Սուրբ Կույս, բարեխոսի՛ր մեզ համար
2019թ. սեպտեմբերի 8-ին Բավրա գյուղի հայ կաթողիկէ երիտասարդներն ու պատանիները մի խորհրդավոր թափոր նվիրեցին Աստվածամոր ծննդյան տոնին՝ առաջնորդությամբ Տ. Հովսեփ քահանա Գալստյանի: Թափորը մեկնարկեց Սուրբ Նշան հայ կաթողիկէ եկեղեցու բակից: Մասնակիցները, Աստվածամոր արձանիկը վերցնելով, աղոթելով Սուրբ Վարդարանը ու երգելով Սուրբ Կույսին նվիրված երգեր, շարականներ, շրջեցին գյուղի փողոցներով՝ բնակիչներին, իրենց հարազատներին, տարեկիցներին ևս կոչ անելով մասնակցել թափորին: Նրանք Աստվածածնից խնդրում էին աղոթել իրենց գյուղի համար, որ մարդկաց սրտերը ջերմանան Աստծո հանդեպ առավել մեծ սիրով և աղոթական ջերմեռանդությամբ: Երիտասարդները քահանայի հետ միասին այցելում էին նաև բնակիչների տները՝ հրավիրելու թափորից հետո մատուցվելիք Սուրբ Պատարագին, որն այս անգամ առանձնակի կարևորություն ուներ. Աստվածամոր ծննդյան տոնն էր: Տ. Հովսեփը նաև Աստվածամոր արձանիկով օրհհնում էր նրանց տներն ու ընտանիքները և ասում էր. «Աստվածամայրն ինքն է եկել և հրավիրում է ձեզ իր ծննդյան տոնին: Մենք մենակ չենք և հրավիրողը մենք չենք, այլ՝ Աստվածամայրը, ուստի մի՛ մերժեք Տիրամոր խնդրանքը և եկե՛ք Սուրբ Պատարագին»: Երիտասարդների ջանքերը, իհարկե ապարդյուն չանցան, քանզի այդ օրը Սուրբ Պատարագի մասնակիցների թիվը զգալիորեն գերազանցում էր նախորդ կիրակիներին:
Սուրբ Պատարագի ժամանակ Տեր Հովսեր Քահանան մանրամասն ներկայացրեց նաև տոնի խորհուրդն ու նշանակությունը, մասնակիցների համար այն ավելի ընկալելի դարձնելու համար: Իր քարոզում նա մասնավորապես նշեց, որ Աստվածամայրը եկեղեցական կյանքում շատ մեծ նշանակություն ունի, քանզի նրա շնորհիվ է, որ փրկությունը հնարավոր եղավ մահկանացուների համար, և մենք պարտավոր ենք ամեն անգամ «նոր լույսի ներքո» մտածել այս ճշմարտության վերաբերյալ, ամեն անգամ մեկ քայլ առաջ կատարել մեր հավատքի և սրբության ճանապարհին: Խոսելով Աստվածամոր՝ Եղիսաբեթին այցի մասին, քահանան նշեց, որ Եղիսաբեթը լսելով Աստվածամոր ողջույնը՝ լցվեց Սուրբ հոգով, քանզի մանուկը նրա ողջույնի ձայնից խաղաց իր որովայնում, ինչպես կարդում ենք Ղուկասի ավետարանում: Եղիսաբեթը, որը ևս հղի էր և սպասում էր Սուրբ Հովհաննես Մկրտչին, ասաց, «որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ տիրոջ մայրը ինձ մոտ գա»: Նույնկերպ նաև մեզանից յուրաքանչյուրս, երբ աղոթում ենք Աստվածամորը, նույնիսկ ամենապարզ բառերով, նա միշտ լսում է մեր խնդրանքը և միշտ մեր կողքին է, մեզ առաջնորդում է մեր կյանքի դժվարությունների մեջ, և մենք հնարավորություն ունենք լցվելու Սուրբ հոգով, ինչպես Եղիսաբեթը, և վայելելու Աստվածամոր ներկայությունը մեր կյանքւմ և մեր խնդրանքները նրա միջոցով փոխանցելու առ Աստված: «Բայց եկե՛ք ինքներս մեզ հարցնենք. արդյո՞ք մենք Եղիսաբեթի նման ուրախանում ենք՝ զգալով Աստվածամոր ներկայությունը մեր կյանքում, կամ արդյո՞ք մենք փափագում ենք վայելել Սուրբ Կույսի ներկայության բերկրանքը, Եղիսաբեթի երջանկությունը, Եղիսաբեթի, որ առաջացած տարիքում էր և հղիացավ Հովհաննես Մրտիչով, որովհետև Աստծո համար անհնարին բան չկա: Եղիսաբեթի բերկրանքն իր լրումին հասավ Աստվածամոր ներկայությամբ, որ իր համար առիթ եղավ՝ լցվելու աստվածային շնորհներով, աստվածային կյանքի ներկայությամբ: Արդյո՞ք մենք հասկանում ենք, թե ինչպիսի հնարավորություն և սրբության հեռանկար է մեզ համար բացվում՝ Աստվածամոր ներկայությամբ՝ մեր անհատական, ընտանեկան և եկեղեցական կյանքում»,-ասաց Տ. Հովսեփը:
Վերջում քահանան ևս մեկ անգամ ներկաներին հորդորեց մասնակցել Սուրբ Պատարագին, պատրաստակամություն հայտնեց երիտասարդների հետ շարունակելու թափորներ կազմակերպելը՝ մարդկանց եկեղեցի հրավիրելու դիտավորությամբ, բայց միևնույն ժամանակ նկատեց, որ այդ ամենը հնարավոր չի լինի առանց նրանց ցանկության. «Դուք ևս պետք է ընդառաջ գաք մեր հրավերին ու խնդրանքներին և կանոնավոր կերպով գաք եկեղեցի, որպեսզի մենք զգանք որ դուք մեր կողքին եք, այնպես, ինչպես և մենք ենք Ձեր կողքին»,-եզրափակեց հոգևոր հովիվը:
Նիկոլ Մարգարյան
Բավրայի կաթողիկէ երիտասարդական միության մամլո քարտուղար