• «Ներեցե՛ք մեզ, եթե մեր սրտերը բացելու փոխարեն՝ լցրել ենք ձեր ականջները»

    Որքա՛ն հաճախ փրկության ազատարար պատգամի փոխարեն մենք ինքներս մեզ, մեր սեփական «բաղադրատոմսերն» ու «պիտակներն» ենք բերում Եկեղեցի:


     

     

     

    2018թ. հոկտեմբերի 28-ին Սբ. Պետրոսի տաճարում Սինոդոսի՝ երիտասարդության թեմայով հրավիրված 15-րդ հերթական համագումարը եզրափակող Սբ. Պատարագը մատուցվեց ձեռամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի և համապատարագությամբ Սինոդոսի բոլոր հայրերի: Արարողությանը ներկա էին նաև բոլոր երիտասարդ ունկնդիրները, ովքեր աշխատանքային այս չորս շաբաթների ընթացքում իրենց մասնակցությունն էին բերել Սինոդոսին: Սրբազան Քահանայապետի ձեռքում, ինչպես բացման Ս. Պատարագի, այնպես էլ եզրափակիչ Պատարագի ժամանակ փայտյա գավազանն էր («ferula»), որն անցած օգոստոսին «Circus Maximus» մարզադաշտում նրան էին նվիրել երիտասարդները:

     

    Իր քարոզում Նորին Սրբությունն ընդգծեց առաքելության իսկական և ամենաավանդական ձևը՝ վկայություն տալ սեփական կյանքով, լսելու և մոտ լինելու կարողությամբ, կեղտոտելով սեփական ձեռքերը՝ գտնել նրանց, ովքեր որոնումների մեջ են՝ չսպասելով, որ թակեն մեր դուռը, քանզի «հավատքը կապված է հանդիպման հետ, ոչ թե տեսության»: Եվ, ևս մեկ անգամ նշելով այն միակ ուղին, որը թույլ է տվել պատմության երկու հազարամյակի ընթացքում տարածել Ավետարանը՝ Սրբազան Քահանայապետը խոսեց նաև այն երկու վտանգների մասին, որոնք միշտ սպառնացել են Եկեղեցու կյանքին և այսօր շատ արդիական են: Առաջինն այն մարդկանց «դավանաբանությունն» է, ովքեր իրենց պարզունակ մտքերից բխեցնում են հավատք, նրանք, հավանաբար, փորձում են ուրիշներին քննադատել՝ սեփական անձը մեծարելով, իսկ երկրորդ վտանգը «ակտիվիզմն» է, որը Եկեղեցին փոխակերպում է հասարակական կազմակերպության գործունեության, իսկ հավատքը՝ բարոյախոսության՝ այն վերածելով պարզապես սոցիալական աշխատանքի:

     

    Մեկնելով կույր Բար­տի­մե­ո­սի ավետարանական պատմությունը, ով «Երի­քովի ճամփեզրին նստած մուրացիկից դարձավ աշակերտ և մյուսների հետ միասին քայլում էր Հիսուսի հետևից Երուսաղեմ տանող ճանապարհով»՝ – Նորին Սրբությունն ասաց. «Մենք նույնպես քայլեցինք կողք-կողքի, մենք դարձանք «Սինոդոս»: Ավետարանի այս հատվածը հավատքի ճանապարհին երեք հիմնական քայլեր է հաստատում»: «Բար­տի­մե­ո­սը միայնակ ընկած է ճամփեզրին, հեռու տնից և որբ: Նա սիրված չէ, այլ՝ լքված: Նա կույր է և չկա մեկը, ով կլսի նրան: Հիսուս լսում է նրա աղերսանքը: Երբ Բար­տի­մե­ո­սը մոտենում է Հիսուսին, վերջինս թույլ է տալիս, որ նա խոսի, թեև դժվար չէր կռահելը, թե ինչ էր ուզում Բար­տի­մե­ո­սը. պարզ էր, որ կույրը ցանկանում է տեսնել կամ վերագտնել իր տեսողությունը: Սակայն Հիսուս, – բացատրում է Սրբազան Քահանայապետը, – ժամանակ է տրամադրում նրան լսելու համար: Ուստի, հավատքի ճանապարհին աջակից լինելու առաջին քայլը լսելն է: Խոսելուց առաջ լսելը ականջի «առաքելությունն» է»: «Հակառակ այս ամենին, – կրկին նկատում է Սրբազան Հայրը, – Հիսուսի կողքին գտնվողներից շատերը սաստում էին Բար­տի­մե­ո­սին, որ լռի (հմմտ. Մրկ. 10:48): Այսպիսի հետևորդների համար կարիքի մեջ գտնվող մարդու ընկերակցությունը ճանապարհին անսպասելի և չնախատեսված տհաճություն էր: Նրանք ավելի շատ արժևորում էին իրենց, քան Տիրոջ ժամանակը և նախընտրում էին խոսելը, քան ուրիշներին լսելը: Նրանք հետևում էին Հիսուսին, բայց մտքում սեփական ծրագրերն ունեին: Սա վտանգ է, որից պաշտպանվելու համար պետք է մշտապես միջոցներ ձեռնարկել: Սակայն, Հիսուսի համար օգնություն աղերսող մարդկանց աղաղակը ոչ թե անախորժություն է, այլ՝ մարտահրավեր»:

     

    «Որքա՛ն կարևոր է մեզ համար կյանքի ձայնը լսելը: Երկնային Հոր զավակներն անհանգստացած են իրենց եղբայրների ու քույրերի ճակատագրով, ոչ թե անօգուտ շաղակրատանքով, այլ՝ իրենց մերձավորների կարիքներով: Նրանք լսում են համբերությամբ ու սիրով, ճիշտ այնպես, ինչպես Աստված է լսում մեզ և մեր աղոթքները, որքան էլ դրանք կրկնվող լինեն: Աստված երբեք չի հոգնում, այլ՝ միշտ ուրախանում է, երբ փնտրում ենք Իրեն: Արդյո՞ք մենք նույնպես կարող ենք խնդրել այն սրտի շնորհը, որն ունակ է լսելու: Բոլոր մեծահասակներիս անունից կցանկանայի երիտասարդներին ասել. ներե՛ք մեզ, եթե, հաճախ, ականջալուր չենք եղել ձեր ձայնին, եթե մեր սրտերը բացելու փոխարեն՝ լցրել ենք ձեր ականջները: Իբրև Քրիստոսի Եկեղեցի՝ մենք ցանկություն ունենք սիրով լսելու ձեզ և վստահ ենք երկու բանում. առաջինը՝ ձեր կյանքը թանկ է Աստծո համար, քանզի Աստված երիտասարդ է և սիրում է երիտասարդներին, և երկրորդը՝ ձեր կյանքը թանկ է նաև մեզ համար, մենք իսկապես ձեր կարիքն ունենք՝ առաջ շարժվելու համար»:

     

    Նորին Սրբությունը նշում է, որ, լսելուց հետո, երկրորդ քայլը մերձավոր լինելն է: Եկե՛ք դարձյալ հետևենք Հիսուսի օրինակին. Նա իրեն հետևող «հսկայական բազմությունից» ինչ-որ մեկին որպես պատվիրակ չի ուղարկում, այլ՝ անձամբ է գնում Բար­տի­մե­ո­սին ընդառաջ և հարցնում. «Ի՞նչ ես ու­զում, որ քեզ անեմ» (տե՛ս նույն տեղում՝ 51): Ի՞նչ ես ուզում… Հիսուսն անմիջական կապ է հաստատում Բար­տի­մե­ո­սի հետ և չի փորձում շրջանցել նրան: … Ես անեմ՝ նշանակում է ոչ թե պարզապես խոսել, այլ՝ ինչ-որ բան անել: … քեզ համար՝ ոչ թե համաձայն իմ կանխակալ կարծիքի, այլ՝ քե՛զ համար, հենց այն իրավիճակում, որում դո՛ւ ես: Ահա՛ թե ինչպես է գործում Աստված: Նա յուրաքանչյուր մարդու սիրում է անհատապես: Իր գործողություններով Նա արդեն իսկ հաղորդում է իր պատգամը և այսպիսով, յուրաքանչյուրիս կյանքում ծաղկում է հավատքը:

     

    «Հավատքը քայլում է մեզ հետ ողջ կյանքի ընթացքում, – բացատրում է Սրբազան Քահանայապետը, – և, երբ հավատքը բացառապես կապված է դավանաբանական բանաձևերի հետ, ապա, վտանգ կա, որ այն կհաղորդակցվի միայն գլխի հետ՝ առանց սրտին դիպչելու: Իսկ երբ հավատքը կապված է միայն գործունեության հետ, ապա, վտանգ կա, որ այն կվերածվի սոսկ բարոյախոսական և սոցիալական աշխատանքի: Մինչդեռ, հավատքը կյանք է: Հավատք նշանակում է ապրել Աստծո սերը, ով փոխել է մեր կյանքը: Մենք չենք կարող ընտրություն կատարել դավանաբանության և ակտիվիզմի միջև: Մենք կանչված ենք իրականացնելու Աստծո առաքելությունը ճիշտ այնպես, ինչպես Նա կաներ. մոտիկությամբ, հավատարիմ մնալով նրան, միավորվելով միմյանց հետ, մեր եղբայրների ու քույրերի հետ կողք-կողքի: Մոտիկություն՝ սա է հավատքի սրտին հաղորդակից լինելու գաղտնիքը, և ոչ թե երկրորդական գործոն»:

     

    «Մերձավոր լինել՝  նշանակում է Աստծո նորությունը բերել մեր եղբայրների ու քույրերի կյանք: Այն դյուրին պատասխանների և արագ որոշումների փորձության համար իսկական հակաթույն կլինի: Եկե՛ք ինքներս մեզ հարց տանք, թե արդյո՞ք որպես քրիստոնյաներ ընդունակ ենք մերձավոր դառնալու՝ դուրս գալով մեր շրջանակներից և ընդունելով նրանց, ովքեր «մեզանից մեկը չեն», նրանց՝ ում Աստված ջերմեռանդորեն փնտրում է: Սուրբ գրքերում այդքան հաճախ հանդիպող փորձությունը միշտ այնտեղ կլինի՝ մեր ձեռքերը լվանալու փորձությունը»:

     

     Հենց այսպես է վարվում մարդկանց բազմությունը այսօրվա ավետարանական ընթերցվածում: Սա հենց այն է, ինչ Կայենն արեց Աբելի հետ, իսկ Պիղատոսը՝ Հիսուսի. նրանք լվացին իրենց ձեռքերը: «Սակայն մենք ուզում ենք նմանվել Հիսուսի՛ն, և Նրա նման կեղտոտել մեր ձեռքերը, քանզի Նա է ճանապարհը (հմմտ. Հովհ. 14:6), ով կանգ առավ ճամփեզրին հանուն Բար­տի­մե­ո­սի և Նա է աշխարհի լույսը (հմմտ. Հովհ. 9:5), ով խոնարհվեց կույրին օգնության ձեռք մեկնելու համար: Մենք պետք է գիտակցենք, որ Տերը կեղտոտել է իր ձեռքերը մեզանից յուրաքանչյուրի համար: Եկե՛ք մեր հայացքն ուղղենք դեպի Խաչը, սկսե՛նք հենց այնտեղից և հիշե՛նք, որ Աստված դարձավ մեր մերձավորը՝ ինչպես մեղքի, այնպես էլ մահվան մեջ: Նա դարձավ իմ մերձավորը. հենց այստեղից է ամեն ինչ սկիզբ առնում: Եվ, երբ հանուն Նրա հանդեպ սիրո մենք նույնպես դառնանք մերձավորներ, ապա կլինենք նոր կյանքի ավետաբերներ: Մենք չենք լինի ուսուցիչ բոլորի համար, ոչ էլ սուրբ գր          երի մասնագետներ, այլ՝ վկաները փրկարար սիրո»:

     

     Երրորդ քայլը վկայություն տալն է: Եկե՛ք դիտարկենք աշակերտների օրինակը, ովքեր Հիսուսի հրամանով կանչեցին Բար­տի­մե­ո­սին: Նրանք չեն մոտենում մուրացիկին և մետաղադրամ չեն առաջարկում՝ նրան լռեցնելու համար, ոչ էլ խորհուրդներ են տալիս: Նրանք գնում են Հիսուսի անունից: Իսկապես, նրանք Բար­տի­մե­ո­սին ասում են ընդամենը երեք բառ և երեքն էլ Հիսուսի խոսքերն էին. «Քա­ջա­լե­րվի՛ր, վե՛ր կաց, կան­չում է քեզ: Ավետարանում միայն Հիսուսն է ասում «Վե՛ր կաց» և բժշկում հոգով ու մարմնով: Միայն Հիսուսն է կանչում՝ փոխելով նրանց կյանքը, ովքեր հետևում են իրեն, օգնելով ընկածին վեր կենալ և Աստծո լույսը բերելով կյանքի խավար: Այնքան շատ երեխաներ ու երիտասարդներ՝ այնպես, ինչպես և Բար­տի­մե­ո­սը, փնտրում են լույս իրենց կյանքում և իսկական սեր: Ինչպես Բար­տի­մե­ո­սը, ով այդ հսկայական բազմության մեջ կանչեց միայն Հիսուսին, այնպես էլ նրանք որոնում են կյանք, սակայն, հաճախ, գտնում են միայն դատարկ խոստումներ և քչերին, ովքեր իսկապես անհանգստացած են իրենց ճակատագրով»:

     

    «Քրիստոնյային վայել չէ սպասելը, որ մեր եղբայրներն ու քույրերը, ովքեր փնտրտուքների մեջ են, թակեն մեր դուռը, մենք ինքնե՛րս պետք է գնանք նրանց ընդառաջ՝ տանելով ոչ թե ինքներս մեզ, այլ՝ Հիսուսին, քանզի Նա ուղարկում է մեզ, ինչպես այն աշակերտներին՝ քաջալերելու ուրիշներին և Իր անունով օգնելու նրանց վեր կենալ: Այսուհետ, Նա մեզ ուղարկում է, որպեսզի յուրաքանչյուրին ասենք. «Թույլ տո՛ւր, որ Աստված սիրի քեզ»: Որքա՛ն հաճախ փրկության այս ազատարար պատգամի փոխարեն մենք ինքներս մեզ, մեր սեփական «բաղադրատոմսերն» ու «պիտակներն» ենք բերում Եկեղեցի: Որքա՛ն հաճախ Տիրոջ խոսքը մերը դարձնելու փոխարեն մեր սեփական մտքերն ենք պարտադրել՝ որպես Նրա խոսք: Որքա՛ն հաճախ են մարդիկ զգում մեր հաստատությունների բեռն ավելի, քան Հիսուսի ընկերային ներկայությունը: Այսպիսի դեպքերում, մենք ավելի շատ գործում ենք հասարակական կազմակերպության կամ պետական կառավարման հաստատության նման, և ոչ թե  փրկության արժանացած համայնքի, որն ապրում է Տիրոջ ցնծությունը:»:

     

    «Լսել, մերձավոր լինել, վկայություն տալ, – եզրափակում է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, – այսօրվա ավետարանական ընթերցվածում հավատքի ճանապարհն ավարտվում է հիանալի և անակնկալ կերպով, երբ Հիսուսն ասում է. «Գնա՛, քո հա­վա­տը քեզ փր­կեց», թեև Բար­տի­մե­ո­սը ոչ մի կերպ չէր դրսևորել իր հավատը, ոչ էլ որևէ բարի գործ էր արել, նա պարզապես Տիրոջ ողորմածությունն էր խնդրել: Զգալ, որ կարիքն ունես փրկության՝  սա՛ է սկիզբը հավատքի: Սա՛ է Հիսուսի հետ հանդիպման տանող ուղիղ ճանապարհը: Հավատը, որ փրկեց Բարտիմեո­սին, ոչ մի կապ չուներ Աստծո մասին նրա պարզ պատկերացումների հետ, այլ՝ Տիրոջը որոնելու և Նրան հանդիպելու բուռն ցանկության: Հավատքը կապված է հանդիպման հետ, ոչ՝ տեսության: Հանդիպման ժամանակ Հիսուսն անցնում է մեր կողքով, հանդիպման ժամանակ Եկեղեցու սիրտը բաբախում է: Ուստի, արդյունավետ կլինի ոչ թե մեր քարոզչությունը, այլ՝ կյանքով վկայությունը»:

     

    Vatican Insider լրատվական կայքից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց