Սրբազան Քահանայապետը, մասնավորապես, զգուշացրեց ինչպես «կղերապաշտության չարիքի» և «եսասիրության վիրուսի» մասին:
Հոկտեմբերի 3-ի երեկոյան Եպիսկոպոսների Սինոդոսի 15-րդ համագումարի առաջին նիստից առաջ մասնակից հայրերը աղոթեցին երեկոյան ժամերգություն: Ապա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն բացման իր ուղերձը հղեց ներկաներին: Նա ասաց, թե «Սինոդոսը, որ անցկացնում ենք, կարծիքների փոխանակման ժամանակ է»՝ փոխանակում, որը պետք է միևնույն ժամանակ ներառի խիզախ ու անկեղծ խոսք, և համեստորեն լսելու ունակություն: «Սինոդոսը»,- ասաց նա, – «պետք է երկխոսության դրսևորում լինի», – հատկապես նրանց համար, ովքեր համաժողովի անմիջական մասնակիցներն են:
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Սինոդոսը «ընկալման եկեղեցական մի վարժանք է, ներքին դիրքորոշում՝ արմատավորված հավատքի մեջ»: Այս հերթական համագումարի նորարարություններից մեկը լռության րոպեն կլինի՝ յուրաքանչյուր հինգ ելույթից հետո, հատկապես մասնակիցների համար, որպեսզի կարողանան ընկալել այն, ինչ լսել են:
Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի խոսքի հիմնական միտքը լսելու կարևորությունն էր, որպեսզի Եկեղեցին կարողանա «լսել ու համընթաց քայլել»: Նա ասաց, որ պետք է «հետևում թողնենք» մեր «նախապաշարմունքներն ու կարծրատիպերը»: Սրբազան Քահանայապետը, մասնավորապես, զգուշացրեց ինչպես «կղերապաշտության չարիքի» և «ինքնագոհության վիրուսի» մասին:
Չնայած այն անախորժություններին, որոնց այսօր բախվում է Եկեղեցին, Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը հիշեցրեց. «Մեր հավատքը հուշում է մեզ, որ սա նաև Kairos-ն է՝ Աստծո ժամանակը, երբ Տերը գալիս է մեզ հանդիպելու, որպեսզի սիրով շրջապատի և լիառատ կյանքի կոչի»:
«Թո՛ղ որ Սինոդոսն արթնացնի մեր սրտերը», – հայտարարեց նա՝ հույս հայտնելով, որ,- «սերունդների միջև երկխոսությունը կարող է չափազանց արդյունավետ լինել՝ հույս առաջացնելու համար»:
Սինոդոսի բացման իր խոսքում Նորին Սրբությունն ասաց. «Եկե՛ք հաղորդակցվենք ապագայի հետ, որպեսզի այս օրերից քաղենք ոչ միայն մի փաստաթուղթ, որը սովորաբար ընթերցվում է քչերի, բայց քննադատվում շատերի կողմից, այլ, նախ և առաջ, որոշակի հովվական առաջարկներ, որոնցով հնարավոր է իրականացնել Սինոդոսի նպատակը»:
Vatican News պարբերականից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը