Պատասխանատվություն, հաշվետվողականություն և թափանցիկություն
«Անչափահասների պաշտպանությունը Եկեղեցում» թեմայով համագումարն եզրափակվեց Վատիկանում մամուլի ճեպազրույցով և երեխաներին պաշտպանելու ու բռնության դեմ պայքարելու հստակ հանձնառությունների և նախաձեռնությունների մասին հայտարարությամբ:
Համագումարի չորս օրերի ընթացքում տեղի ունեցան չորս մամլո ասուլիսներ, որոնցից յուրաքանչյուրն օրվա քննարկումների և վերլուծությունների համադրություն էր ներկայացնում՝ լրագրողներին հնարավորություն ընձեռելով մասնակիցների և բանախոսների հետ իրական հարց ու պատասխանի միջոցով հաղորդակցվելու:
Կիրակի օրը տեղի ունեցած եզրափակիչ մամլո ասուլիսի ժամանակ առանձնահատուկ կերպով ընդգծվեց անուղղակի (և ուղղակի) մի հարց՝ «Հիմա ի՞նչ»: Ակնկալիքները մեծ էին, հատկապես, երբ համագումարի մեկնարկին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից մասնակիցներին հանձնարարական տրվեց հանդես գալ «որոշակի» նախաձեռնությունների առաջարկներով, ինչը կօգնի Եկեղեցուն անչափահասների պաշտպանության հարցում:
Կոնկրետ նախաձեռնություններ
Հայր Ֆեդերիկո Լոմբարդին, որպես «Անչափահասների պաշտպանությունը Եկեղեցում» համագումարի համակարգող հայտնեց հետևյալ երեք նախաձեռնությունների մասին.
1.Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի կողմից Motu proprio (Սեփական նախաձեռնությամբ) փաստաթղթի առաջիկա հրապարակումը, որը կներկայացնի Վատիկան քաղաք-պետության սահմաններում անչափահասների և խոցելի չափահասների պաշտպանությանն ուղղված կարգը և կանոնադրությունը:
2.Ամբողջ աշխարհով մեկ եպիսկոպոսներին բաժանել կանոնագիրք (օրենքների ժողովածու), որում մեկնաբանվում են երեխաների պաշտպանության գործում նրանց իրավական և հովվական պարտականություններն ու պատասխանատվությունը:
3.Ստեղծել գործող «աշխատանքային խումբ», որի կազմում կլինեն գիտակ փորձագետներ, ովքեր կաջակցեն եպիսկոպոսների համաժողովներին, որոնք անհրաժեշտ միջոցների կամ փորձագիտական եզրակացությունների կարիք կարող են զգալ անչափահասների պաշտպանության հարցում և բռնության դեմ պայքարի գործում:
«Հիմա ի՞նչ» հարցին եղավ նաև չորրորդ պատասխանը՝ այն հանգամանքը, որ Կազմակերպչական կոմիտեն հանդիպումներ կունենա Վատիկանի կուրիայի բաժանմունքների ղեկավարների հետ հետագա գործողությունները քննարկելու և «Ո՞րն է հաջորդ քայլը» հարակից հարցի շուրջ մտորելու համար:
Կապը լրատվամիջոցների հետ
Վատիկանում կայացած «Անչափահասների պաշտպանությունը» թեմայով համագումարը վերջին օրերի ընթացքում լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից: Վատիկանի Հաղորդակցության վարչության ղեկավար Պաոլո Ռուֆֆինին իր երախտագիտությունը հայտնեց լրագրողներին` կատարած աշխատանքի համար: Նա ընդգծեց լրագրողի՝ որպես «ճշմարտություն փնտրողի և հաղորդողի» դերը: Նա խոսեց «առանց կանխակալ կարծիքի լսելու» անհրաժեշտության մասին, հաստատելով այն փաստը, թե ինչպես «կարող է խաթարվել հաղորդակցությունը, եթե յուրաքանչյուրը խոսի և ոչ ոք չլսի»: Մամլո ասուլիսի ժամանակ Ռուֆֆինին և կառավարման խորհրդի մյուս անդամները գովեստի արժանացրեցին մեքսիկացի լրագրող Վալենտինա Ալազրակիին շաբաթ օրվա համագումարի ընթացքում ցուցաբերած «խիզախ» մասնակցության համար, երբ եպիսկոպոսներին հարց ուղղեց թափանցիկության վերաբերյալ. «Կապը յուրաքանչյուրի հետ»:
Վալենտինա Ալազրակին ելույթ ունենալով մամլո ասուլիսի ժամանակ խրախուսեց այս խնդրի շուրջ «Եկեղեցու հետ միասին աշխատանք տանելը», միևնույն ժամանակ հորդորելով Եպիսկոպոսներին երբեք չասել «առանց մեկնաբանությունների» և վստահ լինել, որ լրատվամիջոցներին կտրամադրվեն «ժամանակին և հավաստի տեղեկատվություն»:
Վերջին տպավորությունները
Բոմբեյի Արքեպիսկոպոս Կարդինալ Օսվալդ Գրասիասն այն հարցմանն ի պատասխան, թե «Անչափահասների պաշտպանության» թեմայով համագումարի արդյունքում ինչ դասեր քաղեցին՝ պատասխանեց, որ այս համագումարը «տեղին, օգտակար և անհրաժեշտ» էր: Նա ասաց, որ ինքը և իր եղբայրակից եպիսկոպոսները փոխհամաձայնությամբ ու փոխըմբռնմամբ եկան այն համոզման, որ բռնություն կոչվող չարիքի դեմ պայքարը «Եկեղեցու համար առաջնահերթություն» է: Նա նաև բարձր գնահատեց կանանց ներգրավվածությունը հանդիպման ընթացքում և ընդգծեց նրանց «կանացի խորաթափանցության ու մոտեցումների» արժեքը:
Մալթայի Արքեպիսկոպոս Չարլզ Սիքլունան ներկայացրեց «այս չորս օրերի իր հիշողությունները»: Նա ասաց, որ ցնցված էր Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի եզրափակիչ ելույթից և նրա հատու խոսքից, որում ինչպես բռնությունը, այնպես էլ այն թաքցնելը բնորոշում էր որպես «հրեշավոր հանցանքներ»: «Հետդարձի ճանապարհ չկա», – ասաց Արքեպիսկոպոսը: Նա նաև նշեց, որ բռնություն վերապրած զոհերի ներկայությունը այս հանդիպման կենսական նշանակություն ունեցող գործոնն էր: «Մենք չենք կարող ականջալուր չլինել բռնություն վերապրածների ձայնին», – ավելացրեց նա: Արքեպիսկոպոս Սիքլունան ընդգծեց, որ «օրվա ավարտին էականը հոգում տեղի ունեցած փոփոխությունն է»: Մեզ անհրաժեշտ է հստակ շարժառիթ, ինչի համար պետք է լսենք տարբեր կարծիքներ, այդ թվում՝ այն կանանց, ովքեր այս Համագումարի օրերին «թարմ շունչ» էին հաղորդում:
Կազմակերպչական կոմիտեի անդամ և Քահանայապետական Գրեգորյան համալսարանի Երեխայի պաշտպանության կենտրոնի տնօրեն Հայր Հանս Զոլլները խոսեց որակական և քանակական թռիչքի մասին, որը շարունակվելու է հետագա տասը տարիների ընթացքում: «Փոխվել է վերաբերմունքը, փոխվել են մարդիկ, նրանք վճռական են տրամադրված, որպեսզի տուն վերադառնալուն պես այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկեն», – ասաց նա:
«Հենց այս պահին մենք պետք է կենտրոնանանք այն ամենի վրա, ինչ արեցինք այստեղ՝ Վատիկանում կայացած այս համագումարի ընթացքում, և վերացնենք խնդրի համակարգային արմատական պատճառները», – իր խոսքը եզրափակեց Հայր Զոլլները: Այս եռօրյա համագումարի համար ընտրված թեմաները՝ պատասխանատվություն, հաշվետվողականություն և թափանցիկություն, արտացոլում են ինչպես խնդիրը, այնպես էլ դրա լուծումը:
Vatican News կայքից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը