգև: Երբ կենտրոնանում ենք միայն մեր հոգսերի վրա՝ մոռանալով մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր մեր սիրո կարիքն ունեն»:
Մեկնաբանելով Կորնթացիներին ուղղված երկրորդ թուղթը՝ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ասաց, որ «Աստված սիրում է ուրախությամբ տվողին», որ Աստված ցանկանում է տեսնել Իր Եկեղեցու առաքելական ուղին: Նման «Եկեղեցին ժամանակ չի վատնում լացելու ու ափսոսալու այն հավատացյալների ու անցյալի արժեքների համար, որոնք այլևս գոյություն չունեն: Եկեղեցին ապահով ու հանգիստ օազիս չի փնտրում, այլ միայն ուզում է լինել երկրի աղն ու աշխարհի խմորիչը»:
Նման Եկեղեցու օրինակ են Հիսուս Մանկան Սրբուհի Թերեզան, Սուրբ Ֆրանցիսկոս Կսավերոսը: Նրանք բոլորը միսիոներական նվիրվածության օրինակ են ու ցույց են տալիս մեզ այդ առաքելության ուղին: Ֆրանցիսկոս Պապը առաջարկեց հավատացյալներիս՝ ինքներս մեզ հարցնել, թե մեզնից ով է աղոթում ու անձամբ ինչ է անում Ավետարանի տարածման համար:
«Աստված խնդրում է, որ ինքդ քեզ նվիրաբերես մարդկանց որպես ընծա՝ այնպիսին, ինչպիսին որ կաս, այնտեղ, որտեղ կաս, կյանքդ քաշ չտաս, այլ՝ նվիրես, ինքդ քեզ չսգաս, այլ՝ չորացնես տառապող մարդկանց արցունքները: Համարձա՛կ, Աստված շատ բան է սպասում քեզանից: Աստված նաև ակնկալում է, որ որևէ մեկը կհամարձակվի գնալ այնտեղ, որտեղ ամենաշատն է զգալի հույսի ու արժանապատվության պակասը, որտեղ բազմաթիվ մարդիկ դեռ ապրում են առանց ավետարանական ուրախության»:
Սուրբ Հոգին միշտ միսիոներների հետ է, քանի որ հենց Նա է հանդիսանում առաքելության շարժիչ ուժը:
«Գնա՛, Աստված քեզ մենակ չի թողնի: Վկայելով դու կտեսնես, որ Սուրբ Հոգին քեզանից շուտ է եկել, որպեսզի հարթի քո ճանապարհը: Համարձա՛կ, եղբայրնե՛ր ու քույրե՛ր, համարձա՛կ, Մա՛յր Եկեղեցի, գտի՛ր քո պտղաբերությունն առաքելության ուրախության ներքո»:
Vatican News լրատվականի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը