Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ սերը և գործնական ուշադրությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է և ոչ թե՝ բարի կամքի դրսևորում
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 19-ին Գյումրիում իր պաշտոնական հանդիպումներից հետո այցելեց նաև Հայկական Կարիտասի «Արեգակ» փուռ-սրճարանը: Փոխվարչապետին ուղեկցում էին Շիրակի մարզպետը և փոխմարզպետները: «Արեգակ»-ում պաշտոնյաներին հյուրընկալեցին Հայկական Կարիտասի Ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը և «Էմիլի Արեգակ» ռեսուրս-կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը, սրճարանում աշխատող երիտասարդները, որոնք իրենց պատրաստած ուտեստները և սուրճը հյուրասիրեցին իրենց աշխատանքով հիացած հյուրերին:
Փոխվարչապետը ծանոթացավ փուռ-սրճարանի գործունեությանը, զրուցեց նաև երիտասարդների հետ և, համտեսելով իրեն մատուցվածը, ասաց, թե միայն այս սրճարանի համար արդեն կարելի է հաճախակի Գյումրի այցելել:
Հիշեցնենք, որ «Արեգակ» փուռ-սրճարանը Հայկական Կարիտասի՝ հաշմանդամություն ունեցողձ անձանց խնամքի և զարգացման ծրագրերից մեկն է, որ իրականացվում է «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամությամբ անձանց խնամքի ռեսուրս-կենտրոնի կողմից՝ Եվրամիության, Ավստրիայի Կարիտասի և Ավստրիայի զարգացման գործակալության համատեղ ֆինանսավորմամբ: