«Բազմավէպը 175 տարիներու ընթացքին դարձաւ անսպառ աղբիւր պատմաբաններու, գրագետներու, բանասէրներու, արուեստագետներու եւ ամէն գիտութեան ծառաւներուն»:
Ինչպես հայտնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում ՀՀ Սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ մեկնարկել է Մխիթարյան միաբանության «Բազմավէպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը: Այս գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, Մխիթարյան Միաբանության մեջ Քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Լևոն արքեպս. Զեքիյանը, Մխիթարյան միաբանության հայրեր Հ. Վահան ծ.վրդ. Օհանյանը, Հ. Եղիա վրդ. Քիլաղպյանը, Հ. Հարություն վրդ. Պզտիկյանը, Հ. Սերովբե վրդ. Չամուրլյանը և Հ. Գևորգ վրդ. Սարգսյանը, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ:
Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանն իր խոսքում ասաց հետյալը.
«Պատուարժան մեծարգոյ ներկայացուցիչներ, Սրբազան Հայրեր, հոգեւորականներ եւ սիրալիր հիւրեր,
նախքան Բազմավէպի գովքը հիւսելը եւ անոր փառապանծ փարքի մասին խօսելը, կ՛ուզեմ սրտագին շնորհաւորութիւններս եւ երախտագիտութիւնս յայտնել Սփիւռքի Նախարարութեան, որ անխոնջ կերպով եւ հաւատարմութեամբ կը շարունակէ յայտնել մեր ազգային թաքուն արժէքները, ինչպէս պարագան է այսօր Բազմավէպի 175 ամեակը: Բազմավէպը՝ որպէս հարազատ անդրանիկ որդին Մեծն Մխիթար Սեբաստացու՝ հիմնադրի Մխիթարեան միաբանութեան, որի շուքին տակ ամբարեցինք մեր հայագիտութիւնը:
Մեծ պատիւ կը համարեմ ինծի, Ձեզի հետ միասին տօնել երիտասարդ Բազմավէպի 175- ամեակը: Երիտասարդ կ՛ըսեմ, քանի որ Հին Կտակարանի նահապետները աւելի քան երեք հարիւր տարիներ կ՛ապրէին: Հետեւաբար Բազմավէպը դեռ երիտասարդ կը համարուի եւ մաղթանքս է, որ երկար հարիւրաւոր տարիներ ապրի ու խոր ծերութեան հասնի:
Բազմավէպի նահապետի կոչումով, պահուեցան ու պահպանուեցան մեր ազգային գիտական գրական եւ հոգեւոր արժէքները, մէկ խօսքով՝ Հայոց պատմութիւնը: Բազմավէպը 175 տարիներու ընթացքին դարձաւ անսպառ աղբիւր պատմաբաններու, գրագետներու, բանասէրներու, արուեստագետներու եւ ամէն գիտութեան ծառաւներուն:
Այս առիթով, Ձեզի կը բերեմ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ՝ Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի Հայրապետական օրհնութիւնը եւ սրտագին բարեմաղթանքներն ու շնորհաւորութիւնները նախ Մխիթարեան Միաբանութեան եւ Հայաստանի Սփիւռքի նախարարութեան՝ նման սրբանուէր գործունէութեան համար՝ մաղթելով որ այս ազգանուէր գործունէութիւնը շարունակէ գտնել նման արժէքներ, որոնք կարող են դառնալ փարոսներ ոչ միայն հայ ազգի զաւակներուն այլեւ համայն աշխարհի»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: Շնորհավորելով «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյա հոբելյանի առթիվ՝ Մխիթար Հայրապետյանը մասնավորապես նշեց. «Մխիթարյան միաբանությունը գիտական և մշակութային գործունեության հետ մեկտեղ, ստանձնելով նաև հայ լրագրության զարգացումը խթանելու պատվաբեր առաքելությունը, 175 տարի առաջ դարձավ հայ մամուլի ստեղծման հիմնաքարերից մեկը: Հայագիտության զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող «Բազմավէպ» պարբերականն ունեցել է ավելի քան չորս տասնյակ խմբագրապետ, ովքեր իրենց անմնացորդ աշխատանքով ապացուցել են, որ եվրոպական միտքն ու գաղափարները հենց իրենց շնորհիվ է ներմուծվել հայ մշակույթ: Անչափ ուրախ եմ և ինձ համար մեծ պատիվ է այսօր այս դահլիճում ողջունելու նրանցից Հայր Լևոն Զեքիյանին, Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանին, Հայր Վահան Օհանյանին և Հայր Սերովբե Չամուրլյանին»:
Դիմելով Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց. «Ձերդ գերազանցություն պարո՛ն դեսպան, խնդրում եմ իմ երախտագիտության խոսքը փոխանցել Իտալիայի ժողովրդին և կառավարությանը՝ հայասիրության, մեր ժողովրդին ցուցաբերած վերաբերմունքի, առանձնապես Իտալիայի սրտում՝ Սուրբ Ղազարի հայ ազգային հոգևոր-մշակութային ունեցվածքը կարևորելու, պահպանելու և աշխարհին ներկայացնելու համար»:
Աղբյուրը՝ ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնական կայք