• «Վրեժխնդրության օրենքով ապրող ազգն ապագա չունի»

    «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին»


    2019թ. սեպտեմբերի 6-ին՝ Մոզամբիկ կատարած իր առաքելական այցի ընթացքում, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Զիմպետո մարզադաշտում մատուցեց Սուրբ Պատարագ՝ «ազգերի զարգացման համար»: Քարոզի հիմքում Տեր Հիսուս Քրիստոսի կոչն էր՝ սիրել թշնամիներին:

     

    «Ձեզ բոլորիդ ասում եմ սիրեցե՛ք ձեր թշնամիներին»,-այս խոսքերը Ղուկասի Ավետարանից ուղղված է մեզ բոլորիս: Խոսքը գնում է մի այնպիսի «նեղ ճանապարհի» մասին, որը առաքինություններ է պահանջում: Հիսուսն իրականությունն անտեսող իդեալիստ չէ: Նա խոսում է կոնկրետ ու իրական թշնամու մասին, որին նկարագրեց նախորդ Երանիների մեջ. նա ով մեզ ատում է, ոչնչացնում է, նեղացնում է, ով արհամարհում է մեր անունը, որպես անպատիվ և ոչ ազնիվ», – ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Հիսուս մեզ չի հրավիրում վերացական կամ տեսական սիրո: Նա մեզ առաջարկում է մի ճանապարհ, որով հենց Ինքն է անցել՝ սիրելով նրանց, ովքեր Իրեն դավաճանեցին, անհիմն մեղադրեցին ու մահվան դատապարտեցին:

     

    «Դժվար է խոսել հաշտության մասին, երբ դեռ չեն ամոքվել վերքերը, որոնք առաջացել են տարիներ ձգվող տարաձայնությունների պատճառով: Սակայն Հիսուս մեզ կոչ է անում սիրել ու բարիք գործել, իսկ դա նշանակում է ավելին, քան անտեսել մեզ վիրավորած մարդուն: Հիսուս խնդրում է աղոթել նրանց համար և օրհնել՝ դեպի խաղաղություն տանող նոր հարաբերություններ ստեղծելու համար»:

     

    Ֆրանցիսկոս Պապը նշեց, որ Հիսուսի խոսքերը պետք չէ դիտարկել, որպես «համառ մազոխիզմ»: Աստված ցանկանում է վերջ դնել մի սովորության, որը տարածված է եղել ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որն է՝ «լինել քրիստոնյաներ, սակայն ապրել վրեժխնդրության օրենքով»:

     

    «Անհնար է խոսել ապագայի մասին, արարել ազգ ու հասարակություն, որը հիմնված է բռնության «արդարացիության» վրա: Չի կարելի հետևել Հիսուսին՝ առաջ տանելով «աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ» սկզբունքը: Ոչ մի ընտանիք, ոչ մի ազգություն և առավել ևս ոչ մի երկիր չունի ապագա, եթե նրանց միավորում է բռնությունն ու ատելությունը: Չի կարելի լինել միասնական ու համերաշխ՝ հանուն վրեժխնդրության»:

     

    Այս ամենը «անհույս պարույր է», որի դիմաց Հիսուս առաջարկում է բոլորին հասանելի ոսկե կանոնը. «Եվ ինչպես կամենում եք, որ անեն ձեզ մարդիկ, այնպես և դուք արե՛ք նրանց»: (Ղուկաս 6:31)

     

    «Այսպես վարվում են ուժեղ մարդիկ, ովքեր հասկացել են, որ կարիք չկա ցուցաբերելու դաժանություն, զրպարտելու ու ճնշելու՝ սեփական անձի կարևորությունը զգալու համար»:

     

    «Հիսուս մեզ խրախուսում է լինել այլ կենսակերպի հերոսներ, Աստծո Թագավորության կենսակերպի հերոսներ. հիմա և այստեղ լինել խաղաղության և համերաշխության, հույսի և ուրախության սերմեր»:

     

    «Սուրբ Հոգին մեզ ուժ է տալիս, որպեսզի մենք ուշադիր լինենք օտար մարդու նկատմամբ, նրան ընդունենք ու գնահատենք որպես եղբայր՝ այն աստիճան, որ նրա կյանքն ու ցավը ընկալենք ինչպես մերը: Սա ամենալավ չափանիշն է մերկացնելու ցանկացած տեսակի գաղափարախոսություն, որը ձգտում է շահագործել աղքատներին և օգտագործել յուրաքանչյուր անարդարություն՝ քաղաքական կամ անձնական շահերին հագուրդ տալու համար»:

     

    Քարոզչության ավարտին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ասաց, որ առաջին ընթերցանության ժամանակ Սուրբ Պողոս առաքյալը կիրառում է բայ մարզական բառապաշարից. «Եվ Քրիստոսի խաղաղությունը լինի հաշտարար (արբիտր)՝ ձեր սրտերում»: (Կող. 3:15)

     

    «Եթե Հիսուս լինի հաշտարարը մեր սրտերում տեղի ունեցող հակասությունների և երկրի առջև ծառածաց դժվար որոշումների միջև, ապա Մոզամբիկին երաշխավորված է հույսով լի ապագան: Այդ ժամանակ ձեր երկիրը երախտագիտությամբ կսկսի Աստծուն երգել սաղմոսներ ու հոգևոր երգեր»,- ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Vatican News կայքի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց