Աղոթում ենք Արհիապատիվ Սրբազան Հոր համար և Տիրոջից հայցում առատ շնորհներ՝ պտղաբեր և աստվածահաճո ծառայության համար՝ ի փառս Հայ Կաթողիկէ Եկեղեցու
2018թ. սեպտեմբերի 29-ին, Հռոմի Սբ. Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցում, Հայրապետական Սբ. Պատարագ մատուցեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոսը: Սբ. Պատարագի ընթացքում տեղի ունեցավ Լատինական Ամերիկայի նորընտիր առաջնորդ Գերհ. Հ. Պողոս Լևոն Ծ. Վ. Հաքիմյանի եպիսկոպոսական ձեռնադրությունը` ձեռամբ Ամենապատիվ հոգևոր տիրոջ, առընթերակայությամբ Լատինական Ամերիկայի Հայ Կաթողիկե թեմի վաստակավոր առաջնորդ Արհ. Տ. Վարդան Եպս. Պողոսյանի, Բեյրութի թեմի Պատրիարքական փոխանորդ Արհ. Տ. Գեորգ Եպս. Ասատուրյանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդ Արհի. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, Եգիպտոսի թեմի առաջնորդ և Պատրիարքական փոխանորդ Արհի. Տ. Օգոստինոս Գրիգոր Եպս. Գուսանի:
Սուրբ արարողությանը ներկա էին Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Հունաստանի թեմի առաքելական կառավարիչ Գերապայծառ Տ. Հովսեփ Թ. Ծ. Վ. Պեզեզյանը, Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի մեծավոր Գերհ. Հ. Նարեկ Ծ. Վ. Նաամոյանը, վարդապետներ, քահանաներ, Անարատ Հղության միաբան հայ քույրեր, Հաքիմյան ընտանիքի անդամներ և մեծ թվով հավատացյալներ:
Հայր Պողոս Հաքիմյանը ծնվել է 1953թ.-ի նոյեմբերի 11-ին Կահիրեում (Եգիպտոս): Վաղ հասակում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Արգենտինա: Տեղի վարժարանում կրթություն ստանալուց հետո՝ 1976թ. սեպտեմբերի 27-ին, ընդունվել է Հռոմի Լևոնյան Քահանայապետական վարժարան, և Հռոմի Դոմինիկյան Հայրերի Սուրբ Թովմաս Աքինացու քահանայապետական համալսարանում ուսանել է փիլիսոփայություն և աստվածաբանություն, ինչպես նաև հովվական աստվածաբանություն:
Քահանա է ձեռնադրվել 1981թ.-ի օգոստոսի 14-ին Բուենոս Այրեսում, ձեռամբ Բաղդադի այն ժամանակվա թեմի առաջնորդ՝ Արհ. Տ. Հովհաննես Արքեպս. Գասպարյանի, ով հետագայում դարձավ Հովհաննես Պետրոս ԺԸ Կաթողիկոս Պատրիարք:
1981-1984թթ. Բուենոս Այրեսում պաշտոնավարել է որպես ժողովրդապետի օգնական, 1984-1987թթ. Սան Պաուլոյում՝ որպես ժողովրդապետ, ապա՝ դարձյալ Բուենոս Այրեսում՝ 1987-2002թթ., այս անգամ իբրև ժողովրդապետ:
2002-2003թթ. նշանակվել է Ալեքսանդրիայի Հայ Կաթողիկե թեմի Պատրիարքական հոգաբարձու, այնուհետև վերադառնալով Արգենտինա՝ ստանձնել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Նարեկացի Հայ Կաթողիկե աթոռանիստ եկեղեցու ժողովրդապետի պաշտոնը, մինչև այսօր, երբ ձեռնադրվեց որպես եպիսկոպոս:
Նա տիրապետում է հայերեն, իսպաներեն, պորտուգալերեն, իտալերեն և արաբերեն լեզուներին:
Նյութի աղբյուրներն են Հայ Կաթողիկէ Պատրիարքության և Ռադիո Վատիկանի կայքերը