• Սրբազան Քահանայապետը՝ խոնարհության մասին

    «Դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքը քրիստոնեական չէ


     

    2019թ. սեպտեմբերի 1-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր խորհրդածության մեջ ասաց.

     

    «Դու՝ ինձ, ես՝ քեզ սկզբունքով հաղորդակցությունը խեղաթյուրում է մարդկանց միջև կապը, այն վերածում է գործարքի, մարդկային հարաբերություններում առաջացնում է անձնական շահադիտական հետաքրքրություն, մինչդեռ մարդկային հարաբերությունները պետք է լինեն անկեղծ և անշահախնդիր»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ օրվա ավետարանական ընթերցանության հատվածը մեզ ներկայացնում է Հիսուսին, ով մասնակցում է ճաշի՝ փարիսեցիների իշխանավորներից մեկի տանը: Հետևելով հրավիրվածներին՝ Հիսուսը նկատում է, որ հյուրերը շտապում են զբաղեցնել առաջին տեղերը:

     

    «Նման վարքագիծը շատ տարածված է նաև մեր օրերում, ընդ որում, ոչ միայն ճաշի հրավերքի հետ կապված: Առաջին տեղը գրավելու ձգտումը թելադրված է մյուսների նկատմամբ որոշակի երևայական գերակայություն հաստատելու ցանկությամբ: Առաջին տեղերի համար մղվող այս պայքարը  վնասում է և՛ քաղաքացիական և՛ եկեղեցական համայնքներին, քանի որ կործանում է եղբայրական հարաբերությունները: Մենք բոլորս ճանաչում ենք նման փառասեր մարդկանց, ովքեր ամեն ինչ անում են՝ առավել բարձր դիրք գրավելու համար: Նրանք կործանում են եղբայրությունը:

     

    Հիսուսը հյուրերին պատմում է երկու կարճ առակ: Առաջին առակը ուղղված է ճաշի հրավիրվածներին, որը նրանց կոչ է անում չնստել լավագույն տեղերը, որպեսզի այն դեպքում, եթե նրանցից առավել պատվական մեկը հրավիրված լինի՝ ստիպված չլինեն ամոթով զիջել իրենց տեղերը: Դրա համար էլ Հիսուսը սովորեցնում է նստել վերջին տեղը, որպեսզի տանտերը հրավիրի նստելու ավելի բարձր տեղ:

     

    «Այսպիսով, մենք չպետք է փնտրենք ուշադրություն շրջապատի կողմից: Այլ բան է, երբ շրջապատը ինքն է հարկ համարում տալ քեզ այդ ուշադրությունը: Հիսուս մեզ միշտ ցույց է տալիս խոնարհության ուղին, քանի որ դա՛ է միակ ճիշտ ճանապարհը իրական հարաբերություններ ունենալու համար: Եվ խոսքը անկեղծ խոնարհության մասին է և ոչ թե՝ կեղծ…»:

     

    Երկրորդ առակը ուղղված է տան տիրոջը: Հիսուս ասում է.

    «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ոչ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ, երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին, և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն»:

    Հիսուս այստեղ ևս գնում է հոսանքին հակառակ, ինչպես միշտ, ցուցաբերելով Երկնային Հոր տրամաբանությունը: Նա բացատրում է Իր խոսքը, որ եթե դու ունենաս անկեղծ հարաբերություններ, ապա «դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը»:

     

    Սա նշանակում է, որ նրանք, ովքեր կդրսևորեն նման ճիշտ պահվածք և վարքագիծ, կստանան աստվածային պարգև, որը ավելին է, քան այն սկզբունքը, որը գոյոթյուն ունի մարդկանց միջև- քո մատուցած ծառայության դիմաց ես ևս ծառայություն կմատուցեմ քեզ: Դա քրիստոնեական չէ.- ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը:

     

    «Քրիստոնեական առատաձեռնությունը անկեղծ է: Մինչդեռ «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքով հաղորդակցությունը խեղաթյուրում է մարդկանց միջև կապը՝ վերածելով գործարքի, առաջացնում է անձնական հետաքրքրություն հարաբերություններում, որոնք պետք է լինեն անկեղծ և անշահախնդիր: Հիսուս մեզ անշահախնդիր առատաձեռնության կոչ է անում»:

     

    Թող Սուրբ Կույս Մարիամը, որ «բոլորից առավել խոնարհ ու բարձր է», օգնի մեզ գիտակցել այդ ամենը և  ճիշտ դրսևորվել, նվիրել ուրախությամբ առանց որևէ ակնկալիքի:

     

    Ռադիո Վատիկանի ռուսերեն բաժնի հրապարակումը թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց