• Քահանայապետն ամփոփեց իր այցը աֆրիկյան երկրներ՝ կարևոր շեշտադրումներով

    Ավետարանը եղբայրության, արդարության և խաղաղության ամենահզոր խմորիչն է


    2019թ. սեպտեմբերի 11-ին ընդհանուր ուկնդրության ժամանակ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խոսեց նաև իր առաքելական այցի մասին դեպի Հարավարևելյան Աֆրիկայի երկրներ:

     

    «Ժողովուրդների համար Ավետարանը եղբայրության, ազատության, արդարության և խաղաղության ամենահզոր խմորիչն է: Որպես հույսի, խաղաղության և համերաշխության սերմացու՝ ես փորձեցի Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի խմորիչը բերել Մոզամբիկի, Մադագասկարի և Մավրիկիայի ժողովուրդներին»,- ասաց Ֆրանցիսկոս Պապը:

     

    Ուխտագնացությունը սկսվեց նախ դեպի Մոզամբիկ, որը ոչ հեռավոր անցյալում մեծ վնասներ էր կրել երկարատև զինված հակամարտության պատճառով: Եկեղեցին շարունակում է աջակցել խաղաղության հաստատմանը, որը ձեռք է բերվել օգոստոսի սկզբին հակամարտող կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն: Ֆրանցիսկոս Պապը շնորհակալություն հայտնեց Սուրբ Էգիդիայի Համայնքին՝ այդ գործընթացում զգալի ներդրում ունենալու համար: Միջկրոնական հանդիպման ժամանակ Սրբազան Քահանայապետը երիտասարդությանը կոչ արեց ամրապնդել բարեկամական հարաբերությունները՝ հաղթահարելով անկումային տրամադրությունները: Եպիսկոպոսներին, քահանաներին, վանականներին և ճեմարականներին Ֆրանցիսկոս Պապը խորհուրդ տվեց հետևել Նազարեթցի Մարիամի մեծահոգի նվիրվածությանը: Մոզամբիկում Ավետարանական ներկայության նշանը դարձավ տեղական բժշկական կենտրոնը.

     

    «Այս հիվանդանոցում ես տեսա, որ ամենակարևորը հիվանդներն են և բոլորը աշխատում են հանուն նրանց: Նաև նկատեցի, որ բոլորը տարբեր դավանանքի պատկանող մարդիկ են: Հիվանդանոցի տնօրենը կին է, ով մահմեդական է և զբաղվում է ՁԻԱՀ-ի հետազոտությամբ: Այս մահմեդական կինը ղեկավարում է Սուրբ Էգիդիայի Համայնքի կողմից հիմնադրած հիվանդանոցը: Բոլորը միասին աշխատում են որպես եղբայրներ»:

     

    Սրբազան Քահանայապետը Մոզամբիկում անցկացրեց հանդիսավոր Սուրբ Պատարագ: Մեծ մարզադաշտում հզոր ու տպավորիչ հնչեց Հիսուսի՝ «սիրեցե՛ք ձեր թշնամիներին» կոչը: Ֆրանցիսկոս Պապն ասաց, որ այս կոչը իր մեջ պարունակում է իսկական հեղափոխական սիրո սերմեր:

     

    Հաջորդ ուխտագնացության վայրը Մադագասկարն էր: Բնական ռեսուրսներով հարուստ այս երկիրը գտնվում է ծայրահեղ աղքատության եզրին: Այս առումով Սրբազան Քահանայապետը Մադագասկարի բնակչությանը կոչ արեց կառուցել, հիմնել զարգացած ապագա՝ համադրելով շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը և սոցիալական արդարությունը: Ֆրանցիսկոս Պապը սրտանց ու ջերմագին հիշում էր իր այցը Ակամասոա քաղաք, որը հիմնադրել էր Հայր Պետրո Օպեկին և որտեղ ապրում էր 25.000 մարդ, որի մեծ մասը կազմում են տասնհինգ տարեկանից փոքր երեխաները.

     

    «Ես այցելեցի միսիոներ-լազարիստ Հ. Պետրո Օպեկիի կողմից հիմնադրած «Բարեկամության քաղաքը»՝ Ակամասոան: Այստեղ փորձում են համատեղել աշխատանքը, արժանապատվությունը, աղքատների նկատմամբ հոգատարությունը և երեխաների կրթությունը: Ամեն ինչ ոգեշնչվում է Ավետարանով: Գրանիտի քարհանքում ես աղոթեցի Աստծուն՝ այս քաղաքի աշխատողների համար: Այնուհետև Կարմելիտյան քույրերի մենաստանում հանդիպում ունեցա միանձնուհիների հետ: Ճշմարիտ է, որ առանց հավատքի ու աղոթքի անհնար է կառուցել մարդուն արժանավայել քաղաք»:

     

    Սրբազան Քահանայապետը պարզաբանեց, որ ուխտագնացության երրորդ վայրը հայտնի Մավրիկիա տուրիստական ուղին էր, քանի որ այստեղ «ինտեգրվում են տարբեր ժողովուրդներ ու մշակույթներ»: «Այս կղզին բուռն զարգացում է ապրել: Այստեղ միջկրոնական երկխոսությունը և տարբեր կրոնական դավանանքների առաջնորդների միջև բարեկամությունը գտնվում է բարձր մակարդակի վրա»: Ֆրանցիսկոս Պապը որպես օրինակ պատմեց մի հատուկ դեպքի մասին, թե ինչպես նա եպիսկոպոսական նստավայրում գտել էր մի ծաղկեփունջ՝ ուղարկված գերագույն իմամի կողմից ի նշան բարեկամության, դա կարող էր տարօրինակ թվալ, բայց ոչ նրանց համար ովքեր ապրում ու բարեկամություն են անում այսպես:

     

    Այնուհետև Սրբազան Քահանայապետը խոսեց Պորտ Լուիում մատուցած Սուրբ Պատարագի մասին:

     

    «Երանիների ավետարանական հատվածը, որը Քրիստոսի աշակերտների ինքնության հաստատման վկայագիրն է, հակաթույն է հանդիսանում եսասիրական ու խտրական բարեկեցության գայթակղություններին, այն նաև իրական երջանկության սերմացու է, որը լի է գթասրտությամբ, արդարությամբ ու խաղաղությամբ: Ինձ զարմացրեց աշխատանքը, որը հաղթահարում են եպիսկոպոսները՝ աղքատներին ավետարանելու համար»:

     

    Ֆրանցիսկոս Պապի վերջին միտքը Սուրբ Աստվածածնի մասին էր: Ամեն մի առաքելական ուղևորությունից առաջ ու հետո Սրբազան Քահանայապետն այցելում է Սանտա–Մարիա-Մաջիորե բազիլիկա, որպեսզի աղոթի  Salus Popoli Romani սրբապատկերի դիմաց:

     

    «Ես աղոթում եմ, որ Նա մայրաբար ուղեկցի ինձ, ասի՝ ինչ պետք է անեմ, որպեսզի հետևի իմ խոսքերին ու ժեստերին: Սուրբ Աստվածածնի հետ ես ինձ վստահ եմ զգում»:

     

    Vatican News -ի ռուսերեն բաժնի հրապարակումը թարգմանեց Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց