• Հիսուս պարզ էր և մոտ էր մարդկանց. սրանու՛մ է Նրա իշխանությունը

    «Նա իր ժամանակի մեծ մասն անցկացրեց ճանապարհներին՝ շփվելով, գրկախառնվելով, լսելով և մարդկանց աչքերի մեջ նայելով: Նա մոտ էր մարդկանց՝ ահա՛ թե ինչում է կայանում նրա իշխանությունը». Ն. Ս. Ֆրանցիսկոս


     

    2018-ի սեպտեմբերի 18-ին Սուրբ Մարթայի տաճարում մատուցած Ս. Պատարագի ժամանակ Նորին Սրբություն Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի քարոզի կիզակետում Հիսուսն էր՝ մարդկանց մերձավոր, մարդկանց համար իր կյանքը զոհող Քաջ Հովվի իր կերպարով:

     

    Սեպտեմբերի 18-ին Սուրբ Մարթայի տաճարում մատուցած Սբ. Պատարագի ժամանակ իր քարոզում Նորին Սրբությունն անդրադարձավ օրվա ավետարանական ընթերցմանը (Ղուկ. 7, 11-17), որտեղ պատմվում է Նա­յինում ապրող այրի կնոջ որդու հարության մասին: Նա ներկայացրեց Հիսուսին՝ որպես հովվի խորհրդանիշ, ում իշխանությունը բխում է իր կարեկցանքից, որն արտահայտված է հեզության, քնքշության և մարդկանց նկատմամբ մերձավորության մեջ: Սրբազան Քահանայապետը կոչ արեց հոգևոր հովիվներին ընդօրինակել Հիսուսին՝ մոտ լինելով հասարակ մարդկանց, ոչ թե՝ ազդեցիկ մարդկանց կամ գաղափարախոսներին, ովքեր «թունավորում են հոգիները»:

     

    Հիսուսի իշխանության աղբյուրը

     

    «Թե ինչում է կայանում Հիսուսի իշխանությունը, – բացատրեց Սրբազան Քահանայապետը, –  այն է, որ նա իր ժամանակի մեծ մասն անցկացրեց ճանապարհներին՝ շփվելով, գրկախառնվելով, լսելով և մարդկանց աչքերի մեջ նայելով: Նա մոտ էր մարդկանց՝ ահա՛ թե ինչում է կայանում նրա իշխանությունը»:

     

    Հիսուս խոնարհ էր

     

    – Հիսուսը սովորեցնում էր այն, ինչ շատ ուրիշներն էին սովորեցնում, – շարունակեց Նորին Սրբությունը, – տարբերությունն այն էր, թե ինչպես էր նա սովորեցնում: Հիսուս խոնարհ էր և չէր գոռում: Նա չէր պատժում մարդկանց: Նա երբեք չբարձրաձայնեց այն փաստը, որ Մեսսիան էր կամ Մարգարե: Ավետարանում, երբ Հիսուս մարդկանց հետ չէր՝ ապա՝ աղոթքի մեջ էր Հոր հետ: Նրա հեզությունը դեպի Հայրը արտահայտվեց այն ժամանակ, երբ այցելեց իր Հոր տուն, որը վերածվել էր շուկայի: Նա զայրացած էր, և բոլորին դուրս շպրտեց այնտեղից: Նա այսպես վարվեց, որովհետև սիրում էր իր Հորը, քանզի նա հնազանդ էր Հոր առջև:

     

    Հիսուս քնքուշ կարեկցանք զգաց

     

    – Հիսուս կարեկցանքով էր լցված Նային քաղաքի այրի կնոջ նկատմամբ: Հիսուս վարվեց իր սրտի համաձայն, որը, սակայն, բաժանված չէր ուղեղից: Այնուհետև Հիսուս քնքշորեն դիպավ նրան և այսպես ասաց. «Մի՛ լացիր»: Սա է հովվի խորհրդանիշը: Հովիվը պետք է ունենա այն զորությունն ու իշխանությունը, այն համեստությունը, հեզությունը, մոտիկությունը, քնքուշ և կարեկից լինելու ունակությունը, որ Հիսուսն ուներ, – ասաց Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը:

     

    Լռություն և աղոթք. վերջին խոսքերը

     

    Նորին Սրբությունը հիշատակեց նաև այն, որ ամբոխն էր աղաղակում. «խաչե՛ք նրան»: Այդ ժամանակ Հիսուս ողորմածությամբ լուռ մնաց, քանի որ «մարդիկ խաբված էին իշխանավորների կողմից», – բացատրեց Սրբազան Քահանայապետը: Նրա պատասխանը լռությունն ու աղոթքն էր: Ահա՛, Հովիվն ընտրում է լռությունը, երբ «Մեծ Ամբաստանողը» ամբաստանում է նրան «բազմաթիվ մարդկանց միջոցով»: Հիսուս «չարչարվում է, նվիրում իր կյանքը և աղոթում: Աղոթքը, նույնիսկ, Նրան դեպի Խաչը տարավ, բայց նա չկորցրեց իր զորությունը և այդ Խաչի վրա իսկ նա կարողացավ մոտ լինել մարդկանց և բուժել զղջացող ավազակի հոգին», – ասաց Նորին Սրբությունը:

     

    Vatican News կայքից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը

     

Օրացույց

Օրացույց