• Ֆրանցիսկոս Քահանայապետը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի սահմանին կոչ է արել զերծ մնալ զենքի սպառնալիքներից

    Որոշ ժողովուրդներ խոսում են բարձրաձայն, միանգամայն ինքնավստահ՝ առանց կասկածների կամ տարակուսանքի: Մյուսները բղավում և զենքի գործադրման, զորքերի ծավալման և ռազմավարությունների կիրառման սպառնալիքներ են շպրտում…


    Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Բալթյան երկրներ իր ուղևորությունը սեպտեմբերի 25-ին եզրափակել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Ազատության Հրապարակում Ս. Պատարագ մատուցելով: Նրա քարոզում կա ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև սահմանի զինաթափման մասին աշխարհաքաղաքական ակնարկ: Կալինինգրադի մոտակայքում Մոսկվան վերադիրքավորել է Իսկանդեր միջուկային գլխիկով հրթիռներ, իսկ Ատլանտյան դաշինքը Բալթյան երկրներ է ուղարկել զորքեր և սպառազինություն:

     

    «Այս օրերին կարող ենք մտածել, թե ժողովրդի ուժը չափվում է այլ միջոցներով: Որոշ ժողովուրդներ խոսում են բարձրաձայն, միանգամայն ինքնավստահ՝ առանց կասկածների կամ տարակուսանքի: Մյուսները բղավում և զենքի գործադրման, զորքերի ծավալման և ռազմավարությունների կիրառման սպառնալիքներ են շպրտում… Այդպիսով նրանք ավելի ուժեղի տպավորություն են թողնում: Սակայն, սա ոչ թե «ձգտում» է Աստծո կամքին, այլ՝ իշխանություն ստանալուն, որպեսզի իշխեն ուրիշներին: Խորքային այս դիրքորոշումը էթիկայի մերժում է, և համապատասխանաբար, մերժում Աստծո»:

     

    Էստոնիայի նման երկրում, որտեղ բնակչության ավելի քան 70 տոկոսն իրեն անհավատ է համարում, մոտ 10.000 մարդ էր ներկա Պապի մատուցած Սբ. Պատարագին: Նրանցից շատերը կաթողիկեներ չեն: Պապական բեմահարթակում գերակշռող տեղ էր զբաղեցնում Էստոնիայի Հաղթանակի և Անկախության Զորասյունը, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2009թ.՝ ի հիշատակ հինգ հազար էստոնացիների, ովքեր զոհվեցին և տասնհինգ հազար զինվորների, ովքեր վիրավորում ստացան 1918-1920թթ. Ռուսաստանից անկախացման համար մղված պատերազմի ընթացքում: Այն ունի 23 մ. բարձրություն և կազմված է լուսադիոդային լամպերով լուսավորված հարյուր քառասուներեք  թերթավոր ապակիներից: Վերևում զինվորական սխրանքի բարձրագույն պարգևի՝ Ազատության խաչի մեծ կրկնօրինակն է:

     

    Իր քարոզում, մեկնաբանելով ընթերցվածը՝ Եգիպտոսի գերությունից ազատված հրեա ժողովրդի մոտենալը Սինայ լեռանը, Սրբազան Քահանայապետն ասաց. «Ինչպե՞ս կարող ենք չմտածել ձեր ունեցած ավանդի մասին՝ Երգող հեղափոխության մեջ կամ այստեղից մինչև Վիլնյուս ձգվող երկու միլիոնանոց մարդկային շղթայում: Դուք գիտեք ինչ ասել է պայքարել հանուն ազատության, դուք կարող եք նույնանալ այդ մարդկանց հետ»:

     

    «Մարդիկ, ովքեր եկան Սինա լեռ արդեն իսկ տեսել էին իրենց Աստծո սերը՝ արտահայտված հրաշքներով և զորավոր նշաններով: Նրանք ժողովուրդ էին, ովքեր սիրո դաշինք էին կնքել, քանի որ Աստված առաջինը սիրեց և իր սերը ճանաչել տվեց նրանց: Նրանք պարտավոր չէին նույն կերպ վարվել, քանի որ Տերը ցանկանում է, որ մենք ազատորեն սիրենք: Երբ ասում ենք, թե քրիստոնյաներ ենք, երբ որոշակի կենսակերպի ենք հետևում, ապա դա անում ենք առանց ճնշման, առանց ինչ-որ փոխզիջման, երբ մենք հավատարիմ ենք մնում, եթե Աստված պահում է իր խոստումը: Նախ, մենք գիտենք, որ Աստծո խոստումը մեզ որևէ բանից չի զրկում, ընդհակառակն, այն առաջնորդում է դեպի մեր բոլոր մարդկային ցանկությունների իրականացում: Ոմանք կարծում են, թե ազատ են, երբ ապրում են առանց Աստծո կամ պահում են նրան հասանելի հեռավորության վրա: Նրանք չեն գիտակցում, որ այսպես վարվելով՝ այս կյանքի ճանապարհն անցնում են որբերի նման՝ առանց տան, ուր կարող են վերադառնալ»:

     

    «Ինչպես ժողովուրդը, որը դուրս եկավ Եգիպտոսից, – ավելացնում է Նորին Սրբությունը, – մենք պետք է լսենք և փնտրենք: Այս օրերին կարող ենք մտածել, թե ժողովրդի ուժը չափվում է այլ միջոցներով: Որոշ ժողովուրդներ խոսում են բարձրաձայն, միանգամայն ինքնավստահ՝ առանց կասկածների կամ տարակուսանքի: Մյուսները բղավում և զենքի գործադրման, զորքերի ծավալման և ռազմավարությունների կիրառման սպառնալիքներ են շպրտում… Այդպիսով նրանք ավելի ուժեղի տպավորություն են թողնում: Սակայն, սա ոչ թե «ձգտում» է Աստծո կամքին, այլ՝ իշխանություն ստանալուն, որպեսզի իշխեն ուրիշներին: Խորքային այս դիրքորոշումը էթիկայի մերժում է, և համապատասխանաբար, մերժում Աստծուն»:

     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը ևս մեկ անգամ նշում է սպառողականության ռիսկերը. «Դուք ձեր ազատությունը ձեռք չեք բերել, որպեսզի ձեր կյանքն ավարտեք որպես սպառողականության, անհատապաշտության, իշխանության կամ տիրապետության համար ծարավի գերիներ»: Սրբազան Քահանայապետը բացատրում է. «Ընտրված լինել չի նշանակում լինել բացառիկ կամ աղանդավոր: Մենք խմորիչի այն փոքրիկ չափաբաժինն ենք, որը պետք է բարձրացնի խմորը, մենք չենք թաքնվում կամ նահանջում, կամ ինքներս մեզ համարում ամենալավը կամ ամենակատարյալը: Արծիվը պատսպարում է իր ձագերին, նրանց վերև է բարձրացնում, մինչև որ կարողանան իրենք իրենց մասին հոգ տանել: Այնուհետև, նա պետք է ստիպի նրանց դուրս գալ իրենց հարմարավետ գոտուց: Նա թափահարում է նրանց բույնը, ստիպում օդ բարձրանալ, որտեղ պետք է իրենց թևերը տարածեն, իսկ ինքը՝ թռչում է ներքևում, որպեսզի պաշտպանի նրանց և թույլ չտա, որ իրենք իրենց վնասեն: Ահա այսպես է վարվում Աստված իր ընտրյալ ժողովրդի հետ: Նա ուզում է, որ նրանք «առաջ շարժվեն» և խիզախորեն թռչեն՝ իմանալով, որ միշտ պաշտպանված են միմիայն Նրա կողմից: Մենք պետք է մեր վախերը ետևում թողնենք և առաջ շարժվենք մեր ապահով վայրերից, որովհետև այսօր, էստոնացիներից շատերն իրենք իրենց որպես հավատացյալներ չեն ճանաչում»:

     

    «Այսօր, – եզրափակեց Նորին Սրբությունը, – մենք ընտրում ենք սուրբ լինելը՝ աջակցելով մեր հասարակության եզրագծում կամ դրանից դուրս մղվածներին, որտեղ էլ որ մեր եղբայրներն ու քույրերը գետին տապալված կամ մերժված լինեն: Մենք չենք կարող մտածել, թե ուրիշ մեկը կանգ կառնի ու կօգնի կամ որ սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն հաստատությունների կողմից: Հենց մենք պետք է մեր հայացքն ուղղենք այդ եղբայրներին ու քույրերին և օգնության ձեռք մեկնենք, քանի որ նրանք Աստծո նմանությամբ են ստեղծված, նրանք մեր եղբայրներն ու քույրերն են»:

     

    Vatican Insider պարբերականից թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց