• Հայ երիտասարդները միացան Պանամայում տեղի ունեցած 34-րդ համաշխարհային երիտասարդական օրերին

    «Երիտասարդաց Համաշխարհային Օրերը խիզախների համար են»


    34-րդ «Երիտասարդաց համաշխարհային օրեր»-ն այս տարի կազմակերպվեցին հունվարի 23-28-ը՝ Կենտրոնական Ամերիկայի երկրներից մեկում՝ Պանամայում, մի երկրում, որը Ֆրանցիսկոս Պապն անվանեց «համախմբվածության և երազանքների երկիր, խորհրդանիշ կայուն զարգացման, որը բխում է կապեր և միություններ ստեղծելու կարողությունից: Սրբազան Պապն իր ելույթներում ոգևորում էր երիտասարդներին՝ լինել հույսի առաջամարտիկներ: «Այս օրերին Պանաման դառնալու է հույսի իջևանատուն՝ հանդիպման մի վայր, որտեղ հինգ աշխարհամասերից եկած երիտասարդներն՝ իրենց շողշողուն երազանքներով և հույսերով, տոնելու են, հանդիպելու են միմյանց, աղոթելու են, արծարծելու են իրենց փափագը և հանձնառությունը՝ կառուցելու ավելի մարդասիրական մի աշխարհ», շեշտեց Սրբազան Քահանայապետն իր առաջին ելույթում:

     

    Հինգ մայրցամաքներից մեկտեղված կաթողիկէ երիտասարդների հետ իրենց միասնությունը ապրելու և արտահայտելու փափագով հայ կաթողիկէ երիտասարդները, ովքեր այս տարի չկարողացան մեկնել Պանամա, մեկօրյա հանդիպում կազմակերպեցին Գյումրիի Սրբոց Նահատակաց կաթողիկէ մայր տաճարում: Հայաստանից և Վրաստանից հանդիպմանը մասնակցեցին մոտ 200 երիտասարդներ: Միասնական Սուրբ Պատարագից հետո նրանց ողջունեց Հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ Գերհարգելի Հ. Գառնիկ ծայրագույն վարդապետ Հովսեփյանը.

    «Լիահույս ենք, որ այս հանդիպումը կարող է նպաստել, որպեսզի ձեր տեղական մշակույթների հազարամյա հարստությունն ի սպաս բերելով՝ ևս մեկ անգամ խորհրդածեք և զորացնեք ձեր հավատքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ:

    Ինչպես իր խոսքում ասել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը. «Երիտասարդաց Համաշխարհային Օրերը խիզախների համար են, և ո՛չ այն երիտասարդների, ովքեր հարմարավետություն են փնտրում և ընկրկում դժվարությունների առաջ: Դե՛ ինչ, պատրա՞ստ եք ընդունել մարտահրավերը»:

     

    Հայր Գառնիկը խոսեց Երիտասարդաց համաշխարհային օրերի նպատակի, անցած ճանապարհի հանգրվանների, ինչպես նաև հայ երիտասարդների մշտական մասնակցության մասին: Հաջորդ բանախոսության համար հրավիրվեց Սրբոց Նահատակաց մայր եկեղեցու ժողովրդապետ Տ. Գրիոգր ավ. Քհն. Մկրտչյանը: Նա մանրամասն անդրադարձ կատարեց 34-րդ համաշխարհային օրերի բնաբանին, որ Աստվածամոր խոսքերն են՝ «Ահա­վա­սիկ ես մնում եմ Տի­րոջ աղա­խի­նը. թող քո խօս­քի հա­մա­ձայն լի­նի ինձ»: Տեր Գրիգորը խոսեց Ավետման դրվագի և Աստվածամոր վերաբերյալ Եկեղեցու աստվածաբանության շուրջ.

    «Մարիամի Աւետումը կատարում է «ժամանակների լրման» (Գաղ 4, 4), այսինքն՝ խոստումների ու նախապատրաստութիւնների կատարման բացումը: Մարիամը կոչուած է յղանալու Նրան, Որի մէջ «աստուածութեան ամբողջ լիութիւնը պիտի բնակուի մարմնապէս» (Կող. 2,9): Մարիամի այն հարցմանը, թէ «Ինչպէ՞ս պիտի լինի դա ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում» (Ղուկ 1, 34), Հոգու զօրութեամբ տրուեց աստուածային պատասխանը. «Սուրբ Հոգին պիտի գայ քո վրայ» (Ղուկ 1, 35)»:

    Երիտասարդներն արձագանքեցին Տեր Գրիգորի մեկնաբանություններին և խոսեցին իրենց անձնական ապրումների մասին:

     

    Երկու բանախոսություններին հետևեց Հրեշտակ Տեառն աղոթքը և Վարդարանը:

     

    Տեր Նարեկ Քհն. Թադևոսյանն անդրադարձ կատարեց Պանամայի հովանավոր Անտիգուայի Սուրբ Կույս Մարիամի պատմությանը, նրա սրբապատկերի շուրջ հյուսված ավանդազրույցներին և Սուրբ Կույսի միջամտությամբ տեղի ունեցած հրաշքներին: «Մենք պիտի գիտակցենք, որ Աստվածամայրը ամբողջ Եկեղեցու Մայրն է և բարեխոսում է բոլորիս համար: Յուրաքանչյուր մեկը, ով դիմում է Սուրբ Կույսի օգնությանը, չի հուսալքվելու է և գտնելու մայրական պաշտպանություն՝ Մարիամի գրկում»,-ասաց Տեր Նարեկը:

     

    Տ. Հովսեփ Գասլտյանը համառոտ խոսեց 34-րդ համաշխարհային օրերի հովանավոր ութ սրբերից երեքի մասին՝ Խոսե Սանչես դել Ռիոյի, Դոն Բոսկոյի և Սուրբ Հովհաննես Պողոս երկրորդի մասին:

     

    Այնուհետև եկավ այս հանդիպման ամենաառանձնահատուկ պահը, ինչը որ իր բնույթով առաջին անգամ է երիտասարդական հանդիպումների ընթացքում: Երիտասարդներին հնարավորություն տրվեց, որ իրե՛նք հանդես գային սեփական բանախոսություններով՝ առաջարկված թեմաների շուրջ: Եվ առաջին փորձը ստացվեց առավել քան լավ: Երիտասարդները խոսեցին իրենց սեփական հավատքի փորձառության մասին՝ Աստվածամոր միջնորդությունն իրենց կյանքում, Աստծո հրաշքներն իրենց կյանքում, սրբության հասնելու սեփական ջանքերի մասին, երիտասարդական հանդիպումներին իրենց մասնակցության և համայնքային աշխատանքների մասին:

     

    Հանդիպման վերջում Հայր Գառնիկը շնորհակալություն հայտնեց Արհ. Տեր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանին՝ մշտապես երիտասարդներին իր հայրական ուշադրության և հովանու ներքո պահելու և այս շարունակական հանդիպումները առավել զարգացնելու նպատակադրության համար:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

Օրացույց

Օրացույց


Recent Comments