• Ինչպե՞ս հասկանալ Տասը պատվիրանները. Քահանայապետի մեկնությունը

    Կեղծ ուղղամտության դիմակը և հոգով աղքատությունը


    Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը մոտեցավ յուրաքանչյուր չորեքշաբթի անցկացվող Տասը պատվիրաններին նվիրված իր քրիստոնեական քարոզների վերջնագծին, և այսօր անդրադարձավ տասներորդ պատվիրանին: «Սա պարզապես վերջին պատվիրանը չէ, այլ Տասը պատվիրանների միջով ճամփորդության ավարտն է, և դիպչում է բոլոր պատվիրանների բովանդակության սրտին»,-ասաց Սրբազան Քահանայապետը և բացատրեց. «Ավելի ուշադիր դիտարկելիս` կտեսնենք, որ վերջին պատվիրանը՝ «Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր…» նոր բովանդակություն չի հաղորդում տասը պատվիրաններին, այլ թաքնված են «մի՛ շնարցիր» և «մի՛ գողացիր» պատվիրանների մեջ: Հետևաբար, ի՞նչ նպատակ է հետապնդում վերջին պատվիրանը: Արդյո՞ք սա ամփոփում է: Արդյո՞ք այստեղ էլի ինչ-որ բան կա: Եկե՛ք հաշվի առնենք, – հիշեցրեց Սրբազան Հայրը, – որ բոլոր պատվիրանների նպատակն է մատնացույց անել կյանքի սահմանագիծը, այն թույլատրելի սահմանը, որից անդին՝ այր, թե կին կործանում են իրենք իրենց և ուրիշներին՝ խզելով իրենց կապն Աստծո հետ: Եթե անցնում ես թույլատրելիի սահմանը, ապա ոչնչացնում ես ինչպես ինքդ քեզ, այնպես էլ Աստծո և մարդկանց հետ քո կապը: Ահա թե ինչ խորհուրդ ունեն պատվիրանները»:

     

    «Տասերորդ պատվիրանի միջոցով ընդգծվում է այն միտքը, որ բոլոր մեղքերն ունեն միևնույն ներքին արմատը՝ չար ցանկությունները», – ասաց Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը: «Բոլոր մեղքերը ծնվում են չար ցանկությունից, դրանք սկսում են խմորվել հոգում և մարդն ընկնում է այդ հորձանուտի մեջ ու հայտնվում մեղքի ճիրաններում, սա ոչ թե ֆորմալ իրավական հանցանք է, այլ հանցանք, որը վնասում է սեփական անձն ու ուրիշներին: Ավետարանում Տեր Հիսուսը հստակ ասում է. «Իրականում, հենց ներսից, այսինքն՝ հոգու խորքից են հայտնվում չարի մտադրությունները՝ անմաքրությունը, գողությունը, սպանությունը, ամուսնական անհավատարմությունը, ընչաքաղցությունը, չարագործությունը, խաբեությունը, անբարոյականությունը, նախանձը, զրպարտությունը, գոռոզությունը, անխոհեմությունը»: Հստակ ցանկ է, այնպես չէ՞: Ես այս ամենը կրկնում եմ, քանի որ բոլորիս համար օգտակար է լսել, թե որոնք են չարիքի արմատները: «Վերոնշյալ բոլոր արատավոր երևույթները ծնվում են մեր ներսում և մեզ դարձնում անմաքուր»:

     

    «Հետևաբար, մենք պետք է գիտակցենք, որ Տասնաբանյայի ստանձնած ողջ առաքելությունն անօգուտ կլիներ, եթե չհասներ մարդկանց սրտերին ու հոգիներին», – պնդեց Նորին Սրբությունը: «Տասնաբանյան հստակ է և խորապես ուղղված է դեպի այս հայեցակետը: Այս ճանապարհի նպատակակետը սիրտն է և, եթե այն ազատ չէ մեղքից, ապա՝ մնացյալ ամեն ինչ ապարդյուն է: Տասնաբանյայի խնդիրը սիրտն ամեն տեսակ չարից ու այլանդակ բաներից ազատելն է»:

     

    «Աստծո պատվիրանները կարող են իջեցվել և վերածվել կյանքի միայն գեղեցիկ մի ճակտոնի, որի ետևում, այնուամենայնիվ, այդ մարդու կյանքը շարունակում է իր գոյությունը՝ որպես ստրուկ, այլ ոչ թե որպես զավակ»: Հաճախ, շնչահեղձ անող ուղղամտության կեղծ բարեպաշտության դիմակի տակ ինչ-որ վատ ու անորոշ բան է թաքնված: Փոխարենը, որոշ ցանկությունների արգելման վերաբերյալ այս պատվիրանների միջոցով մենք պետք է ինքներս մեզ թույլ տանք ազատվել դիմակներից, քանի որ դրանք բացահայտում են մեզ՝ մեր հոգու աղքատությունը՝ ուղղորդելով դեպի սրբազան ինքնանվաստացում»:

     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոսն ընդգծում է, որ մարդիկ «կարիքն ունեն այս երանելի ինքնանվաստացման, որի շնորհիվ նրանք հասկանում են, որ չեն կարող ինքնուրույն ազատվել մեղքից և աղերսում են Աստծո փրկարար օգնությունը: Անօգուտ է կարծելը, թե միայն տիտանական ջանքեր գործադրելու ցանկությամբ կարող ենք մաքրել մեր հոգիները: Դա անհնարին է: Մենք պետք է ինքներս մեզ բացենք` Աստծո հետ հարաբերությունների առջև, ճշմարտության և ազատության մեջ, միայն ա՛յս կերպ մեր աշխատանքը կարող է պտուղներ տալ, քանի որ Սուրբ Հոգին է, որ մեզ առաջ է տանում: Աստվածաշնչյան Օրենքի առաքելությունը ոչ թե մարդկությանը մոլորության մեջ գցելն է, թե պատվիրաններին տառացիորեն ենթարկվելը նրանց առաջնորդում է դեպի արհեստական և անհասանելի փրկություն: Օրենքի խնդիրը մարդուն առաջնորդելն է դեպի իր ճշմարտությունը, այսինքն՝ իր աղքատությունը, ինչը դառնում է ճշմարիտ և անձնական բացվածություն՝ Աստծո ողորմածության առջև, որը փոխակերպում և նորոգում է մեզ: Աստված միակն է, ով կարող է վերստին կենդանություն պարգևել մեր հոգիներին՝ պայմանով, որ մենք բացենք մեր սիրտը Նրա առջև: Տերը կհոգա ամեն ինչի մասին, միայն թե եկե՛ք բաց պահենք մեր սրտերը»:

     

    Հետևաբար, Սրբազան Քահանայապետի հորդորն է առերեսվել մեր սրտերի քաոսի առջև, դադարել ապրել եսասերների նման և լինել հոգով աղքատ, լինել անկեղծ, բնական՝ Հայր Աստտծո ներկայության առջև, թույլ տալով, որ Որդին փրկի մեզ և Սուրբ Հոգին ուսուցանի մեզ: Սուրբ Հոգին մեր ուսուցիչն է, որ դատում է, եկե՛ք թույլ տանք, որ Սուրբ Հոգին օգնի մեզ և խնդրենք շնորհ, որ կարողանանք լինեն մուրացիկներ՝ Աստծո առաջ:

    «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»: Իսկապես, երանելի՜ են նրանք, ովքեր ինքնախաբեությամբ չեն զբաղվում՝ կարծելով, թե կարող են ինքնուրույն՝ առանց Աստծո ողորմածության, ազատվել սեփական թուլություններից, քանզի միայն Տիրոջ ողորմածությունը կարող է դարմանել հոգին: Երանի՜ նրանց, ովքեր գիտակցում են իրենց սատանայական ցանկությունները և զղջումով լի ու նվաստ հոգով չեն կանգնում Աստծո և մարդկանց առջև՝ որպես բարեպաշտներ, այլ՝ մեղավորներ: Ուզում եմ կրկնել Պետրոսի խոսքերն ուղղված Տիրոջը. «Գնա հեռու ինձանից, Տե՛ր, քանզի ես մեղավոր եմ», ի՜նչ գեղեցիկ աղոթք է: Այսպես աղոթում են նրանք, ովքեր գիտեն ինչպես կարեկցել, ովքեր գիտեն ինչպես ողորմած լինել ուրիշների հանդեպ, քանի որ նրանք իրենց հանդեպ են զգացել ողորմություն», – խոսքը եզրափակեց Սրբազան Հայրը:

     

    Vatican Insider կայքից թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

     

Օրացույց

Օրացույց