• «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը՝ որպես քրիստոնեական սիրո և պարտականության քայլ

    Երբ Եկեղեցու և Եվրոպական Միության սկզբունքները համահունչ են և արտահայտվում են համագործակցությամբ


    2018թ. սեպտեմբերի 14-ին Գյումրիում բացվեց «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը, որտեղ աշխատելու են հաշմանդամություն ունեցող անձինք, երիտասարդներ, ովքեր նախապես անցնում են խոհարարության դասընթացներ: Արդեն իսկ մի քանի երիտասարդներ աշխատում են փուռ-սրճարանում և ինքնուրույն պատրաստում հաց, թխվածքներ և սուրճ: Նրանք առայժմ հիմնականում Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ռեսուրս կենտրոնի սաներն են: Նրանց հետագայում կմիանան նաև այլ երիտասարդներ, փուռ-սրճարանը բաց է հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց առջև: «Արեգակ» փուռ-սրճարանը մի ծրագիր է, որն իրականացվում է «Էմիլի Արեգակ» կենտրոնի կողմից և համաֆինանսավորվում Եվրոպական Միության (մոտ 90%), Ավստրիայի Կարիտասի և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից, որոնց ներկայացուցիչները ևս ներկա էին բացման արարողությանը՝ Պյոտր Սվիտալսկին՝ Եվրոպական Միության դեսպանը ՀՀ-ում, Կարիտաս Ավստրիայի տնօրեն Ուոլտեր Շմոլին և այլ աշխատակիցներ: Ներկա էին նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայկական Կարիտասի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը, այլ աշխատակիցներ և հյուրեր:

    Բացման արարողությանը ներկա էր նաև Հայկական Կարիտասի Ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը՝ ուղեկցությամբ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի և Հոգշն. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի: Սրբազան Հայրը կատարեց փուռ սրճարանում աշխատող երիտասարդների ձեռքով պատրաստված հացի օրհնության կարգ, իր հայրական օրհնությունը տվեց նաև նորաբաց փուռ-սրճարանին և ներկաներին ասաց հետևյալը.

     

    «Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ինձ համար այսօր պատվավոր հյուրերն այս երեխաներն են, ովքեր, չնայած իրենց հաշմանդամությանը, հերոսներ են և հավանություն են տալիս այս ամենին, որը մենք չեն կարող անել: Այո՛, մենք են հաշմանդությամբ, որովհետև մենք կարծում ենք, թե բարություն ենք անում այս երեխաներին, մինչդեռ պետք է մտածենք ճշմարիտ քրիստոնյաների նման, որ սա մեր պարտականությունն է: Մենք կանգնած ենք այստեղ՝ նայելու, թե ինչպես նրանք կմատուցեն մեզ, մինչդեռ մենք պետք է կանգնենք նրանց կողքին՝ որպես մեկ ընտանիք՝ հարուստ բազմակի կարողություններով:

    Դուք ինձ տվեցիք պատիվը օրհնելու հացը, որն այս բացման արարողության լավագույն մասն է, որովհետև այն ինձ հիշեցնում է այն պահը, թե ինչպես Հիսուս իր աշակերտների հետ օրհնեց հացը և բաշխեց չորս հազար սոված բազմությանը: Ես ուրախ եմ, որ այսօրվա աշակերտները մեր սիրելի երեխաներն են՝ որպես Հիսուսի ներկայության նշանը մեր մեջ…»:

     

    Եվրոպական Միության դեսպան Պյոտ Սվիտալսկին իր խոսքում ասաց.

    «Այս փուռով Գյումրին ավելի եվրոպական է դառնում: Ծրագիրը կոչված է ոգեշնչելու սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և խրախուսել նրանց, որպեսզի նրանք հավատան, որ հասարակության կարևոր մասն են կազմում: Ավելի շատ էինք ուզում, որ ծրագիրն իրականացվեր հենց Գյումրիում ՝ որպեսզի այն դառնա ներառական քաղաքի օրինակ»:

     

    «Արեգակ» փուռ-սրճարանն իր առաքելությամբ համահունչ է ոչ միայն Եվրոպական Միության արժեքներին, այլև ՀՀ պետական քաղաքականությանը՝ որպես օժանդակող կարևոր մի ձեռնարկ, որ կարող է հասարակության մեջ կարծիքներ փոխել և արժեքներ արմատացնել: ՀՀ Աշխատանքի և սոցիլական հարցերի փոխնախարարն ընդգծեց.

     

    «Որևէ կասկած չունեմ, որ այստեղ աշխատող հաշմանդամություն ունեցող երիտասարդները մեծ հաջողության են հասնելու, և այդ հաջողությունը լինելու է նրանց արժանապատիվ կյանքի գրավականը: Մենք պետք է վերանայենք պետության քաղաքականությունը, գործող ծրագրերը, որպեսզի ավելի մեծ քայլերով առաջ գնանք և ավելի լուրջ արդյունքներ գրանցենք»:

    Ծրագրի նախաձեռնողները վստահ են, որ «Արեգակ»ը կօգնի աշխատաշուկայում մրցունակ դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր շատ հաճախ տարբեր պատճառներով չեն կարողանում աշխատատեղ գտնել, իսկ աշխատանքը յուրաքանչյուր մարդու համար սեփական արժանապատվության զգացումը ամրապնդելու, ինքնակրթվելու, զարգանալու առաջնային նախապայման է, առավել ևս՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար:

     

    Ծրագիրը կոչված է լուծելու այն խնդիրները, որոնք իր առջև դրել է Հայկական Կարիտասը՝ որպես Հայ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական առաքելության գործնական արտահայտությունը Հայաստանում: Այդ առաքելությունը նախևառաջ առաջնորդվում է Եկեղեցու սոցիալական ուսմունքի առանցքային սկզբունքներով, որոնք հիմնված են Տիրոջ Ավետարանի և Եկեղեցու Սրբազան Ավանդության վրա: Հաշմանդամություն ունեցող անձնանց նկատմամբ իրականացվող ծառայությունը կոնկրետ իրագործումն է մարդկային արժանապատվության հարգման անձեռնմխելիության, մասնակցայնության ապահովման, համերաշխության, փոխօգնության սկզբունքների՝ ի նկատի ունենալով այն անբեկանելի ճշմարտությունը, որ յուրաքանչյուր մարդ արարած Աստծո պատկերն ու նմանությունն է:

    Տ. Հովսեփ

Օրացույց

Օրացույց