«Այս բոլորը կ’աշխատինք ծառայեցնել Մարդ անհատի արժէքին…»
«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում իրականացվել է հետազոտություն ՀՀ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում: Հետազոտությունն իրականացրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոն»-ը:
Ներառական կրթության որակի, համապատասխան մանկավարժական պայմանների ուսումնասիրության և տարածքային մանկավարժա-հոգեբանական կենտրոնների գործունեության մարտահրավերների վերհանման նպատակով իրականացված հետազոտության արդյունքներն ու համապատասխան առաջարկները 2019թ. մայիսի 14-ին ներկայացվեցին հանրությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, համապատասխան ոլորտային մասնագետներ:
Ներկաներին նախ ողջունեց Սրբոց Հրեշտակապետաց միացյալ հոգևոր ճեմաչանի տեսուչ Հոգշն. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը՝ Հայկական Կարիտասի Ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի անունից և ասաց.
«Այսօր հաւաքուած ենք այս դահլիճէն ներս՝ մասնակցելու եւ իրազէկ դառնալու «դպրոցներում եւ մանկավարժահոգեբանական աջակցութեան կենդրոններում ներառական կրթութեան որակի գնահատման, առկա խնդիրների վերհանման հետազոտութիւն» թեմայով գիտահետազոտական աշխատանքի ներկայացմանը: Անիկա Եկեղեցւոյ եւ անոր հովանու ներքոյ գործող բարեսիրական կառոյցներուն համար նորութիւն մը չէ, այլ հիմնական հարց՝ հասարակութեան մէջ ներգրաւելու համար իւրաքանչիւր անհատ: Ուստի, մենք՝ որպէս Եկեղեցի մեր առաքելութեան մէջ յաճախ կը փորձենք անկարողութիւնը վերածել արդիւնաբերական աշխատանքի: Այսպէս, մեր առաքելութեան մէջ, տարբեր հասարակութիւններու մէջ կը փորձենք ստեղծել առողջ միջավայր մը՝ օգտուելով գիտութեան մեզի ընձեռած արդիական ու ճարտարարուեստական միջոցներէն:
Այս բոլորը կ’աշխատինք ծառայեցնել Մարդ անհատի արժէքին, որ ստեղծուած է Աստուծոյ ձեռքերով, Անոր պատկերով եւ նմանութեամբ, ու դարձած ստեղծագործութեան ամէնանշանակալի եւ թանկ իրականութիւնը:
Այսօր, մենք՝ բոլորովին համոզուած ենք ու կը հաւատանք, որ կարիքաւորը տկար չէ երբեք, այլ՝ աննկուն կամքի տէր անհատ մըն է, որ կը ցանկայ, որ մենք նեցուկ կանգնենք իրեն, որպէսզի դառնայ հասարակութեան մէկ կարեւոր բաղադրիչ:
Այս գաղափարներու հիման վրայ, կը շնորհաւորենք գիտահետազոտական այս աշխատանքը կազմակերպողներուն եւ իրագործողներուն՝ մաղթելով, որ անոր մէջ տեղ գտած բարեբեր առաջադրանքները ի գործ դրուին՝ մեր հասարակութիւնը առաւել զարգացնելու եւ որակեալ կրթութիւն ապահովելու բոլորին համար»:
Ծրագրի ղեկավար Լիլյա Համբարձումյանը նշեց, որ հետազոտությաունն հիմնված է մասնակցային գնահատման մեթոդաբանության վրա, ինչը նշանակում է, որ ընտրանքը ծրագրի անմիջական շահառուների կողմից ներառում է համընդհանուր ներառական կրթության իրավիճակի ներկայացում և խնդիրների վերհանում, որոնք վերլուծվել են ՀՀ պետական, միջազգային և հասարակական կառուցների դիրքորոշումների և իրավական հիմքերի համատեքստում:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ողջունելով ներկաներին՝ կարևորեց կատարված մեծածավալ աշխատանքը: «Ներառականությունը երեխային զուտ հանրակրթական դպրոց ճանապարհելը չէ, այլ երեխայի՝ ապրելու և ստեղծագործելու հնարավորությունն իրեն վերադարձնելը: Մեր որդեգրած քաղաքականությունն է՝ առերեսվել մեր սեփական բացթողումներին և դրանք ուղղել: Իհարկե, այդ ճանապարհը բարդ է, երկարատև և խոչընդոտներով լի, սակայն համոզված եմ, որ հաջողելու ենք գործընկերային մթնոլորտում, քանի որ մեր օրակարգում բացառապես պետք է լինի երեխայի շահը: Այս հետազոտությունը մեզ համար կարևոր է, որովհետև դրա միջոցով կվերհանվեն խնդիրներ, որոնք մեզ կօգնեն շտկել բացթողումները և հաջորդ մարզերում համընդհանուր ներառականության անցումն իրականացնել առավել անցնցում, գրագետ և պրոֆեսիոնալ»,-նշեց Լուսինե Առաքելյանը:
Նախարարի տեղակալը նաւ տեղեկացրեց, որ այս տարի Երևանն անցնում է համընդհանուր ներառական կրթության, որը հնարավորինս անցնցում իրականացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և վերջինիս կից աշխատանքային խումբ: «Եթե ժամանակին բոլոր խնդիրները լուծվեին, գուցե այսօր Երևանում չլինեին այն բարդությունները, որոնց բախվում ենք: Սակայն մենք չենք ընկրկում և վստահ եմ, որ մեր ինքնաքննադատական քաղաքականությունը մեզ միշտ աչալուրջ կպահի, և ցանկացած խնդիր կկարողանանք լուծել»,-նշեց նախարարի տեղակալը:
Ծրագիրն իրականացվել է 2018-2019թթ. դեկտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ 3 թիրախային մարզերի ընտրանքային՝ 114 դպրոցներում և 11 տարածքային մանավարժահոգեբանական աջակցության կենտրոններում: Հետազոտական թիմը եղել է Տավուշի, Լոռու և Սյունիքի 12 քաղաքային և 71 գյուղական համայնքներում:
Աղբիւրը՝ Հայկական Կարիտասի ֆեյսբուքյան էջ