Խաչվերացի տոնին զուգահեռ տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացուն ընծայված նորակառույց մատուռի բացումն ու պատկերների օծումը:
Հայ Եկեղեցին ծիսական տարվա ընթացքում տարբեր թվականներով է նշում Սուրբ Խաչին նվիրված տոները: Սեպտեմբերի 14-ի ամենամոտ Կիրակին՝ Խաչվերացն է, որը հիշատակվում է նաև որպես Եկեղեցու ավագ տոներից մեկը: Ամեն անգամ հավատացյալը եկեղեցական խորիմաստ շարականներով ու աղոթքներով հիշատակում է Քրիստոսի խաչելության Փրկչագործ խորհուրդը՝ իր կյանքի ուղին առաջնորդելով դեպի արդարության և սիրո ճանապարհ:
2019թ. սեպտեմբերի 15-ը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու հավատացյալների համար յուրահատուկ օր էր: Տոնին զուգահեռ տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացուն ընծայված նորակառույց մատուռի բացումն ու պատկերների օծումը: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ առաջնորդ՝ Արհի. Ռաֆայէլ Արք. Մինասեանի հրամանով օրվա Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց համանուն եկեղեցու ժողովրդապետ՝ Հոգշն. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը, առընթերականությամբ ՝ Հոգշն. Նարեկ Վրդ. Մնոյանի եւ Հոգշն. Գևորգ Վրդ. Սարգսյանի, մասնակցությամբ Գերհ. Հ. Գառնիկ Ծ.Վրդ. Հովսեփյանի: Խորանի սպասավորությունը կատարեցին Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հոգևոր Ճեմարանի ժառանգավորները, մասնակցությամբ՝ երաժիշտ Պրն. Արամ Կապաղջուրյանի և երգչախմբի ու դպրաց դասի անդամների:
Պատարագիչ հայր սուրբը փոխանցեց օրվա խորհուրդը: Նա հավատացյալի կյանքում կարևորեց սուրբ Խաչի դրոշմած հաղթական իմաստը, որի շնորհիվ կկարողանանք հասնել փրկության և արժանի կդառնանք երկնավոր օթևանին: Նա հուզմունքով անդրադարձավ հայի ուսերին հայտնված տարբեր փորձություններին ու դժվարություններին, սակայն կոչ ուղղելով հավատացյալներին՝ նրանց խրախուսեց պաշտպանվել Սուրբ Խաչի զորությամբ: Ապա շնորհակալական խոսքեր բարձրացրեց յուրաքանչյուր անձի, հավատացյալի համար, որոնք իրենց ներդրումը ունեցան մատուռի շինարարական աշխատանքներում ու բացման հանդիսությունը հասցրեցին իր հաջող ավարտին:
Սուրբ Պատարագի ավարտին, խորանի դիմաց տեղի ունեցաւ Մատաղի օրհնությունը, ապա թափորը ընթացավ դեպի մատուռ, որտեղ Գերյ. Հ. Գառնիկ Ծ.Վրդ. Յովսէփեանը կատարեց մատռան դռան օրհնությունն ու օծումը: Բացման ժապավենը հատեց հավատացյալների մի խումբ: Ապա, քահանայից դասը մատուռ մուտք գործելով օծեցին տեղադրված սրբապատկերները: Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեանը օրհնեց և օծեց կենտրոնում տեղադրված Սուրբ Գրիգոր Նարեկացու պատկերը, Հ. Նարեկ Վրդ. Մնոյեանը՝ աջին տեղադրված Զմմառի Ցավագին Տիրամոր պատկերը, իսկ Հ. Գևորգ Սարգսյանը՝ ձախ կողմի Սրբուհի Ռիտայի պատկերը: Հաջորդեց սրտաբուխ շնորհակալական խոսք, ապա «Պահպանիչ» աղոթքն ու Հիսուսի խաչափայտի մասունքով վերջին օրհնությունը:
Ավարտին, ներկա հավատացյալների հոծ բազմությունը իր շնորհավորանքները փոխանցեց ժողովրդապետ հայր սուրբին, հոգևոր դասին ու ստացավ մասունքի օրհնությունն ու մատաղը:
Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեան
Ժողովրդապետ՝ Երևանի Ս. Գրիգոր Նարեկացի Հ.Կ. Եկեղեցու
Տեսուչ՝ Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հոգևոր Ճեմարանի
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը