• Աղքատները չեն կարող սպասել, հարկավոր է գործել և ոչ թե միայն խոսել

    «Անհրաժեշտ է զսպել սպառազինության և մահաբեր զենքի վաճառքը, որպեսզի հնարավոր լինի լսել մարդկանց ձայնն ու հուսահատ ճիչը… »


     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ուղերձ է հղել Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպությանը՝ Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի ոչ ոք անհրաժեշտ սննդի պակաս չունենա:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծել է, որ, չնայած, ոմանք կարող են ասել, թե դեռևս տասներկու տարի կա մինչ 2030թ. «Զրոյական սով» ծրագրի նպատակին հասնելու համար, այնուամենայնիվ, անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ օգնություն ցուցաբերելու նրանց, ում նյութական վիճակն անհուսալի է: «Այս պահից սկսած մինչ 2030թ. տասներկու տարի ունենք՝ մշակելու նախաձեռնություններ, որոնք կլինեն վճռական և հետևողական», – ասել է Նորին Սրբությունը:

     

    Հրատապ կոչ՝ վերջ դնելու սովին

     

    Նա նշել է, որ այս տարվա «Մեր գործողությունները մեր ապագան են. 2030թ.-ին հնարավոր է ունենալ զրոյական սով աշխարհում» խորագրով թեման պատասխանատվության հրատապ կոչ է այն բոլոր գործող անձանց կողմից, ովքեր համաձայն են «Կայուն զարգացման 2030» օրակարգի նպատակների հետ, սա համախմբման մի ճիչ է՝ արթնացնելու մեզ քնից, որը հաճախ կաթվածահար է անում և ճնշում մեզ:

     

    Արդյունավետ օգնություն, այլ ոչ թե սոսկ համաձայնագրեր

     

    Նորին Սրբություն Սրբազան Քահանայապետը շարունակելով միտքը՝ ասել է, որ մենք բոլորս կոչված ենք, հատկապես՝ Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպությունը, նրա անդամ երկրները, ազգային և միջազգային կազմակերպություններն ու հաստատությունները, քաղաքացիական հասարակությունը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ, կրկնապատկելու մեր հանձնառությունը, որպեսզի ոչ ոք անհրաժեշտ սննդի պակաս չունենա՝ ո՛չ քանակապես և ո՛չ էլ որակապես: «Աղքատ բնակչությունը, – հաստատում է Սրբազան Քահանայապետը, – մեզանից ակնկալում է արդյունավետ օգնություն, որը նրանց դուրս կբերի աղքատության ճիրաններից, և ոչ թե սոսկ առաջարկներ կամ պայմանավորվածություններ»: «Տեսնելով բոլոր այն առաջընթացները, որոնք այս դարաշրջանի ընթացքում տեղի են ունեցել տարբեր բնագավառներում, ինչպիսիք են՝ տեխնոլոգիաները, գիտությունը, հաղորդակցությունը և ենթակառուցվածքները, ապա՝ աշխարհը պետք է ամաչի, որ նույն առաջընթացը չի գրանցել մարդասիրության և միասնության մեջ՝ չբավարարելով ընչազուրկների մեծամասնության առաջնային կարիքները»,-ասել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը և շեշտել,- «մենք կարող ենք և պետք է անենք ավելի՛ն՝ անօգնական վիճակում գտնվողների համար: Պետք է անցնենք որոշակի գործողությունների, որպեսզի սովի խարազանը լիովին անհետանա: Այս ամենը համագործակցության քաղաքականություն է պահանջում զարգացման համար, որը, ինչպես ցույց է տալիս 2030թ. օրակարգը, ուղղված է աղքատների իրական կարիքներին: Մենք կարող ենք երազել առանց սովի ապագայի մասին, – շարունակում է Ֆրանցիսկոս Քահանայապետը, – սակայն, այս ամենը ողջամիտ կլինի միայն այն ժամանակ, երբ ներգրավված կլինենք շոշափելի գործընթացներում, կենսական կարևորություն ունեցող հարաբերություններում, արդյունավետ ծրագրերում և իրական պարտավորվածություններում»:

     

    Միասնություն և քաղաքական կամք

     

    Նորին Սրբությունն իր ուղերձում ընդգծել է միասնության անհրաժեշտությունը, ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային հարթության վրա՝ ի պատասխան սովի մարտահրավերին: Այս իմաստով, կայուն զարգացման նպատակներով 2030թ. օրակարգը և Զրոյական սով նախաձեռնությունը կարիքն ունեն միջազգային կազմակերպությունների՝ ինչպիսին Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպությունն է, որոնք կկարողանան ամենայն պատասխանատվությամբ ներգրավել անդամ երկրներին, որպեսզի վերջիններս այդ նախաձեռնությունները ստանձնեն և իրականացնեն տեղական հարթության վրա: Հղում կատարելով պատուհասած սովին վերջ դնելու քաղաքական կամքի բացակայությանը՝ Սրբազան Քահանայապետը նշել է, որ սովին վերջ դնելու համար անհրաժեշտ է միայն ցանկություն և, ի վերջո, այն տեղի չի ունենա առանց բարոյական համոզմունքի, որ կիսում են բոլոր ժողովուրդները և բոլոր կրոնական կողմնորոշումները:

     

    Գործուն տեսլական

     

    Ավելի լավ է ունենալ գործուն տեսլական, քան՝ հակազդող մոտեցում: Նորին Սրբությունը հավելում է, որ, երբ տեսակետը մակերեսային է, ապա՝ չենք նկատում կառուցվածքային գործոնները, որոնք քողարկում են սովի ողբերգականությունը: Բավական է միայն հիշել դրա որոշ պատճառներ՝ ծայրահեղ անհավասարությունը, համաշխարհային պաշարների ոչ արդյունավետ բաշխումը, կլիմայական փոփոխության հետևանքները, անվերջանալի և արյունոտ հակամարտությունները, որոնք ավերում են բազմաթիվ տարածաշրջաններ: Անհրաժեշտ է զսպել սպառազինության և մահաբեր զենքի վաճառքը, որպեսզի հնարավոր լինի լսել մարդկանց ձայնն ու հուսահատ ճիչը…

    Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսն ավարտել է իր ուղերձը վկայակոչելով Կաթողիկէ Եկեղեցու աշխատանքը՝ սովի դեմ պայքարում իր առաքելության իրականացման գործում, և ավելացրել, թե նրանք, ովքեր տառապում են չքավորության պատճառով՝ չեն տարբերվում մեզանից: Նրանք մեզ հետ կիսում են նույն միսն ու արյունը, ուստի՝ արժանի են, որպեսզի իրենց բարեկամական օգնության ձեռք մեկնենք ու աջակցենք…

     

    Vatican News պարբերականից թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց