«Մեր առաքելությունն է՝ վկայել Աստծո սերը, որն արտահայտվում է մեր գործերով և սրտացավությամբ»
2018-ի հոկտեմբերի 17-ին Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետության կենտրոնում տեղի ունեցավ Հայկական Կարիտասի ընդհանուր հերթական հանդիպումը տեղական և միջազգային գործընկերների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, Հ. Գառնիկ ծ. վրդ. Հովսեփյանը, գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը և ծրագրերի ղեկավարները, Կարիտաս Եվրոպայի գլխավոր քարտուղարը, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ, Լիբանանի Կարիտասի, ավստրիական Կարմիր Խաչի, Եվրոպական զարգացման բանկի, World Vision կազմակերպության ներկայացուցիչներ, ՀՀ Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ֆինանսների նախարարության, Շիրակի մարզպետարանի և այլ կազմակերպությունների աշխատակիցներ, որոնք համագործակցել են կամ ներդրումներ են ունեցել Հայկական Կարիտասի ծրագրերի իրականացման գործընթացներում:
Հանդիպումը սկսվեց Սուրբ Պատագարով, որ մատուցվեց ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի և առընթերակայությամբ Հ. Գառնիկ ծ. վրդ. Հովսեփյանի և Հ. Նարեկ վրդ. Մնոյանի:
Հանդիպման ընթացքում Հայկական Կարիտասի աշխատակիցները գործընկերների հետ միասին վերլուծեցին կատարված ծրագրերի արդյունքները, ռազմավարության և ծրագրերի գործադրման փոխադարձ համապատասխանությունը, քննարկեցին ռազմավարության կամ ծրագրային աշխատանքում անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ, սոցիալական աշխատանքի հետ կապված մարտահրավերները և նոր լուծումներ:
Բացման խոսքով նախ հանդես եկավ Արհ. Տ, Ռաֆայել արքեպս. Մինասյանը, ով խոսեց Կարիտասի ճշմարիտ իմաստի և ընդհանուր նպատակների մասին՝ շեշտելով, որ բոլորը՝ և՛ Հայկական Կարիտասը և՛ գործընկերները, կոչված են Աստծո կողմից շնորհված նույն առաքելության, որն է դրական փոփոխություններ բերել հասարակության մեջ՝ օգնելով եղբայրներին և քույրերին դուրս գալ բարոյական և սոցիալական անառողջ հասարակական կացությունից: «Մեր հասարակությունն այսօր կորցրել է ազնիվ մարդկային արժեքները: Բոլորս միասին պետք է աշխատենք փոփոխություններ բերել հենց ա՛յս ոլորտում».ասաց Սրբազան Հայրը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին երկար տարիներ Հայկական Կարիտասի հետ միասին աշխատելու համար և հույս հայտնեց որ ապագայում այդ համագործակցությունն է՛լ ավելի արդյունավետ կլինի: Ընդհանուր նախագահն ասաց, որ Հայկական Կարիտասը բաց սրտով օգնել է ոչ միայն Հայաստանում ապրող կարիքավորների, այլև Հայաստանում ապաստանած փախստականների, մեզ զոհողությունների գնով վերափոխել է նրանց կյանքը և դարձրել երջանիկ ու խաղաղ: «Սե՛րն է այն կարևորագույն բաղկացուցիչը, որ մենք պետք է կառուցենք Կարիտասում: Մեր առաքելությունն է՝ վկայել Աստծո սերը, որն արտահայտվում է մեր գործերով և սրտացավությամբ.-ընդգծեց Սրբազան Հայրը և ավելացրեց մի դիտարկում,-սիրելի՛ եղբայրներ և քույրեր, բարով եք եկել Հայաստան, բայց թույլ մի՛ տվեք, որ այն վայրը կամ երկիրը, որտեղ գտնվում եք, կառավարի ձեզ, այլ եկե՛ք մեր ռազմավարությամբ և առաջնորդությամբ ծառայենք մեր սիրելիներին, ովքեր կարիքների մեջ են: Թող մեր Տեր Հիսուսի աստվածային ողորմությունը զորացնի և օգնի մեզ՝ բարի փոփոխություններ բերելու հասարակության մեջ»:
Սրբազան Հայրը խորհուրդ տվեց, որ համագործակցությունը միշտ առաջ ընթանա, մնա Տիրոջ հովանու ներքո և առատ պտուղ տա:
Ընդհանուր նախագահից հետո հանդիպման սպասելիքների մասին խոսեց Հայկական Կարիտասի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը, ապա համագործակցության սկզբունքների մասին խոսեց Կարիտաս Եվրոպայի Ընդհանուր քարտուղար Խորխե Նունո Մայերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արսեն Մանուկյանը իրավիճակային վերլուծություն արեց՝ խոցելի խմբերի սոցիալական պաշտպանության, միգրացիայի և ինտեգրման, տնտեսական և գյուղատնտեսական զարգացման մասին:
«Հալեպ» կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Բալյանը և Շիրակի մարզպետարանի աշխատակից Սուրեն Ավդալյանը, ով, ի դեպ, եղել է Հայկական Կարիտասի շահառուներից մեկը, խոսեցին «Երեկվա շահառուն այսօրվա գործընկերն է» թեմայով:
Ապա տեղի ունեցավ «Բաց տարածք» ձևաչափով խմբային քննարկում՝ սոցիալական խոցելի խմբերի շահերի պաշտպանության, սոցիալական փոխակերպման և նորարարության, ռազմավարական փոփոխությունների անհրաժեշտության մասին:
Օրվա երկրորդ կեսին ևս մեկ քննարկում եղավ «Տաք աթոռ» ձևաչափով՝ սոցիալական պաշտպանություն և ներառում, տնտեսական զարգացում, Կարիտասը՝ որպես կամուրջ Եվրամիության և Հայաստանի միջև թեմաներով:
Հանդիպման փակման խոսքով հանդես եկավ Գագիկ Տարասյանը:
Գործընկերների հետ նման ձևաչափով հանդիպումները տեղի են ունենում երկու կամ երեք տարին մեկ անգամ:
Տ. Հովսեփ քհն. Գալստյան