«Բոլոր երիտասարդները Աստծո սրտի մեջ են, հետևաբար՝ Եկեղեցու սրտում են»
Սիրելի՛ երիտասարդներ,
Ուզում եմ ևս մեկ անգամ իմ ուրախությունն ու գոհունակությունն արտահայտել բոլորիս ընձեռված այս հնարավորության համար և հույս հայտնել, որ ձեզ հետ միասին իսկապես կվայելեք այս օրերը:
Եկե՛ք այս ճանապարհն անցնենք հավերժ երիտասարդ Հիսուսի ուղեկցությամբ և թո՛ղ որ յուրաքանչյուր երիտասարդի ականջներում հնչի Հորդանանում մկրտության ժամանակ Հիսուսին ուղղված Տիրոջ խոսքերը. «Դո՛ւ ես իմ սիրելի որդին»: Այո՛, հիրավի՛, ձեզանից յուրաքանչյուրը որդին է Աստծո: Հիշե՛ք, որ դուք սոսկ Եկեղեցու ապագան չեք, այլ՝ ներկան, և այսպիսով, պետք է պատասխանատվություն ստանձնեք ինչպես Եկեղեցու ներսում, այնպես էլ հասարակության մեջ, քանզի ձեր մեջ կրում եք աստվածային կյանքի սերմերը:
Դո՛ւք՝ երիտասարդներդ, հոգևոր կյանքի մեջ պետք է պատրաստ լինեք ձեռք մեկնելու ու դեպի Եկեղեցի հրավիրելու բոլոր նրանց, ովքեր Եկեղեցուց դուրս են: Իսկ նրանք, ովքեր արդեն իսկ գտնվում են Եկեղեցու ներսում պետք է ավելի խորապես ապրեն սերը քրիստոնեական կյանքի մեջ և էլ ավելի խորանան քրիստոնեական վարդապետության ու բարոյախոսության մեջ:
Ամենակարևոր բանը, որ պետք է միշտ մեր աչքի առջև լինի, դա այն է, որ բոլոր երիտասարդները Աստծո սրտի մեջ են, հետևաբար՝ Եկեղեցու սրտում են:
Եկեղեցին չի կարող անտարբեր լինել երիտասարդների խնդիրների նկատմամբ: Որպես մայր՝ նա պետք է աջակցի այս խնդիրների լուծմանը՝ իր ողորմածությամբ և կարեկցանքով: Ուստի, սիրելի՛ երիտասարդներ, կոչ ենք անում ձեզ նորոգվելու այն հույսով, որ Հիսուսն է մեզ տալիս և փորձել դիմակայել արդի մարտահրավերներին որպես մեկ միասնական ուժ և չմոռանալ, որ մարդիկ ամբողջություն են, և որ միասնության մեջ ենք մենք տակավին հզոր:
Տերն ուղարկեց իր Որդուն՝ հիմնելու Իր Եկեղեցին, որպես ողջ մարդկության միասնության խորհուրդ:
Մեր ինքնությունը մեր պատկանելությունն է: Երբ ասում ենք «Ես քրիստոնյա եմ», նշանակում է «Ես պատկանում եմ Եկեղեցուն: Ես պատկանում եմ այն Ժողովրդին, ում հետ Աստված վաղեմի դաշինք է հաստատել և որին միշտ հավատարիմ է:
Մեզանից յուրաքանչյուրը կոչված է լինելու այս «մեծ ընտանիքի», այսինքն՝ Աստծո ժողովրդի մի մասնիկը: Եկե՛ք մեր երախտագիտությունը հայտնենք մեր մեծերին, ծնողներին, քահանաներին, հոգեւորականներին եւ ուսուցիչներին, ովքեր բերում են մեզ դեպի Եկեղեցի:
Եկեղեցին այն մեծ ընտանիքն է, որն իր հարկի տակ հյուրընկալում է մեզ եւ սովորեցնում ապրել որպես Տիրոջ հավատացյալներ եւ հետեւորդներ:
Եկեղեցու մեջ այս ճանապարհն անցնելը միշտ չէ որ դյուրին է, քանի որ երբեմն մենք բախվում ենք մարդկային թուլություններին ու թերություններին եւ նույնիսկ՝ Եկեղեցու կյանքում հանդիպող սկանդալներին:
Ձեզանից յուրաքանչյուրը կոչված է լինելու Քրիստոսի լույսը, որը կլուսավորի աշխարհի խավարը:
Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան
Նախագահ հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի