• Սոչիի հայ կաթողիկէ համայնքը նոր ժողովրդապետ ունի

    «Հունձն առատ է, իսկ մշակները սակաւ, արդ աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար», Մտթ. 9, 37


    2018թ. դեկտեմբերի 2-ին Մոսկվայի և հարակից բնակավայրերի հայ կաթողիկէների ժողովրդապետ, Առաջնորդական Փոխանորդ Գերհ. Հ. Պետրոս ծ. վրդ. Եսայանը Ադլեր քաղաքի հայ կաթողիկէ համայնքին ներկայացրեց Սոչիի շրջանի հայ կաթողիկէների նորանշանակ ժողովրդապետ Հոգշն. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկին: Հ. Ռաֆայելը նախկինում հոգևոր ծառայություն է կատարել Ռուսաստանի Վինյով քաղաքում, ապա՝ Հայաստանի հայ կաթողիկէ համայնքներում (Աշոցքի ժողովրդապետ՝ 2015-2017թթ.), 2017թ. սկսել Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի հայ կաթողիկէների եկեղեցական դատական ատյանի հիմնադրման գործընթացը, իսկ 2018թ. նոյեմբերին Հ. Ռաֆայելը նշանակվեց ծառայության Ռուսաստանի հարավային շրջանում՝ որպես Սոչիի հայ կաթողիկէների ժողովրդապետ:

     

    Հ. Ռաֆայելի հովվության ներքո գտնվում են այսպես կոչված Մեծ Սոչիի տարածքի մի քանի հայաշատ քաղաքներ, որոնցից ամենահայաշատը Ադլերն է, այդ պատճառով էլ որոշվել է Ադլերում հիմնել մնայուն ժողովրդապետության կենտրոնը: Տեղի լատին ծեսի կաթողիկէ եպիսկոպոսը սիրով օգտագործման իրավունքով հայ կաթողիկէ ժողովրդապետությանն է հատկացրել մի հարմարավետ շինություն, որտեղ կա քահանայատուն և մատուռ: Սոչիի քաղաքներում հայ կաթողիկէ եկեղեցիներ դեռևս չկան: Իսկ բուն Սոչիում հայ կաթողիկէ ծեսով Սուրբ Պատարագը և մյուս արարողությունները կատարվում են լատին ծեսի կաթողիկէ եկեղեցում:

    Առաջնորդական Փոխանորդ Հ. Պետրոս ծ.վրդ. Եսայանի ջանքերով համագործակցությունը և եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի լատին ծեսի կաթողիկէ առաջնորդների հետ մտել է նոր և հեռանկարային փուլ: Հ. Պետրոսը նորանշանակ ժողովրդապետին ներկայացնելիս՝ դրվատանքի և գնահատանքի խոսքով է արտահայտվել նաև Սոչիի հայերի համար նախկինում ծառայող լատին ծեսի վարդապետների: Միասնական ոգով ծառայությանը, անշուշտ, կշարունակի նաև Սոչիի նոր ժողովրդապետ Հ. Ռաֆայելը՝ փոխադարձաբար վայելելով հարգանքն ու սերը հայկական ծեսի և հայ ժողովրդի հանդեպ՝ լատին ծեսի առաջնորդների կողմից:

    Հ. Պետրոսը շնորհակալություն հայտնեց նաև Կրասնոդարի շրջանի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Սերգեյ վրդ. Բաբաջանյանին, ով չնայած իր գերծանրաբեռնվածությանը ժամանակ էր գտնում ջանասիրությամբ հոգալու նաև Սոչիի հայ կաթողիկէների հոգևոր կարիքները:

     

    Աստվածային նախախնամությամբ, այսպիսով, Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում արդեն ծառայում են հինգ հայածես հոգևորականներ. երեքը՝ Մոսկվայում, Վենյովում և Ռուսաստանի կենտրոնական այլ բնակավայրերում և երկուսը՝ Ռուսաստանի հարավային շրջաններում: Առայժմ մնայուն սպասավորներ չկան Ռուսաստանի հյուսիսում, որտեղ հայ կաթողիկէների թիվը ևս քիչ չէ:

     

     

    Տ. Հովսեփ

Օրացույց

Օրացույց