• Հայկական Կարիտասը կազմակերպեց երկու ամառային դպրոց «Աղաջանեան կենտրոնում»

    «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:»


    Եւրոպական միութեան կողմից ֆինանսաւորուող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս»-ը  կազմակերպել է  8 օր տեւողութեամբ 2 ամառային դպրոց` «Մասնագիտական կողմնորոշում» եւ «Սոցիալական ներառում եւ ինտեգրում» թէմաների շուրջ: Ամառային դպրոցները կազմակերպուել են  Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Աղաջանեան» կենտրոնում, 2019թ. Յուլիսի 27-ից օգոստոսի 3-ը:

     

    Ամառային դպրոցներին մասնակցել են սիրիահայ եւ տեղացի երիտասարդներ:

    Մասնագիտական կողմնորոշման Ամառային դպրոցի շրջանակում դասընթացավարները ինտերակտիւ խաղերի եւ գործողութիւնների միջոցով օգնում են 15-18 տարեկան մասնակիցներին բացայայտել, թէ ինչ են իրենք սիրում, ինչ են կարողանում, ինչ է առաջարկում աշխատաշուկան, եւ ինչ է ակնկալում հասարակութիւնը:

     

    Օրակարգում ընդգրկուած էին ինքնաճանաչման, աշխատաշուկայի պահանջների եւ մասնագիտութեան ընտրութեան, ֆինանսական գրագիտութեան վերաբերեալ ոչ ֆորմալ կրթութեան վարժութիւններ, խաղեր եւ այլ ինտերակտիւ մեթոդներ։

     

    Սոցիալական ներառման եւ ինտեգրման ամառային դպրոցը հնարավորութիւն ընձեռեց 19-25 տարեկան մասնակիցներին՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ մարդու իրաւունքների, խոցելի խմբերի ներառման, մշակութային առանձնայատկութիւնների եւ ընդհանրութիւնների մասին: Ամառային դպրոցի շրջանակներում ուսուցումը իրականացւում էր ոչ ֆորմալ կրթութեան՝ դերային եւ քարտային խաղերի, յատուկ վարժությունների, ինտերակտիւ քննարկումների, ֆորում թատրոնի միջոցով:

     

    Բացի կրթական հատուածը, ամառային դպրոցների մասնակիցների համար կազմակերպուեց է նաեւ ակտիւ հանգիստ` նշեցին Վարդավառը, այցելեցին «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամութիւն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոն եւ «Արեգակ» փուռ-սրճարան, շփուեցին կենտրոնի սաների հետ, շրջեցին Գիւմրիում, այցելեցին Տեխնոպարկ եւ Գիւմրու ժողովրդական ճարտարապետութեան եւ ժամանակակից կենցաղի թանգարան, միասին լաւ ժամանակ անցկացրեցին:

     

    Սոցիալական ներառման եւ ինտեգրման ամառային դպրոցի մասնակիցները Յուլիսի 31-ին հոհեգշահ եւ հետաքրքիր հանդիպում են ունեցան Հայկական Կարիտասի Ընդհանուր Նախագահ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպիսկոպոս Մինասեանի հետ, զրուցեցին համամարդկային արժեքների եւ համընդհանուր խնդիրների, մարդկային յարաբերութիւնների եւ ապագայի շուրջ:

     

    Տեղեկատւութիւնը տրամադրեց Հայկական Կարիտասի «Միգրացիա եւ ինտեգրում» ծրագրի ղեկավար Լուսինէ Ստեփանեանը 

Օրացույց

Օրացույց