Դէպի ապագայ, նոր հորիզոններ…
Յուլիսի 14-16-ը Աղաջանեան կենտրոնում տեղի ունեցաւ եռօրեայ կրթութիւն՝ ճեմարանականների համար եւ դասընթաց՝ Սուրբ Խորանի սպասաւորների համար՝ Սրբոց հրեշտակապետաց միացեալ հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգշ. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեանի եւ Փանիկի ժողովրդապետ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի առաջնորդութեամբ: Մասնակցում էին նաեւ Հռոմի Լեւոնեան վարժարանի սաները: Այս միասնական ձեռնարկի նպատակը ճեմարանականներին իրենց կոչման, հոգեւոր կեանքի մասին խորհրդածելու հնարաւորութիւն ընձեռելն էր, իսկ Խորանի սպասաւորներին՝ դպիրների ծառայութեան, երգեցողութեան հմտութիւնները զարգացնելու հնարաւորութիւն ընձեռելը:
Եռօրեայ հոգեւոր կրթութիւնը ճեմարանականները սկսեցին Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում Հոգշ. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեանի ձեռամբ մատուցուած Սուրբ Պատարագով:
Սուրբ Պատարագից յետոյ ճեմարանականները ժամանեցին Աղաջանեան կենտրոն, որտեղ նրանց միացան Խորանի սպասաւորները տարբեր համայնքներից: Ճեմարանականների եւ սպասաւորների հետ քահանայական կոչման եւ հոգեւոր ծառայութեան մասին զրուցեց Աղաջանեան կենտրոնի տնօրեն Տ. Գրիգոր Ավ. Քհնյ. Մկրտչեանը, որից յետոյ միասնաբար աղօթեցին երեկոյեան ժամերգութիւն: Ընթրիքից յետոյ Խորանի սպասաւորները դիտեցին ֆիլմ, իսկ ճեմարանականների հետ 2018-2019թթ. ուսումնական տարեշրջանի արժեւորում արեց տեսուչ Հ. Մաշտոցը, ապա պատրաստուեցին Երանելի Իգնատիոս Մալոյեանին նուիրուած հանդիսութեանը:
Երկրորդ օրը բոլորը միասին սկսեցին Սուրբ Պատարագով, ապա կատարուեց երգեցողութեան դաս, որից յետոյ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը խոսեց Խորանի սպասաւորութեան մասին, տուեց անհրաժեշտ բացատրութիւններ, թէ ինչպէս պէտք է պատշաճ կերպով կատարել ծառայութիւնը Սուրբ Պատարագի ժամանակ: Ճաշից յետոյ Հ. Գառնիկը ճեմարանականների հետ զրուցեց ճեմարանականների եւ հոգեւորականների միասնական կեանքի կանոնների մասին: Հանգստից եւ խաղերից յետոյ երեկոյեան կատարուեց Վարդարանի աղօթք եւ Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւն, ապա կազմակերպուեց «Աւետարանական երեկոյ»՝ խորհրդածութիւն աւետարանական հատուածների շուրջ, իսկ սպասաւորները ֆիլմ դիտեցին:
Երրորդ օրը դարձեալ սկսուեց Սուրբ Պատարագով, որից յետոյ Տ. Գրիգոր Ավ. Քհնյ. Մկրտչեանը ճեմարանականների հետ զրուցեց «Դէպի ապագայ, նոր հորիզոններ» թէմայով: Զրոյցից յետոյ աղօթեցին ժամերգութիւն եւ այդպիսով աւարտեցին եռօրեայ հոգեւոր կրթութիւնը:
Տ. Յովսէփ Գալստեան