• Ինչու՞ ենք հոգնակի թվով աղոթում «Հայր մեր»-ը. Քահանայապետի բացատրությունը

    Աստծո հետ երկխոսության մեջ տեղ չկա անձնապաշտության համար


    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ընդհանուր ունկնդրության ժամանակ շարունակեց «Հայր Մեր»-ի վրա հիմնված իր քարոզը: Երբ ինչ-որ մեկն աղոթում է, ապա այդտեղ անձնապաշտություն կամ կեղծիք չկա, «քանզի Աստծո մոտ անկարելի է ձևացնելը»:

     

    Սրբեր թե մեղավորներ՝ «մենք բոլորս եղբայրներ ու քույրեր ենք, և նույն Հոր սիրելի զավակները»: Հայր, ով «ով իր արևը ծագեցնում է և բարիների և չարերի վրա ու միշտ բարի է բոլորի հանդեպ, ի տարբերություն մեզ, որ կարող ենք բարի լինել միայն նրանց նկատմամբ՝ ում սիրում ենք»: Նորին Սրբությունը շարունակում է Տերունական աղոթքի թեմայով քարոզների շարքը Պողոս VI Պապի անվան Ընդունելությունների սրահում անցկացվող ընդհանուր ունկնդրության ժամանակ: Նա մասնավորապես կանգ է առնում մի բարդ հայեցակետի վրա (բարդ՝ նույնիսկ նրանց համար, ովքեր հավատք ունեն), որը մեկնվում է համաձայն մարդկային տրամաբանության. դա Աստծո անվերապահ սերն է ցանկացած մարդու հանդեպ: Սեր, որը ոչ «միայն զգացմունքային, այլև կարեկից ու որոշակի է»: Այն ուղղված է բոլորին՝ նույնիսկ նրանց, ովքեր չեն փնտրում Աստծուն կամ ովքեր կարող են պիտակավորված լինել որպես «վատ» մարդիկ:

     

    «Կան տղամարդիկ և կանայք, ովքեր ամենայն հավանականությամբ չեն փնտրում Աստծուն, սակայն Հիսուսը հորդորում է մեզ աղոթել նրանց համար ևս, քանզի Տերը մյուսներից առավել փնտրում է հենց ա՛յս մարդկանց», – ընդգծում է Սրբազան Քահանայապետն իր քարոզում: «Հիսուս աշխարհ չեկավ առողջների, այլ՝ հիվանդների և մեղավորների համար, այսինքն՝ բոլորի, քանի որ նրանք, ովքեր կարծում են, թե առողջ են՝ իրականում այդպիսին չեն: Եթե մենք աշխատում ենք հանուն արդարության, ապա չպետք է ավելի լավ զգանք, քան ուրիշները, որովհետև Հայրն իր արևը ծագեցնում է և բարիների և չարերի վրա: Հայրը սիրում է բոլորին, և կյանքի արշալույսին սերը կլինի նրա չափանիշը»:

     

    Այնուհետև Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը բացատրում է, թե ինչպես «ավելի լավ սովորել աղոթել՝ հենց այնպես, ինչպես Հիսուսն է մեզ սովորեցրել: Ճշմարիտ աղոթքը ծածուկ՝ մտքում և սրտի խորքում արված, խորհրդավոր և միայն Աստծուն տեսանելի աղոթքն է…»: Քրիստոսն Ի՛նքն է ասել. «Երբ աղոթում ես, մտի՛ր քո սենյակի լռության մեջ, կտրվի՛ր աշխարհից և դարձի՛ր դեպի Աստված ու կանչի՛ր Նրան՝ «Հա՛յր»:» Կարիք չկա, որպեսզի մարդիկ փարիսեցիական կեղծ բարեպաշտություն դրսևորելով՝ աղոթեն հրապարակների մեջտեղում կանգնած, ի ցույց բոլորի: Աստծուն աղոթելիս պետք է «խուսափել կեղծիքից, քանզի Աստծո մոտ անկարելի է ձևացնելը: Աղոթքի ակունքներում թաքնված է լուռ մի երկխոսություն, որը նման է երկու միմյանց սիրող մարդկանց՝ Աստծո և մարդու, հատվող հայացքներին», – ասում է Սրբազան Քահանայապետը:

     

    «Սակայն»,- ընդգծում է նա,- «նույնիսկ եթե այս աղոթքը «գաղտնի» է, այնուամենայնիվ այն երբեք չի վերածվում «անձնականի»՝ այն իմաստով, որ քրիստոնյան ոչ թե իր սենյակի դռների հետևում է թողնում արտաքին աշխարհը, այլ մարդկանց և իրավիճակները պահում է իր սրտի խորքում: Տերունական աղոթքի տեքստում ակնհայտ է, որ իրականում «Ես»-ը երբեք երևան չի գալիս, մի բառ, որն այսօր յուրաքանչյուրը բարձր է գնահատում: Հիսուսը սովորեցնում է աղոթել, նախ և առաջ, իր շուրթերին ունենալով «Դու»-ն, քանի որ քրիստոնեական աղոթքը երկխոսություն է, ապա՝ «Դու»-ից անցում է կատարում «Մենք»-ի: «Հայր Մեր»-ի երկրորդ մասն ամբողջությամբ հոլովվում է հոգնակի առաջին դեմքով, և մարդկության ամենապարզ հարցերը բոլորը հոգնակի թվով են, ինչպես օրինակ՝ սննդի անհրաժեշտությունը քաղցը հագեցնելու համար: Քրիստոնեական աղոթքում մեզանից և ո՛չ մեկը հանապազօրյա հաց չի խնդրում իր անձի համար, այլ, խնդրում է աշխարհի բոլոր կարոտյալների համար», – բացատրում է Նորին Սրբությունը:

     

    «Աստծո հետ երկխոսության մեջ տեղ չկա անձնապաշտության համար: Որևէ մեկի անձնական խնդիրներն ի ցույց չեն դրվում՝ ասես նա միակն է աշխարհում, ով տառապում է: Որևէ աղոթք չի բարձրացվում առ Աստված, որ չլինի աղոթքը եղբայրների և քույրերի հանրության», – ավելացնում է Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը: Աղոթք. «Քրիստոնյան մեկտեղ է բերում իր կողքին ապրող մարդկանց բոլոր դժվարությունները և, երբ վրա է հասնում գիշերը, նա պատմում է Աստծուն այն խնդիրների մասին, որոնց բախվել է օրվա ընթացքում: Նա Տիրոջ առջև ներկայացնում է բազմաթիվ դեմքեր՝ ինչպես բարեկամ, այնպես էլ թշնամի, և հեռու չի վանում դրանց՝ որպես վտանգավոր մտացրում »:

     

    «Եվ, եթե դու չես գիտակցում, որ քո շուրջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր տառապում են, եթե ցավ չես ապրում աղքատի արցունքների համար, ապա նշանակում է, որ քո սիրտը քարից է», – զգուշացնում է Նորին Սրբությունը: «Այս պարագայում անհրաժեշտ է հայցել Տիրոջ ողորմածությունը, որպեսզի Սուրբ Հոգու միջոցով դիպչի մեր սրտերին և փափկեցնի»:

    Անհրաժեշտ է նաև, որ յուրաքանչյուր ոք ինքն իրեն հարցնի. «Երբ աղոթում եմ, արդյո՞ք բաց եմ՝ հեռու և մոտ գտնվողների հոգու ճիչը լսելու համար, թե՞ կարծում եմ, որ աղոթքը ցավազրկման մի տեսակ է, որը թույլ է տալիս ավելի հանգիստ զգալ: Եթե դա այդպես լիներ, ապա կնշանակեր, որ ես սարսափելի թյուրիմացության զոհ եմ», – ասում է Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսն ի խորոց սրտի: Անկասկած, իմ աղոթքն այլևս քրիստոնեական աղոթք չի լինի, քանի որ «մենք»-ը թույլ չի տալիս, որ միայն իմ սեփական ե՛ս-ը խաղաղության մեջ լինի, այն օգնում է պատասխանատվության զգացում ունենալ իմ բոլո՛ր եղբայրների և քույրերի հանդեպ»:

     

    La Stampa պարբերականից թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց