• Անվերապահորեն հարգել և սիրել ծնողներին․Ֆրանցիսկոս Քահանայապետ

    Սիրո լույսի ներքո մեր տխուր և դառը փորձառությունը դառնում է ուրիշների բարգավաճման աղբյուրը:


     

    Նորին Սրբություն Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի 2018թ. սեպտեմբերի 19-ի քարոզը նվիրված էր չորրորդ պատվիրանին. «Պատվի՛ր քո հորն ու մորը»:

     

    «Ծնողների նկատմամբ հարգանքն առաջնորդում է դեպի երկար ու երջանիկ կյանք», – ասաց Սրբազան Քահանայապետը՝ սեպտեմբերի 19-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ` նշելով, որ տասը պատվիրաններում «երջանկություն» բառը գործածվում է միայն ծնողների վերաբերյալ: Իրականում, չորրորդ պատվիրանը խոստում է. «դու կարող ես ապրել երկար և ամեն ինչ լավ կլինի այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ»:

     

    – Հումանիտար գիտությունների շնորհիվ, – ասաց Նորին Սրբությունը, – ի վիճակի ենք հասկանալ՝ արդյոք մարդը մեծացել է առողջ և հավասարակշռված միջավայրում, թե մանկության տարիներին լքվել կամ բռնության է ենթարկվել:

     

    Ոչ կատարյալ ծնողներ

     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոսն ասաց, որ չորրորդ պատվիրանը չի պահանջում, որ մայրերն ու հայրերը կատարյալ լինեն, և խոսում է երեխաների պարտքի մասին՝ անկախ իրենց ծնողների արժանիքներից: Նույնիսկ, եթե ոչ բոլոր ծնողներն են լավը և ոչ բոլորի մանկությունն է երջանիկ, բոլոր երեխաները կարող են երջանիկ լինել, քանի որ լիարժեք և երջանիկ կյանքի հասնելու համար անհրաժեշտ է երախտապարտ լինել նրանց, ովքեր կյանք են պարգևել իրենց զավակներին:

     

    Օրինակելի սրբեր

     

    Հաշվի առնելով սա` Սրբազան Քահանայապետը մատնանշեց մի քանի օրինակելի սրբերի և քրիստոնյաների, ովքեր, չնայած դժվար մանկությանը, «լուսավոր կյանք» են ապրել՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ նրանք հաշտվել են կյանքի հետ: Նման մի օրինակ է տասնիննամյա իտալացի Նունցիո Սուլպրիցիոն, ով սրբերի շարքը կդասվի հաջորդ ամիս: Նա մահացավ համակերպված չափազանց մեծ ցավի և այլ դժվարությունների հետ, քանի որ նրա սիրտն անխռով էր, և նա երբեք չմերժեց իր ծնողներին:

     

    Սուրբ Կամիլլուս դե Լելլիսը, ով սիրո և ծառայության կյանք ապրեց քաոսային մանկությունից հետո: Սրբուհի Ժոզեֆին Բաքիտան մեծացել է սոսկալի ստրկության պայմաններում: Երանելի Կարլո Գնոչչին որբ էր ու աղքատ, և Սուրբ Հովհաննես Պողոս II-ը, ով կորցրել էր մորը վաղ հասակում:

     

    Վերստին ծնված

     

    Ինչպիսին էլ որ լինի մարդու անցյալը, – ասաց Նորին Սրբությունը, – չորրորդ պատվիրանը մեզ ուղղորդում է դեպի Քրիստոս, ում մեջ երևում է ճշմարիտ Հայրը, ով մեզ կոչ է անում «վերստին ծնվել վերևից»: Ուստի, «մեր կյանքի առեղծվածի վրա լույս է սփռվում, երբ մենք բացահայտում ենք, որ Աստված միշտ մեզ՝ որպես Իր զավակների, պատրաստել է կյանքի համար, որտեղ յուրաքանչյուր մեր գործողություն Իր կողմից մեզ հանձնարարված մի առաքելություն է:

     

    Աստծո ողորմածության շնորհիվ մեր վերքեր»ը ուժ են ստանում բացահայտելու, որ իսկական առեղծվածն, այսուհետև, ոչ թե «ինչու՞»-ն է, այլ՝ «ու՞մ կողմից»-ը: Այսպիսով, ամեն ինչ փոխվում է և դառնում արժեքավոր ու կառուցողական:

    Սիրո լույսի ներքո մեր տխուր և դառը փորձառությունը դառնում է ուրիշների բարգավաճման աղբյուրը: Հետևաբար, կարող ենք սկսել մեծարել մեր ծնողներին՝ չափահաս երեխաների իրավունքով և իրենց սահմանափակումների սիրալիր ընդունմամբ:

     

    Երբե՛ք մի վիրավորեք

     

    Եզրափակելով իր խոսքը` Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը քրիստոնյաներին հորդորեց այցելել իրենց ծեր ծնողներին, և երբեք նրանց չվիրավորել տգեղ ու նախատինքի խոսքերով, այդ թվում և ուրիշների ծնողներին, քանի որ նրանք կյանք են պարգևել մեզ:

     

    Vatican News կայքից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը

     

     

Օրացույց

Օրացույց