• «Երկու քայլ առաջ, մեկ քայլ ետ». ինչու՞ է Սուրբ Աթոռը համաձայնագիր ստորագրել Չինաստանի հետ

    «Չինաստանի բոլոր կաթողիկէներին հրավիրում եմ հաշտության». Ֆրանցիսկոս Քահանայապետ, Նամակ Չինաստանի կաթողիկէներին, 26 սեպտեմբերի, 2018


      2018թ. սեպտեմբերի 22-ին Հռոմի Սուրբ Աթոռը համաձայնագիր է ստորագրել Չինաստանի կառավարության հետ՝ Չինաստանի կաթողիկէ եպիսկոպոսների նշանակման կարգի մասին, ըստ որի եպիսկոպոսների թեկնածությունների շուրջ քննարկումներ են լինելու Սուրբ Աթոռի և Չինաստանի կառավարության միջև, բայց նշանակման մասին վերջնական որոշումը կայացնելու է Սուրբ Աթոռը: Այս համաձայնագիրը շատ կարևոր բեկումնային իրադարձություն է՝ Չինաստանի կաթողիկէ Եկեղեցու համար, որ յոթ տասնամյակից ավելի իր կրոնական կյանքը ապրում է մեծ դժվարություններով. մշտապես հալածանքների է ենթարկվել կոմունիստական վարչակարգի կողմից, եպիկոպոսներն ու քահանաները իրենց հավատացյալների մասին հոգ են տարել ընդհատակյա ծառայությամբ, ծպտված, վախի և ճնշման մթնոլորտի մեջ, պաշտամունքային կյանքը գաղտնի է եղել: Հալածանքները, կաթողիկէ համայնքի ղեկավարումը իր կամայականություններին ենթարկելու չինական կառավարության ճնշումներն, ի վերջո, հանգեցրել են կաթողիկէ համայնքի երկփեղկմանը. համայնքի մի հատվածը շարունակում է իր ընդհատակյա դժվարին կյանքը, իսկ մի հատվածն էլ դարձել է այսպես կոչված «հայրենասերների միություն» և կառավարության հովանավորությամբ և, անշուշտ, ողղորդմամբ, սկսել է իր պաշտամունքային կյանքն ավելի ազատ ապրել, նույնիսկ ձեռնադրվել են յոթ եպիսկոպոսներ՝ քաղաքական իշխանության հրահանգով և առանց Սրբազան Քահանայապետի նշանակման և արտոնության: Երկար տարիներ այս բարդ իրավիճակի շուրջ բանակցություններ են ընթացել Սուրբ Աթոռի և Չինաստանի վարչակարգի միջև՝ սկսած Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետից և շարունակվելով Բենեդիկտոս ԺԶ Քահանայապետի օրոք:

     

    Այս համաձայնագիրը, ինչպես բացատրել է Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը իր սեպտեմբերի 26-ի պաշտոնական նամակում, ազդարարում է երկխոսության նոր փուլի սկիզբը, որին կաթողիկէ ամբողջ Եկեղեցին պետք է վերաբերի նրբազգացությամբ և հավատքի վստահությամբ, այլ ոչ թե հակառակության ոգով: Բանն այն է, որ այս համաձայնագիրը մեծ աղմուկ է բարձրացրել, հատկապես, Չինաստանի ընդհատակյա կամ «պահպանողական» կաթողիկէ համայնքի ներկայացուցիչների մոտ, ովքեր կարծում են, թե իրենց տառապանքները ի զուր են դարձել: Կարդինալ Ջոզեֆ Զենը, նույնիսկ, Քահանայապետին մեղադրում Եկեղեցին Չինաստանի կառավարությանը վաճառելու մեջ: Երբ այս մասին Քահանայապետին հարց ուղղվեց սեպտեմբերի 25-ին Էստոնիայից Հռոմ վերադարձի ճանապարհին, ինքնաթիռում, նա պատասխանեց հետևյալ կերպ.

     

     «Սա երկար տարիների պատմություն ունեցող գործընթաց է՝ երկխոսություն է եղել Վատիկանի հանձնաժողովի և Չինաստանի հանձնաժողովի միջև՝ եպիսկոպոսների նշանակման հարցի կարգավորման շուրջ: Վատիկանյան թիմը գործի է դրել բոլոր ջանքերը, կցանկանայի նշել մի քանի անուններ՝ մոնսենյոր Կլաուդիո Մարիա Չելլի, ով համբերատարությամբ բանակցությունների մեջ է եղել տարիներ շարունակ: Ջիանֆրանկո Ռոտա Գրացիոզին՝ կուրիայի համեստ, յոթանասուներկուամյա անդամը, ով ցանկություն ուներ ծխական քահանա դառնալու, սակայն մնաց Կուրիայում՝ այս գործընթացին աջակցելու համար: Պետքարտուղարը (Պիետրո Պարոլին), ով շատ նվիրված մարդ է, բայց ամեն ինչ խոշորացույցի ներքո դիտելու առանձնահատուկ հակում ունի. նա ուսումնասիրում է բոլոր փաստաթղթերը՝ յուրաքանչյուր կետստորակետ, ու նշան: Սա ինձ մեծ վստահություն է ներշնչում: Այսպիսի որակներ ունեցող թիմը հաջողության է հասել: Դուք գիտեք, որ, երբ խաղաղության համաձայնագիր է կնքվում՝ երկու կողմերն էլ ինչոր բան են կորցնում: Այսպիսին է օրենքը՝ երկու կողմերն էլ: Մենք երկու քայլ առաջ շարժվեցինք, մեկ քայլ՝ ետերկու քայլ առաջ և մեկ քայլ ետ: Այնուհետև, ամիսներ շարունակ ոչ մի բանակցություն չկար: Աստծո ժամանակն է, որ հիշեցնում է չինական ժամանակը: Հանդարդությամբ, սա է չինական իմաստությունը: Եպիսկոպոսներն, ովքեր դժվարին իրավիճակում էին, քննվել են անհատապես: Նրանց գործերից յուրաքանչյուրը դրվել է իմ սեղանին: Ստորագրման պատասխանատվությունն ինձ վրա էր դրված (յոթ եպիսկոպոսների համար Պապի հետ հաղորդության վերականգնումը): Ինչ վերաբերում է համաձայնագրին. վերադարձված նախագծերի վերաբերյալ ես իմ կարծիքն էի հայտնում, դրանք քննարկվում էին և առաջ շարժվում: Ես մտածում եմ դիմադրության մասին, կաթողիկէների մասին, ովքեր տառապել են, ճիշտ է, նրանց համար դժվար կլինի: Համաձայնության մեջ միշտ էլ տառապանք կա, բայց նրանց հավատքը մեծ է: Նրանք գրում են ինձ, հաղորդագրություններ են ուղարկում, որպեսզի ասեն, որ այն ինչ Սուրբ Աթոռը, ինչ Պետրոսն է ասում, այն է՝ ինչ Հիսուսն է ասում: Այս ժողովրդի հավատքի մարտիրոսությունն այսօր էլ շարունակվում է: Նրանք ուժեղ են: Ես ստորագրեցի համաձայնագիրը: Ես եմ պատասխանատու անձը, մյուսներն աշխատել են ավելի քան տասը տարի: Սա իմպրովիզացիա չէր՝ ճիշտ ճանապարհ էրՉինաստանի հավատացյալները գրել են ինձ և նամակը ստորագրված էր, այսպես կոչված, «ավանդական կաթողիկէ» Եկեղեցու եպիսկոպոսի և «հայրենասիրական» Եկեղեցու եպիսկոպոսի կողմից, երկուսը միասին և հավատացյալների երկու համայնքների հետ միասին: Ինձ համար դա Տիրոջ կողմից նշան էր: Չմոռանանք նաև, որ Լատինական Ամերիկայում 350 տարվա ընթացքում Պորտուգալիայի և Իսպանիայի թագավորներն էին նշանակում եպիսկոպոսներին: Չմոռանանք ԱվստրոՀունգարական Կայսրության դեպքը: Դարաշրջաններ, որոնք, փառք Աստծո, ետ չեն վերադառնա: Խոսքը վերաբերում է հնարավոր թեկնածությունների քննարկմանը, բայց Սուրբ Աթոռն է նշանակում կատարում, Պապն է նշանակում կատարում՝ սա հստակ է: Եվ մենք աղոթում ենք նրանց տառապանքների համար, ովքեր չեն հասկանում կամ ովքեր «ընդհատակյա կյանքի» բազմաթիվ տարիներ ունեն իրենց հետևում»:

     

    Սեպտեմբերի 26-ի իր պաշտոնական նամակում, որը ներկայացվեց ընդհանուր ունկդրության ժամանակ, Քահանայապետը իր գնահատանքն է բերում տարիներ շարունակ հալածանքներ կրած չինական համայնքի նկատմամբ՝ միաժամանակ խնդրելով նրանց հասկանալ իրեն և վստահել Եկեղեցու հավատքին Աբրահամի վստահությամբ, երբ նա անսաց Աստծո խոստմանը և ճանապարհ ընկավ դեպի Ավետյաց երկիր՝ առանց իմանալու, թե ինչպիսի ճանապարհ է իրեն սպասվում: Նա չպահանջեց քաղաքական, սոցիալական փոխություններ՝ ճանապարհ ընկնելուց առաջ, այլ՝ հենց իր հավատքը փոխեց հրեա ժողովրդի պատմությունը: Հիշեցնելով իր՝ Պետրոս առաքյալի հաջորդը լինելու փաստը՝ Քահանայապետն իր նամակում գրում է. «Ես ուզում եմ ձեզ հաստատել այս հավատքի մեջ (հմմտ.՝ Ղկ.22, 32) և խնդրում եմ ձեզ ավելի ամուր վստահել պատմության Տիրոջը և  Տիրոջ կամքի՝ Եկեղեցու ընկալմանը»:

    Քահանայապետը նաև իրավունք է տվել առանց իր արտոնության ձեռնադրված յոթ եպիսկոպոսների վերականգնել իր և Կաթողիկէ Եկեղեցու հետ լիակատար հաղորդությունը, որից ինքնաբերաբար զրկվել էին առանց Պապի արտոնության եպիսկոպոսական ձեռնադրություն ընդունելու հետևանքով: Քահանայապետը նրանց կոչ է անում ցույց տալ իր և Ընդհանրական Եկեղեցու հետ հաղորդության և միության կոնկրետ քայլեր և միավորվել Չինաստանի կաթողիկէ համայնքի բոլոր հատվածների հետ:

     

    Միության կոչ անելով Չինաստանի բոլոր կաթողիկէ հավատացյալներին՝ Քահանայապետը միաժամանակ կարևոր է համարում լինել Չինաստանի պետության լավ, օրինակելի, հայրենասեր քաղաքացիներ և երկխոսել կառավարության հետ, գտնել ուղիներ՝ անցյալի վերքերը հաղթահարելու համար:

     

    Նոր համաձայնագրի ստորագրումն, այսպիսով լավ կշռադատված և դժվարին մի քայլ է՝ Չինաստանի կաթողիկէ համայնքը վերամիավորելու, պառակտումից փրկելու և ընդհատակյա կյանքը թեթևացնելու համար: Որպես արդյունք, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Չինաստանի մի քանի եպիսկոպոսներ կմասնակցեն Սուրբ Աթոռում գումարվելիք ամենամյա եպիսկոպոսական սինոդների աշխատանքներին:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

    Հրանուշ Սարգսյան

Օրացույց

Օրացույց