«Եղբայրնե՛ր և քույրե՛ր, բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ ձեր մեջ կա անբարոյականություն, և այնպիսի անբարոյականություն, որ նույնիսկ չի եղել հեթանոսների մոտ», Ա Կորնթ. 5, 1
Սուրբ Մարթայի տաճարում սեպտեմբերի 10-ի առավոտյան Սբ. Պատարագի ժամանակ Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը խոսեց աշխարհի «նորույթների» և Քրիստոսի «նորության» միջև եղած տարբերության վերաբերյալ:
Քահանայապետի խոսքերով, Պողոս առաքյալը շատ զայրացած էր նրանց վրա, ովքեր պարծենում էին, թե «բաց քրիստոնյաներ» են, սակայն նրանց համար «Հիսուս Քրիստոսին ընդունելն ուղեկցվել է անբարոյականության հանդուրժողականությամբ»: «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ ձեր մեջ կա անբարոյականություն, և այնպիսի անբարոյականություն, որ նույնիսկ չի եղել հեթանոսների մոտ»: Դրանք հանդիմանության խիստ խոսքեր էին, որ Սուրբ Պողոսն ուղղել էր կորնթացիներին ուղղված առաջին նամակում՝ շեշտելով, որ նրանցից շատերը երկակի կյանք էին վարում: Պողոս առաքյալը հիշեցնում է այն մասին, որ «թթխմորն ազդում է ողջ խմորի վրա», և որ նոր խմորի համար պահանջվում է նոր թթխմոր:
Ավետարանը կատարելապես վերափոխում է մեզ
Հիսուս խորհուրդ է տվել իր աշակերտներին. «նոր գինին՝ նոր տիկերի մեջ»: Նորին Սրբությունն ասաց.
«Ավետարանի նորություն, Քրիստոսի նորություն» խոսքերը վերաբերում են ոչ միայն մեր հոգիների, այլև՝ մեր ողջ էության վերափոխմանը՝ հոգի, սիրտ և մարմին, այսինքն պետք է վերածել խաղողի որթը – թթխմորը – նոր գինու տիկերի: Ավետարանի նորությունը բացարձակ է, լիակատար, այն վերաբերում է մեզ բոլորիս, քանի որ ներսից վերափոխում է հոգին, մարմինը և ամեն օրվա կյանքը:
Ավետարանի նորությունը և աշխարհի նորույթները
Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետը նկատեց, որ Կորնթոսի քրիստոնյաները չեն ըմբռնել Ավետարանի համապարփակ նորությունը, որը գաղափարախոսություն կամ սոցիալական կյանքի միջոց չէ, որ գոյակցում է հեթանոս բնակիչների հետ: Ավետարանի նորությունը Քրիստոսի Հարությունն է, և Հոգին, որ Նա ուղարկել է, «որպեսզի Նա կարողանա ուղեկցել մեզ կյանքում»:
– Մենք՝ քրիստոնյաներս, նորության մարդիկ ենք, – հաստատեց Ֆրանցիսկոս Պապը, – այլ ոչ թե նորույթների:
Եվ շատերը փորձում են իրենց քրիստոնեությունն ապրել «նորույթներով». նրանք մտածում են այսպես. «Բայց այսօր դա կարող է այս կերպ արվել… Ո՛չ այսօր կարող ենք ապրել այսպես»: Եվ այս մարդիկ, ովքեր ապրում են աշխարհի կողմից առաջարկված նորույթներով, աշխարհիկ են: Նրանք չեն ընդունում Ավետարանի ողջ նորությունը: Տարբերություն կա Հիսուս Քրիստոսի «նորության» և այն «նորույթների» միջև, որ աշխարհն է մեզ առաջարկում՝ որպես կենսակերպ:
Թուլություն, ոչ թե կեղծ բարեպաշտություն
«Ժողովուրդը, որին Պողոս առաքյալը դատապարտում է,- ասաց Պապը,- անտարբեր մարդիկ են, բարոյազուրկ մարդիկ… մարդիկ, ովքեր կեղծում են, ձևական մարդիկ, կեղծ բարեպաշտ մարդիկ: Եվ նա կրկնեց. «Հիսուսի կոչը՝ կոչ է նորության: Մեկը կարող էր ասել. «Բայց Հա՛յր, մենք թույլ ենք, մենք մեղավոր մարդիկ ենք…»: «Օ՜, սա բոլորովին այլ բան է»: Եթե դու ընդունում ես, որ մեղավոր ես և թույլ՝ Նա ներում է քեզ, քանի որ Ավետարանի նորության մի մասը խոստովանելն է, որ Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ մեղքերի թողության համար: Բայց, եթե դու ասում ես, թե քրիստոնյա ես, բայց ապրում ես այս աշխարհիկ նորույթներով…սա կեղծ բարեպաշտություն է: Սա՛ է տարբերությունը: Ավետարանում Հիսուս ասել է մեզ. «Զգույշ եղե՛ք, երբ ձեզ ասում են. «Քրիստոսն այստեղ է, այնտեղ է կամ այնտեղ է… Սրանք են նորույթները. «Այսպես փրկություն չկա…»»: Քրիստո՛սն է միակը և Քրիստոսը պարզ է իր պատգամի մեջ:
Քրիստոսի ճանապարհը մարտիրոսության ճանապարհն է
Սակայն Հիսուս չի խաբում նրանց, ովքեր ցանկանում են հետևել իրեն: Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հարց է տալիս. «Իսկ ո՞րն է նրանց ճանապարհը, ովքեր ապրում են «նորությունը» և չեն ուզում ապրել «նորույթները»: Նա վերհիշեց, թե ինչպես է ավարտվում օրվա Ավետարանը, այսինքն՝ Հիսուսին սպանելու օրենսգետների որոշմամբ. «ազատվել Նրանից»:
«Նրանց ճանապարհը, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի նորությունը, նույնն է, ինչ Հիսուսի ճանապարհը՝ ճանապարհ դեպի մարտիրոսություն», – զգուշացրեց Նորին Սրբությունը: Մարտիրոսությունը միշտ չէ որ արյունոտ է, այլ ամենօրյա մարտիրոսություն է: «Մենք ճանապարհի վրա ենք, և մեզ հետևում է մեծ մեղադրողը, ով այսօր հանում է մեղադրողների, որ բռնացնեն մեզ հակասությունների մեջ: Բայց, – եզրափակեց նա, – կարիք չկա բանակցություններ վարել «նորույթների» հետ, կարիք չկա «խեղաթյուրել Ավետարանի ազդարարումը»:
Vatican News կայքից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը