• Մոսկուայում տօնեցին Սբ. Գրիգոր Լուսաւորչի ժողովրդապետութեան տօնը

    Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ, բարեխօսեա՛ վասն մեր


    2019թ. յուլիսի 7-ին Մոսկուայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ ժողովրդապետութեան տօնն էր՝ ի նշանաւորումն Լուսաւորիչի մասունքների՝ համայնքին նուիրաբերման, որը տեղի ունեցաւ 2016-ին: Տօնի առթիւ Ամենասուրբ Կոյս Մարիամի Անարատ Յղութեան Կաթողիկէ Մայր Տաճարում հանդիսաւորապէս մատուցուեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Մոսկուայի հայ կաթողիկէների ժողովրդապետ, Ռուսաստանի հայ կաթողիկէների Առաջորդական Փոխանորդ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանի եւ համապատարագութեամբ Մոսկուայի բիւզանդածէս կաթողիկէների Սուրբ Նիկողայոս համայնքի ժողովրդապետ Վասիլի Վայդայի, Opus Dei համայնքի ներկայացուցիչ Հ. Կառլոսի, Բարի Հույսի Աստուածամօր համայնքի ժողովրդապետ Հ. Մայքլ Ռայանի եւ Մոսկուայի հայ կաթողիկէների փոխժողովրդապետ Հ. Յովհաննէս Վրդ. Մելիքեանի:

     

    Սուրբ Պատարագից յետոյ ներկաները հրաուիրուեցին դիտելու հայ կաթողիկէ համայնքի երեխաների միջոցառումը, որից յետոյ շնորհաւորական խօսքով հայ համայնքին դիմեց Մոսկուայի լատինածէս կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Հ. Կիրիլ Գարբունովը:

     

    Սբ. Գրիգոր Լուսաւորչի մասունքը Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանի խնդրանքով Մոսկուայի ժողովրդապետութիւն է բերուել Նեապոլից, տեղի կարդինալ Կրեշենցիո Սեպպէյի նուիրատւութեամբ, 2016թ. յունիսի 12-ին: Ինչպէս յայտնի է, Սուրբ Գրիգոր Լուսաւորչի աջը միշտ գտնուել է Հայաստանում, իսկ գանգը եւ մարմնի մասունքները դեռեւս 5-րդ դարում Զենոն կայսեր հրամանով տեղափոխուել են Բիւզանդիա, ապա 8-րդ դարում հայ միանձնուհիների ձեռքով տեղափոխուել Իտալիայի Նեապոլ քաղաքը եւ պահուել Սբ. Գրիգոր Լուսաւորչին նուիրուած եկեղեցում եւ այնտեղ են մինչեւ այսօր:

     

Օրացույց

Օրացույց