• «Եկեղեցին google աստվածություն չէ». սինոդական հայրերը քննարկել են համացանցի և տոտալիտարիզմի խնդիրները

    «Մենք ապրում ենք հասարակական ճեղքվածքի ժամանակներում, ինչը նշանակում է, որ Եկեղեցին պետք է հարմարվի, որպեսզի կարողանա օգնել երիտասարդներին»:


    Հոկտեմբերի 10-ին, Երիտասարդության թեմայով անցկացվող Եպիսկոպոսների Սինոդոսի ընթացքում, ներկայացվեցին մի շարք ելույթներ, որոնք ուշադրություն հրավիրեցին այն սոցիալական համատեքստի վրա, որում երիտասարդները փորձում են ապրել իրենց հավատքը:

     

    Վատիկանի Հաղորդակցության վարչության ղեկավար Պաոլո Ռուֆֆինին այսօրվա սինոդոսյան մամլո ասուլիսը սկսեց զեկույցով՝ ներկայացնելով Սինոդոսի ընդհանուր վեհաժողովի սրահում տեղի ունեցած բազմաթիվ ելույթները: Եպիսկոպոսները սկսել են աշխատել Instrumentum Laboris (Աշխատանքային փաստաթուղթ)-ի երկրորդ մասի վրա՝ վերլուծելով այն համատեքստը, որում այսօր գտնվում են երիտասարդները:

     

    Պրն. Ռուֆֆինին պարզաբանեց նաև այն հանգամանքը, որ չինացի եպիսկոպոսները ներկա չեն լինելու Սինոդոսի ողջ ընթացքին, քանի որ, մինչ Սինոդոսին մասնակցության հրավեր ստանալը՝ այլ հանդիպումների պայմանավորվածություններ են ունեցել:

     

    Ելույթներ

     

    Մի շարք խնդիրներ առաջացան, այդ թվում՝ ուղեկցելն ու կրթելը, կոչումները, նոր «ամբողջատիրությունները»՝ նոր տոտալիտարիզմներ՝ (իրավիճակներ, որոնք ստրկացնում են երիտասարդներին և խլում նրանց ազատությունը) և, թե ինչպես ստեղծել առավել անվտանգ վայրեր՝ աջակցելու երիտասարդներին տարբերելու բարին: Պրն. Ռուֆֆինին ասաց, թե ելույթներից մեկում ասվել է, որ Եկեղեցին չի կարող վերածվել «google» Աստծո: Եղել է հայտարարություն, համաձայն որի Եկեղեցին ձախողվել է երիտասարդներին ամուսնության ընթացքում ուղեկից լինելու գործում և, որ ամուսնությունը չպետք է վերածվի արարողության:

     

    Փոփոխվող սոցիալական իրականություն

     

    Մեքսիկայից կարդինալ Կարլոս Ագիար Ռետեսն ասաց, որ բոլոր ժամանակաշրջաններում նրանք, ովքեր ամենաշատն են պայքարել՝ հարմարվելու համար սոցիալական կառուցվածքին՝ երիտասարդներն են: Ըստ նրա, մենք ապրում ենք հասարակական ճեղքվածքի ժամանակներում, ինչը նշանակում է, որ Եկեղեցին պետք է հարմարվի, որպեսզի կարողանա օգնել երիտասարդներին: Կարդինալն ասաց, թե Վատիկան II-ի ընդհանուր տեսլականը կարող է օգնել մեզ ստեղծելու կայունություն և ճանապարհ դեպի առաջ:

     

    Լյուքսեմբուրգի Արքեպիսկոպոս Ժան-Կլոդ Հոլլերիքն ասաց, որ աշխարհը քաղաքակրթության խորը և լիակատար փոփոխության է ենթարկվում: Արքեպիսկոպոսը շփվում է երիտասարդների հետ, կան երիտասարդներ, ովքեր բնակվում են եպիսկոպոսական կեցավայրում, և նա հասկացել է, որ նրանք բոլորովին այլ կերպ են ապրում: Նա ինքն իր համար բացահայտել է այն փաստը, որ շատ երիտասարդներ երբևէ գիրք չեն կարդացել, փոխարենը՝ դիտում և մեջբերումներ են անում Նեթֆլիքսից:

     

    «Ընկալումը, – ասաց արքեպիսկոպոսը, – ոչ թե սևի և սպիտակի զատորոշումն է, այլ՝ իրականության բազմազան գույների և նրբերանգների բացահայտումը: Ընկալումը կարծիքների բախում չէ, այլ՝ ավելի շատ լսելու, զգալու և տեսնելու ունակությունը, թե Աստված ինչ է ուզում, որ մենք անենք: Ահա, թե ինչն է այս Սինոդոսի նպատակը, – նշեց նա:

     

    Ամբողջատիրություն

     

    Կարդինալ Ռետեն ասաց, որ ամբողջատիրությունը փորձություն է հասարակության համար, հատկապես՝ քաղաքականության և տնտեսության մեջ: Նա ասաց, որ ժողովի ընթացքում քննարկվել են ամբողջատիրության բազմաթիվ տեսակներ, խոսեց համացանցում անանունության մասին, որն ազդում է որոշակի գաղափարախոսությունների առաջացման վրա:

     

    Արքեպիսկոպոս Հոլլերիքն ասաց, որ անհանգստացած է Եվրոպայում տիրող պոպուլիզմով, որը կարող է Եվրոպայի փլուզման պատճառ դառնալ՝ մայրցամաքների կայունությունը դնելով սպառնալիքի տակ: Սինոդոսի ժամանակ քաղաքականության մասին ուղղակիորեն չի խոսվում, սակայն հավատացած են, որ, եթե մեր ուշադրությունը կենտրոնացնենք հասարակությունից դուրս մղվածների՝ մարգինալացված մարդկանց վրա, ապա՝ կաշխատենք կանխել պոպուլիզմի աճը: Ըստ Արքեպիսկոպոսի, Սինոդոսը մի լավ հակաթույն է պոպուլիզմի դեմ:

     

    Ուրախալի համագործակցություն

    Բրիանա Ռեգինա Սանտիագոն՝ աշխարհիկ մի ունկնդիր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, լրատվամիջոցներին պատմեց, որ երիտասարդներն ասել են իրենց խոսքը և որ կանչված են եղել մեկնաբանելու շատ ավելին, քան ակնկալում էին խմբային քննարկումների ժամանակ: Նա ասաց, որ չի կարող խոսքերով արտահայտել, թե որքան հիասքանչ է եղել մասնակցությունը Սինոդոսին և չի լսել, որ որևէ երիտասարդ բացասական տպավորություն ստացած լինի: Տեղի է ունեցել բաց երկխոսություն, որը եղել է ուսուցողական, հարստացնող և միջսերնդային:

     

    Vatican News պարբերականից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց