• Վերաբացվեց հայ կաթողիկէ «Սրբոց հրեշտակապետաց միացյալ հոգևոր ճեմարանը»

    «Հունձն առատ է, իսկ մշակները սակաւ: Արդ խնդրեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար», Ղկ. 10, 2


    2018թ. հոկտեմբերի 26-ին Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետության կենտրոնում վերաբացվեց «Սրբոց հրեշտակապետաց միացյալ հոգևոր ճեմարանը», որտեղ պատրաստվում են ապագա հոգևորականներ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէ համայնքներում ծառայելու համար: Հայ կաթողիկէ առաջնորդության հոգևոր ճեմարանը նախկինում ուներ «Ներսիսյան դպրեվանք» անվանումը և հիմնվել էր դեռևս 1990-ականներին, Գյումրիում, Արհ. Տ. Ներսես Տեր-Ներսիսյանի նախաձեռնությամբ, ապա տեղափոխվել Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետություն, բայց հինգ տարի առաջ ճեմարանը ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը՝ ընթացիկ կազմակերպչական խնդիրներ լուծելու պատճառով: Այժմ նոր անունով և նոր հոգևոր տեսչի՝ Հոգշն. Հ. Մաշտոց վրդ. Զահթերյանի գլխավորությամբ, հոգևոր ճեմարանը վերսկսեց իր առաքելությունը՝ այլևս երբեք իր դռները չփակելու տեսլականով և առաջնորդ հոր՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ: Հոգևոր ճեմարանի վերաբացման գործում իր աջակցությունն է ցուցաբերում նաև Հայ Կաթողիկէ Պատրիարքությունը՝ հանձին Բեյրութի թեմի պատրիարքական փոխանորդ, Զմմառի վանքի մեծավոր Գերապայծառ Հ. Գաբրիել թ. ծ. վրդ. Մուրադյանի, ով ևս ներկա էր ճեմարանի վերաբացման արարողությանը՝ Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհեյանի, Երևանի Մխիթարյան կրթահամալիրի հոգևոր տեսուչ Գերհ. Հ. Եղիա ծ. վրդ. Քիլաղպյանի, Գերհ. Հ. Գառնիկ ծ. վրդ. Հովսեփյանի, Հոգշն. Հ. Գևորգ վրդ. Սարգսյանի,  Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի, Արժ. Տ. Կոմիտաս քհն. Դավեյանի, Արժ. Տ. Սահակ քհն. Աղեկյանի հետ միասին: Կատարվեց ճեմարանի օրհնության կարգ, միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված՝ ճեմարանի պտղաբեր առաքելության աղերսանքով: Ճեմարանի տեսուչ Հ. Մաշտոց վրդ. Զահթերյանը համառոտ խոսքով դիմեց հոգևոր եղբայրներին և ճեմարանի սաներին.

     

    «Մեղ մաղթանքն է, որ առաջորդությամբ Սրբազան Հոր և Զմմառի վանքի մեծավորի կարողանանք բարի հովիվներ դաստիարակել՝ մեր ժողովրդի հոգևոր կարիքները հոգալու նպատակով: Յուրաքանչյուրս մեր լուման ունենք ներդնելու, որպեսզի ճեմարանը կարողանա հարատևել և պետք եղած արդյունքները տալ ապագայում: Աստված թող տեսնի մեր բարի նպատակները և մտահոգությունը, օրհնի մեր տկար կարողությունները, որ կարողանանք առավել բարվոք ճեմարանում ունենալ ոչ թե տասը, այլ շատ ավելի մեծ թվով սաներ: Ձեր օրհնությամբ պաշտոնապես սկսում ենք մեր ուսումնական տարին»:

     

    Հոգևորականները ծանոթացան ճեմարանի նորոգված սենյակներին, պայմաններին, օրակարգին: Ճեմարանի համար հատկացված սենյակներն ու դահլիճը նախատեսված չեն մեծ թվով սաների համար. ծրագրվում է հետագայում ավելի ընդարձակ տարածքում շարունակել ճեմարանի գործունեությունը՝ Աստծո կամքով և օրհնությամբ:

Օրացույց

Օրացույց