• Պայքարե՛ք եսասիրության ստրկության դեմ

    «Մարդիկ, ովքեր օրն անցկացնում են հայելուն նայելով՝ իրենց եսասիրության գերին են»


    Սեպտեմբերի 12-ին ընդհանուր ունկնդրության ժամանակ Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը շարունակեց Տասնաբանյա պատվիրաններին նվիրված իր քարոզների շարքը: Նա անդրադարձավ երրորդ պատվիրանին, որը հիշեցնում է մեզ սուրբ պահել Տիրոջ Օրը:

     

    «Աստծո սերը մեզ ազատ է դարձնում», – ասաց Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված բազմությանը, – «նույնիսկ, երբ բանտում ենք, նույնիսկ, երբ տկար ենք կամ հանգամանքներով սահմանափակված»:

     

    Միայն Հիսուսի կողմից մեզ տրված սերը կարող է քանդել մեղք գործելու ստրկության շղթաները, հատկապես՝ «սեփական եսասիրության»:

     

    Անդրադառնալով երրորդ պատվիրանին, որը նվիրված է կիրակի օրվան՝ Նորին Սրբությունը մեջբերում արեց Հին Կտակարանի Երկրորդումն Օրինաց գրքից, որում երրորդ պատվիրանը հիշեցնում է «ստրկության ավարտը». «սա այն օրն է, երբ ստրուկը պետք է հանգստանա տիրոջ նման՝ տոնելու Եգիպտոսի գերությունից Իսրայելի ազատագրումը»:

     

    Ստրկության բազմաթիվ ձևեր

     

    Սրբազան Քահանայապետը բացատրեց, որ, իրականում, կան «ստրկության տարբեր ձևեր՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին»:

    Նա մատնանշեց արտաքին ճնշումները, ինչպիսիք են՝ «հալածանքը, բռնությամբ և անարդարության այլ տեսակներով գրավված կյանքերը», ինչպես նաև «հոգեբանական կապանքները, բարդույթները, անձնական թերությունները», այդ թվում նաև մի շարք գոյություն ունեցող իրականությունները, որոնցից ակնհայտ է, որ հնարավոր չէ հեռու պահել սեփական անձը:

     

    – Բայցևայնպես, – շարունակեց նա, – պատմությունը մեզ տալիս է այնպիսի մարդկանց օրինակներ, ինչպիսիք են՝ Սբ. Մաքսիմիլիան Քոլբեն և Կարդինալ Վան Թուանը, ովքեր չնայած ենթարկվեցին բանտարկության և ճնշումների, այնուամենայնիվ, կարողացան զգալ լիակատար ազատություն և հանգիստ:

     

    «Աստծո ողորմածությունը ազատում է մեզ: Եվ, երբ հանդիպում եք Աստծո ողորմածությանը՝ մեծ ներքին ազատություն եք ստանում և ի վիճակի եք փոխանցել այն», – ասաց նա:

     

    Եսասիրության ստրկությունը

     

    Ֆրանցիսկոս Պապը զգուշացրեց ներկաներին, հատկապես՝ «եսասիրության ստրկության» դեմ, որն ի զորու է ստրկացնել ավելի, քան բանտը:

     

    «Այն մարդիկ, ովքեր օրն անցկացնում են հայելուն նայելով՝ իրենց եսասիրության գերին են», – ասաց նա:

    Եվ, եսասիրությունը բնութագրելով որպես մի բան, որը կարող է լինել ավելի ճնշող, քան դահիճը կամ բանտապահը՝ Սրբազան Քահանայապետն ասաց, որ ստրկության այդ տեսակը մեղք է:

     

    Մանրամասնելով՝ նա նշեց, որ իսկական ազատությունն ավելին է, քան ընտրություն կատարելը. դա ազատագրում է եսասիրության, մեղքի և սեր չունենալու ստրկությունից: Այսպիսի ստրկությունից հանգիստ լինել չի կարող:

     

    Մեղքեր, որոնք զրկում են մեզ ազատությունից

     

    Նորին Սրբությունը շարունակեց թվարկել մի շարք մեղքեր, որոնք մարդուն զրկում են ճշմարիտ ազատությունից և սիրուց: Նա ասաց, որ «չկա հանգիստ որկրամոլի համար, քանի որ որկրամոլությունը ստամոքսի կեղծավորությունն է, որը լիքն է, բայց ստիպում է մեզ հավատալ, թե ինքը դատարկ է», մինչդեռ, «ունեցվածքի ձգտումը կործանում է ագահին», իսկ «զայրույթի հուրը և նախանձի որդը կործանում են հարաբերությունները»:

     

    Հիսուսի փրկարար սերը

    Այսպիսով, «իսկական ստրուկը», – բացատրեց Սրբազան Քահանայապետը, – «նա է, ով ընդունակ չէ հանգստի ու սիրո: Այս բոլոր արատներն ու մեղքերը մեզ դարձնում են ստրուկներ, որ ստրկացած ենք ինքներս մեզ, և թույլ չեն տալիս սիրել, քանզի սերը զգացմունք է ուրիշի հանդեպ»:

     

    Ուստի, «իսկական սերը իսկական ազատություն է. այն մեզ հեռու է պահում ունեցվածքի ձգտումից, այն վերականգնում է հարաբերությունները, այն գիտի ինչպես ընդունել ու արժևորել մերձավորին, այն յուրաքանչյուր ջանք վերածում է ուրախալի պարգևի և մեզ կարող է դարձնում հաղորդության»:

     

    «Սերը, որ ստանում ենք Տիրոջից, – խոսքը եզրափակեց Նորին Սրբությունը, – մեզ ազատություն է շնորհում նույնիսկ բանտում, նույնիսկ, երբ մենք տկար ենք ու սահմանափակված»:

     

    Vatican News կայքից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը

     

     

Օրացույց

Օրացույց