• Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարի ժողովրդապետ Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանի խոսքը

    Աստվածամոր հնազանդությունն Աստծո կամքին յուրաքանչյուրիս հրավիրում է ընդօրինակել Սուրբ Կույսին:


    Մարիամի Աւետումը կատարում է «ժամանակների լրման» (Գաղ 4, 4), այսինքն՝ խոստումների ու նախապատրաստութիւնների կատարման բացումը: Մարիամը կոչուած է յղանալու Նրան, Որի մէջ «աստուածութեան ամբողջ լիութիւնը պիտի բնակուի մարմնապէս» (Կող. 2,9): Մարիամի այն հարցմանը, թէ «Ինչպէ՞ս պիտի լինի դա ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում» (Ղուկ 1, 34), Հոգու զօրութեամբ տրուեց աստուածային պատասխանը. «Սուրբ Հոգին պիտի գայ քո վրայ» (Ղուկ 1, 35):

     

    «Աստուած առաքեց Իր Որդուն» (Գաղ 4, 4), բայց Նրա մարմինը կերտելու համար մի արարածի ազատակամ համագործակցութիւնն ուզեց: Դրա համար Աստուած Իր Որդու համար յաւիտեանս իբրեւ Մայր ընտրեց Իսրայէլի դստրերից մէկին, Գալիլիայի Նազարէթից մի երիտասարդ հրէուհի, «մի կոյս, որ նշանուած էր Դաւթի տնից Յովսէփ անունով մի մարդու, եւ կոյսի անունն էր Մարիամ» (Ղուկ 1, 26-27):

    «Փրկչի Մայրը լինելու համար Մարիամն «այսպիսի վսեմ գործի համապատասխան պարգեւներով ճոծացաւ Աստծոյ կողմից»: Գաբրիէլ Հրեշտակն Աւետման պահին ողջունում է նրան իբր «շնորհքով լիացած»: Արդարեւ, իրեն ավետուած կոչման հանդէպ իր հաւատքի ազատակամ հաւանութիւնը տալ կարողանալու համար հարկ էր, որ Մարիամը պարուրուէր Աստծոյ շնորհքով:

     

    Դարերի ընթացքում Եկեղեցին հետզհետէ գիտակցեց, որ Աստծոյ կողմից «շնորհքով լիացած» Մարիամն իր յղիութեան վայրկեանից իսկ փրկուած էր մեղքից: Սա է, որ դաւանում է Անարատ Յղութեան հրամանակարգ վարդապետութիւնը՝ հռչակուած 1854թ-ին՝ Պիոս Թ. Պապի կողմից:

     

    Երբ Նրան աւետուեց, որ Սուրբ Հոգու զօրութեամբ առանց այր ճանաչելու պիտի յղիանայ «Բարձրեալի Որդիով», Մարիամը պատասխանեց՝ «հնազանդուելով հաւատքին», քանի որ վստահ էր, որ «Աստծոյ համար անկարելի ոչինչ չկայ». «Ես Տիրոջ աղախինն եմ, թող լինի ինձ քո կամքի համաձաայն» (Ղուկ. 1,38): Այսպէս Աստծոյ խօսքին իր հաւանութիւնը տալով՝ Մարիամը դարձաւ Յիսուսը մայրը, ամբողջ սրտով կառչելով փրկչական աստուածային կամքին, առանց մեղքի կաշկանդման՝ Մարիամն ինքն իրեն ամբողջովին յանձնեց իր Որդու անձին ու գործին, Նրանից կախեալ լինելով եւ Նրա հետ՝ Աստծոյ շնորհքով ծառայի փրկչագործութեան խորհրդին:

     

    Ավետարաններում «Յիսուս Մայր» կոչուած Մարիամը (Յովհ. 2, 1. 19, 25) Որդու ծնունդից իսկ առաջ Սուրբ Հոգու մղումով ողջունւում է «Մայրն իմ Տիրոջ» (Ղուկ. 1,43): Արդարեւ, Նա, որին Մարիամը Սուրբ Հոգով մարմնապէս մարդ յղացաւ եւ Ով ճշմարտապէս իր Որդին դարձաւ, ուրիշ մէկը չէ, եթէ ոչ Հօր յաւիտենական Որդին՝ Ամենասուրբ Երրորդութեան երկրորդ Անձը: Եկեղեցին դաւանում է, որ Մարիամը ճշմարտապէս Աստուածածին է:

     

    Սկսելով հաւատքի առաջին բանաձեւումներից Եկեղեցին դաւանեց, որ Կոյս Մարիամն իր արգանդում Յիսուսին յղացաւ միայն Սուրբ Հոգու զօրութեամբ, ընդունելով նաեւ այս իրադարձութեան մարմնական երեւոյթը, որ Յիսուս յղացուեց «Սուրբ Հոգուց՝ առանց արական սերմի»: Եկեղեցու Հայրերն այս կուսական յղութեան մէջ տեսնում են այն նշանը, որ Նա իսկապէս Աստծոյ Որդին է, որ եկաւ մեր բնութեան նման մի մարդկային բնութեան մէջ.

     

    Սուրբ Իգնատիոս Անտիոքացին այսպէս է ասում (երկրորդ դարի սկիզբ). «Դուք (…) » հաստատապէս համոզուած էք մեր Տիրոջ մասին, որ Նա ճշմարտապէս Դաւթի սերնդից է ըստ մարմնի, Աստծոյ Որդի՝ ըստ Աստծոյ կամքի ու զօրութեան, իսկապէս ծնուած լինելով մի կոյսից (…) ՝ Նա իսկապէս մեզ համար մարմնով գամուեց Պոնտոս Պիղատոսւ օրով (…), Նա իսկապէս չարչարուեց, ինչպէս նաեւ իսկապէս յարութիւն առաւ»:

     

    Աւետարանական պատմումները կուսական յղութիւնն ընբռնում են իբրեւ աստուածային մի արարք, որ գերազանցում է մարդկային ամէն հասկացողութիւն ու ամէն հնարաւորութիւն. «Նա, որ յղացուած է նրա մէջ, Սուրբ Հոգուց է», Յովսեփին է ասում հրեշտակը նրա նշանածի՝ Մարիամի մասին (Մտթ 1,20): Եկեղեցին սրա մէջ տեսնում է Եսայի մարգարէի մօտ տրուած աստուածային խոստման իրագործումը. Մտթ 1, 23-ի յունարէն թարգմանութեան համաձայն՝ «Ահաւասիկ կոյսը պիտի յղիանայ եւ պիտի ծնի մի որդի» (Ես 7, 14):

     

    Երբեմն մարդ վրդովւում է Սուրբ Մարկոսի Աւետարանի ու Նոր Կտակարանի Թղթերում Մարիամի կուսական յղութեան մասին նրանց պահած լռութիւնից: Թերեւս էլ ոմանք իրենք իրենց հարց են տալիս, թե արդեօ՞ք խօսքն առասպելների կամ պատմական յաւակնութիւն չունեցող աստուածաբանական կառուցուածքների մասին է: Սրան հարկ է պատասխանել հետեւալ կերպ. Յիսուսի կուսական յղութեան մասին հաւատքը բախուեց բուռն ընդդիմութեան, ծաղրանքների կամ  անհասկացողութեան՝ հրեայ ու հեթանոս ոչ հաւատացեալների կողմից: Այս հաւատքը հեթանոսական դիցաբանութիւնից կամ ժամանակի գաղափարների գետ նւ յարմարեցումից չէր ծագել: Այս իրադարձութեան իմաստը մատչելի կը մնայ միայն հաւատքին, որը հասկանում է այն «խորհուրդների փոխադարձ առընչութեամբ», Քրիստոսի խորհուրդների ամբողջութեան մէջ, Նրա Մարդեղութիւնից սկսած մինչեւ Նրա Զատիկը: Սուրբ Իգնատիոս Անտիոքացին արդէն վկայել է այս առընչութեան մասին. «Այս աշխարհի իշխանը չգիտակցեց Մարիամի կուսութիւնը, նրա որդեծնութիւնը, ինչպէս նաեւ Տիրոջ մահը. Ցնցող խորհուրդներ, որոնք կատարուեցին Աստծոյ լռութեան մէջ»:

     

    Երբեմն առարկում եմ այն մասին, որ Աստուածաշունչը յիշատակում է Յիսուսի եղբայրներին ու քոյրերին: Եկեղեցին այս անցքերը միշտ հասկացած է ո՛չ այն իմաստով, որ Կոյս Մարիամն ուրիշ զաւակներ էլ ուներ: Արդարեւ, « Յիսուսի Եղբայրներ» կոչուած Յակոբն ու Յովսէփը (Մտթ. 13, 55) մի ուրիշ Մարիամի որդիներն են, ովքեր աշակերտել են Քրիստոսի մոտ, եւ նա նշում է «միւս Մարիամ» անունով (Մտթ 28,1): Ուրեմն խօսքը վերաբերում է Յիսուսի մերձաւոր ազգականներին՝ ըստ Հին Կտակարանի մի ծանօթ արտայայտութեան:

     

    Յիսուսը Մարիամի միածին որդին է: Սակայն Մարիամի հոգեւոր մայրութիւնը տարածւում է բոլոր մարդկանց վրայ, որոնց փրկութեան համար եկաւ Յիսուսը. «Մարիամը ծնեց իր Որդուն, որին  Աստուած արեց «բազմաթիւ եղբայրներից անդրանիկը», (Հռ. 8, 29), այսինքն՝ հաւատացեալների հետ, որոնց ծննդեան ու դաստիարակութեանը նպաստելու համար Մարիամն իր մայրական սիրոյ համագործակցութիւնն է բերում»:

     

    Աստուած Եւայի սերնդից ընտրեց Կոյս Մարիամին, որպէսզի վերջինս լինի Իր Որդու Մայրը: «Նա լիացած է շնորհքով», «փրկչագործութեան գերազանց պտուղն է»: Իր յղացման առաջին իսկ վայրկեանից նա բոլորովին զերծ պահուեց սկզբնական մեղքի արատից ու իր կեանքի ամբողջ ընթացքում նա մաքուր մնաց անձնական ամէն մեղքից:

    Մարիամը ճշմարտապէս «Աստուածածին է», քանի որ Մայրն է Աստծոյ մարդացեալ յաւիտենական Որդու, որն Աստուած է:

    Մարիամը «կոյս մնաց, երբ յղացաւ Իր Որդուն, կոյս մնաց, երբ ծնեց Նրան, երբ կրեց Նրան, կրծքով կերակրեց՝ միշտ կոյս»: Իր ամբողջ էությամբ Մարիամը «Տիրոջ Աղախինն է» (Ղուկ. 1, 38):

    Մարիամ Կոյսն «իր ազատ հաւատքով ու հնազանդութեամբ համագործակցեց մարդկանց փրկութեանը»: Նա իր «այո»-ն ասաց «յանուն ամբողջ մարդկային բնութեան»: Իր հնազանդութեամբ նա դարձաւ նոր Եւան՝ կենդանի եղողների մայրը:

     

Օրացույց

Օրացույց