• «Պետք է միասին պայքարել հոգևոր այլասերվածության դեմ». Քահանայապետի նամակը՝ ողջ Եկեղեցուն

    «Աստծո ողջ սուրբ հավատավոր Ժողովրդին կոչ եմ անում աղոթքի և ծոմապահության ապաշխարության»


    «Եթէ որե­ւէ ան­դամ ցաւ է զգում, նրա հետ ցաւ են զգում բո­լոր ան­դամ­նե­րը» (1 Կորնթ. 12:26): Սուրբ Պողոսի այս խոսքերն ուժգին արձագանքում են իմ հոգում, երբ կրկին գիտակցում եմ բազմաթիվ անչափահասների կրած տառապանքները՝ որպես հետևանք սեռական բռնության, իշխանության և վստահության չարաշահման, որ գործել են մի շարք հոգևորականներ և նվիրված անձինք: Հանցագործություններ, որոնք ցավի և անզորության խորը վերքեր են պատճառում հիմնականում զոհերի, բայց նաև նրանց ընտանիքի անդամների, ինչպես հավատացյալների, նույնպես էլ անհավատների լայն հասարակության շրջանում: Եթե ետ նայենք դեպի անցյալ, ապա կտեսնենք, որ ներում հայցելու ոչ մի ջանք և պատճառված տառապանքը փոխհատուցելու ոչ մի փորձ երբեք բավարար չէ: Առաջ նայելով դեպի ապագա՝ ջանք չպետք է խնայել՝ ստեղծելու մշակույթ, որը ոչ միայն ի վիճակի կլինի կանխել, որպեսզի նման իրավիճակներ չլինեն, այլև կանխել դրանք թաքցնելու և ամրապնդելու հավանականությունը: Զոհերի և նրանց ընտանիքների ցավը նաև մե՛ր ցավն է, ուստի, շատ կարևոր է, որ մենք ևս մեկ անգամ վերահաստատենք մեր պատրաստակամությունը՝ ապահովելու անչափահասների և խոցելի չափահասների պաշտպանությունը:

     

    1.Եթե որևէ ան­դամ ցավ է զգում…

    Վերջին օրերին հրապարակվեց մի զեկույց, որը մանրամասներ էր ներկայացնում մոտավորապես յոթանասուն տարվա ընթացքում քահանաների կողմից սեռական բռնության, իշխանության և վստահության չարաշահման զոհ դարձած նվազագույնը հազար վերապրածների տառապանքների մասին: Նույնիսկ եթե կարելի է ասել, որ այս դեպքերից շատերը անցյալում են մնացել, այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում, մենք կարողացանք հասկանալ զոհերից շատերի ցավը: Մենք հասկացանք, որ այս վերքերը երբեք չեն սպիանում, և որ դրանք մեզանից համառորեն պահանջում են դատապարտել այս վայրագությունները և միավորել ուժերը՝ մահվան այս մշակույթը արմատախիլ անելու: Այս վերքերը երբեք չեն անհետանում: Այս զոհերի սիրտ մաշող ցավը, որի աղաղակը հասնում է երկինք, երկար ժամանակ անտեսվել է, այդ մասին լռել են կամ խլացրել դրա ձայնը: Սակայն նրանց աղաղակն ավելի ուժեղ էր, քան բոլոր այն միջոցները, որոնք ուղղված էին այն լռեցնելուն, կամ նույնիսկ ձգտում էին լուծել այնպիսի որոշումներով, որոնք խորացրեցին դրա ծանրությունը՝ դառնալով մեղսակից: Տերը լսեց այդ ճիչը և ևս մեկ անգամ ցույց տվեց մեզ, թե ում կողքին է կանգնում: Մարիամի օրհներգը սխալ չէ և խաղաղ շարունակվում է՝ արձագանքելու ողջ պատմության ընթացքում: Քանի որ Տերը հիշում է իր խոստումը, որ տվել էր մեր հայրերին. «Նա իր բա­զու­կով զօ­րու­թիւն գործեց, ցրեց ամ­բար­տա­ւան­նե­րին իրենց սր­տի խոր­հուրդ­նե­րով. հզ­օր­նե­րին տա­պա­լեց իրենց աթոռ­նե­րից եւ բար­ձ­րա­ց­րեց խո­նարհ­նե­րին: Քաղ­ցած­նե­րին լի­ա­ց­րեց բա­րիք­նե­րով եւ մե­ծա­հա­րուստ­նե­րին ար­ձա­կեց ձեռ­նու­նայն» (Ղուկ. 1:51-53): Մենք ամոթ ենք զգում, երբ գիտակցում ենք, որ մեր կենսակերպը հերքել է և շարունակում է հերքել այն խոսքերը, որ արտասանում ենք:

     

    Ամոթի զգացումով և զղջմամբ, մենք՝ որպես եկեղեցական համայնք, ընդունում ենք, որ այնտեղ չէինք, որտեղ պե՛տք է լինեինք, որ օպերատիվ չենք գործել՝ գիտակցելով բազմաթիվ կյանքերի հասցված վնասի մեծությունն ու ծանրությունը: Մենք հոգատարություն չենք ցուցաբերել մանուկների հանդեպ, այլ՝ լքել ենք նրանց: Ես սատարում եմ այն ժամանակ Կարդինալ Ռատցինգերի խոսքերին, երբ՝ 2005թ. Ավագ Ուրբաթ օրվա Ճանապարհ Խաչի ժամանակ նա ինքն իրեն նույնացրեց բազմաթիվ զոհերի ցավի աղաղակի հետ և բացականչեց. «Որքա՜ն շատ կեղտ  կա Եկեղեցում, և նույնիսկ նրանց շրջանում, ովքեր հոգևոր ծառայության մեջ լինելով, պետք է լիովի՛ն պատկանեն [Քրիստոսին]: Որքա՜ն հպարտություն, որքա՜ն ինքնաբավություն: Քրիստոսի մատնությունն իր աշակերտների կողմից, նրա Մարմնի և Արյան անվայել ընդունումը հաստատապես ամենամեծ տառապանքն է, որ հանդուրժել է Փրկիչը, այն խոցում է նրա սիրտը: Մենք կարող ենք միայն կանչել Նրան մեր հոգու խորքից. Kyrie eleison  «Տէ՛ր, փր­կի՛ր մեզ» (հմմտ. Մատթ. 8:25): (Իններորդ կայան)

     

    2.… ցավ են զգում բո­լորը միասին

    Ողջ տեղի ունեցածի չափը և ծանրությունը պահանջում են ձեռնամուխ լինել այս իրականության համալիր և ընդհանուր լուծմանը: Թեև դարձի յուրաքանչյուր ճանապարհին կարևոր և անհրաժեշտ է ընդունել տեղի ունեցածի ճշմարտությունը, սակայն, ըստ էության, սա բավարար չէ: Այսօր, որպես Աստծո Ժողովուրդ, մարտահրավեր ունենք մեզ վրա վերցնելու մարմնապես և հոգեպես վիրավոր մեր եղբայրների և քույրերի ցավը: Եթե անցյալում արձագանքն անգործությունն էր, ապա այսօր մենք ուզում ենք համախմբվածություն՝ ամենախորը և ամենադժվար իմաստով, ներկա և ապագա պատմությունը կերտելու ճանապարհին: Եվ սա մի միջավայր է, որտեղ բախումները, լարումները և, նախ և առաջ, ամեն տեսակ բռնության զոհերը կարող են հանդիպել իրենց մեկնված մի ձեռքի՝ պատրաստ նրանց պաշտպանելու և ցավից ազատելու (հմմտ. Evangelii Gaudium, 228): Նման համախմբվածությունը պահանջում է, որ մենք էլ մեր հերթին դատապարտենք այն ամենը՝  ինչը սպառնում է ցանկացած անձի անձեռնմխելիությանը: Համախմբում, որը մեզ կոչ է անում պայքարել այլասերվածության ցանկացած դրսևորման դեմ, հատկապես՝ հոգևոր այլասերվածության: Վերջինս «հաճելի և ինքնաբավ կուրության մի ձև է: Այդ ժամանակ ամեն ինչ թույլատրելի է թվում. խաբեությունը, զրպարտությունը, եսասիրությունը և եսակենտրոնության այլ նուրբ ձևերը, «քանզի ին­քը սա­տա­նան էլ կեր­պա­րա­ն­ւում է որ­պէս լու­սոյ հրեշ­տակ» (2 Կորնթ. 11:14) (Gaudete et Exsultate, 165): Սուրբ Պողոսի հորդորը՝ տառապել բոլոր նրանց հետ, ովքեր տառապում են՝ լավագույն հակաթույնն է ընդդեմ մեր բոլոր փորձերը՝ կրկնելու Կայենի խոսքերը. «Չգի­տեմ, մի՞­թէ ես իմ եղ­բ­օր պա­հա­կն եմ» (Ծննդ. 4:9):

     

    Ես գիտակցում եմ այն ջանքերն ու աշխատանքը, որ իրականացվում են աշխարհի տարբեր կողմերում՝ մշակելու անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար երեխաների և խոցելի մեծահասակների  անվտանգությունը և անձեռնմխելիության պաշտպանությունը, ինչպես նաև, ցուցաբերելու զրո հանդուրժողականություն հանցագործությունների հանդեպ և պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, ովքեր կատարում կամ թաքցնում են այդ հանցագործությունները: Մենք հետաձգել ենք այնքա՜ն անհրաժեշտ այս գործողությունների և պատժամիջոցների կիրառումը, իսկ վստահ եմ, որ դրանք կօգնեն երաշխավորել հոգածության մի ավելի վսեմ մշակույթ՝ ներկայում և ապագայում:

    Այդ ջանքերի հետ մեկտեղ, յուրաքանչյուր մկրտված անձ պետք է զգա իր ներգրավվածությունը եկեղեցական և սոցիալական փոփոխության մեջ, որի կարիքն այդքան շատ ենք զգում: Այս փոփոխությունը պահանջում է անձնական և հասարակական դարձ, որը մեզ թույլ կտա իրերին նայել այնպես, ինչպես Տերը: Ինչպես սիրում էր ասել Սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապը. «Եթե մենք իսկապես նոր էջ ենք սկսում՝ Քրիստոսի խորհրդածությունից, ապա պետք է սովորենք տեսնել Նրան հատկապես նրանց դեմքերում, ում հետ նա ցանկացավ նույնանալ» (Novo Millennio Ineunte, 49): Տեսնել իրերն այնպես, ինչպես Տերն է դրանք տեսնում, լինել այնտեղ, որտեղ Տերն է ուզում, որ լինենք, զգալ սրտի դարձը Նրա ներկայության մեջ: Այս նպատակին հասնելուն կօգնեն աղոթքն ու ապաշխարությունը: Ես Աստծո ողջ սուրբ հավատավոր Ժողովրդին կոչ եմ անում աղոթքի և ծոմապահության ապաշխարության ՝ հետևելով Տիրոջ հրամանին: Սա կարող է արթնացնել մեր խիղճը և համախմբվածություն ու անձնվիրություն առաջացնել հոգատարության մշակույթի նկատմամբ, որը բռնության ցանկացած դրսևորմանն ասում է՝ «այլևս երբե՛ք»:

     

    Անհնար է մտածել որպես Եկեղեցի մեր գործունեության դարձի մասին, եթե դրանում ներառված չէ Աստծո Ժողովրդի բոլոր անդամների ակտիվ մասնակցությունը: Իսկապես, ամեն անգամ, երբ փորձել ենք Աստծո ժողովրդին փոխարինել, լռեցնել, անտեսել կամ վերածել փոքր էլիտաների, ապա ամեն ինչ ավարտվել է նրանով, որ ստեղծել ենք համայնքներ, ծրագրեր, աստվածաբանական մոտեցումներ, հոգևոր իրողություններ և համակարգեր՝ առանց արմատների, առանց հիշողության, առանց դեմքերի, առանց մարմինների և, վերջ ի վերջո, առանց կյանքերի: Սա պարզորոշ կերպով երևում է Եկեղեցու իշխանության ընկալման տարօրինակ ձևի մեջ, որը տարածված է բազմաթիվ համայնքներում, որտեղ տեղի են ունեցել սեռական բռնություններ և իշխանության ու վստահության չարաշահումներ: Այսպիսին է իրադրությունը կղերապաշտության հետ՝ մոտեցում, որը «ոչ միայն զրոյացնում է քրիստոնյաների բնութագիրը, այլև փորձում է նվազեցնել և թերագնահատել Մկրտության շնորհը, որ Սուրբ Հոգին դրել է մեր ժողովրդի հոգում»: Անկախ այն բանից, կղերապաշտությունը արմատավորվում է քահանաների, թե աշխարհականների կողմից, այն բերում է եկեղեցական մարմնի հատմանը, որն էլ նպաստում և երկարատև գոյության իրավունք է տալիս այն չարիքներին, որոնք դատապարտում ենք այսօր: Բռնությանը «ո՛չ» ասելը նշանակում է շեշտված «ո՛չ» ասել կղերապաշտության բոլոր ձևերին:

     

    Միշտ օգտակար է հիշելը, որ «փրկության պատմության մեջ Տերը փրկեց մեկ ժողովրդի: Մենք երբեք կատարելապես մենք չենք, քանի դեռ չենք պատկանում մեկ ժողովրդի: Այդ իսկ պատճառով ոչ ոք մենակ, որպես մեկուսացած անհատ, չի փրկվում: Ընդհակառակը, Աստված մեզ դեպի Իրեն է ձգում՝ հաշվի առնելով մարդկային հասարակության մեջ առկա միջանձնային փոխհարաբերությունների բարդ կառուցվածքը: Աստված ցանկացավ մտնել ժողովրդի՛ կյանքի և պատմության մեջ (Gaudete et Exsultate, 6): Հետևաբար, միակ միջոցը, որով պետք է պատասխան գործողություններ ձեռնարկենք այդքան կյանքեր խեղած այս չարիքի դեմ՝ պարտքի գիտակցումն է, որ որպես Աստծո ժողովուրդ վերաբերում է բոլորիս:  Ժողովրդի մաս կազմելու այս գիտակցումը և ընդհանուր պատմությունը մեզ հնարավորություն կտա ապաշխարանքի պատրաստակամությամբ ընդունել անցյալի մեր մեղքերն ու սխալները, ինչը կարող է թույլ տալ վերականգնվել ներսից: Ի նկատի ունենալով այն ամենն, ինչ արվում է մեր հասարակության մեջ բռնության մշակույթն արմատախիլ անելու համար, առանց Եկեղեցու բոլոր անդամների ակտիվ մասնակցության չի հաջողվի անհրաժեշտ շարժիչ ուժեր ձևավորել ողջամիտ և իրատեսական փոփոխության հասնելու համար: Ծոմապահության և աղոթքի ապաշխարությունը մեզ, որպես Աստծո ժողովուրդ, կօգնի կանգնել Տիրոջ և մեր վիրավոր եղբայրների ու քույրերի առջև, որպես մեղավորներ, ովքեր աղերսում են ներում և շնորհը՝ ամաչելու և վերափոխվելու: Այս կերպ մենք կմշակենք գործողություններ, որոնք կարող են հնարավորություն ստեղծել՝ ընդունելու Ավետարանը: Քանզի «ամեն անգամ, երբ ջանք ենք գործադրում վերադառնալու դեպի ակունքներ և վերագտնելու Ավետարանի իսկական թարմությունը, ի հայտ են գալիս նոր ուղիներ, բացվում են ստեղծագործ մոտեցման նոր ճանապարհներ՝ արտահայտման տարբեր ձևերով, ավելի պերճախոս նշաններ և խոսքեր՝ արդի աշխարհի համար նոր իմաստով» (Evangelii Gaudium, 11):

     

    Կարևոր է, որ մենք՝ որպես Եկեղեցի, ի վիճակի լինենք ցավով ու ամոթով ընդունելու և դատապարտելու այն վայրագությունները, որ իրականացվել են նվիրված անձանց, հոգևորականների և բոլոր նրանց կողմից, ում վստահված էր առավել խոցելիներին հետևելու և նրանց մասին հոգ տանելու առաքելությունը: Թույլ տվեք ներում խնդրել մեր սեփական մեղքերի և ուրիշների մեղքերի համար: Մեղքի գիտակցումը օգնում է մեզ ընդունել սխալները, հանցագործությունները և անցյալում պատճառված վերքերը, և թույլ է տալիս ներկայում լինել ավելի բաց և պարտավորվել անցնել նոր դարձի ճանապարհով:

     

    Նույնպես և ապաշխարանքն ու աղոթքը կօգնեն մեզ բացել մեր աչքերն ու սրտերը այլոց տառապանքների առջև և հաղթահարել իշխանության և սեփականատիրության ծարավը, որոնք շատ հաճախ այդ չարիքների արմատն են: Թո՛ղ որ ծոմապահությունն ու աղոթքը բացեն մեր ականջները երեխաների, երիտասարդների և խեղվածների խլացված ցավի առաջ: Ծոմապահություն, որը կարող է մեզ արդարության ծարավ դարձնել և ստիպել քայլել ճշմարտության ճանապարհով՝ պահպանելով բոլոր անհրաժեշտ իրավական միջոցները: Ծոմապահություն, որը սթափեցնում է մեզ և առաջնորդում բարի կամքի տեր բոլոր տղամարդկանց ու կանանց, և ընդհանուր առմամբ հասարակության հետ ներգրավվելու ճշմարտության և ողորմածության մեջ՝ իշխանության չարաշահման, սեռական բռնության և վստահության չարաշահման բոլոր դրսևորումների դեմ պայքարի գործում:

     

    Այս կերպ մենք կարող ենք հստակ ցույց տալ, որ կոչված ենք լինելու «նշան և միջոց Աստծո հետ կապի և ողջ մարդկության միասնության» (Lumen Gentium, 1):

     

    «Եթե որևէ ան­դամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բո­լոր ան­դամ­նե­րը», – ասում էր Սուրբ Պողոսը: Աղոթքի և ապաշխարության միջոցով, որպես անհատներ և որպես համայնք կարող ենք արձագանքել այս հորդորին, որպեսզի մեր մեջ զարգանա կարեկցանքի, արդարության, կանխարգելման և փոխհատուցման շնորհը: Մարիամը որոշեց մնալ իր Որդու խաչի մոտ: Նա դա արեց առանց վարանելու՝ վճռականորեն կանգնելով Հիսուսի կողքին: Այսպիսի կեցվածքով նա ցույց տվեց, թե ինչպես է ապրել իր ողջ կյանքը: Երբ հուսահատության ենք մատնվում պատճառված եկեղեցական վերքերից, ապա, Մարիամի հետ միասին պետք է «ավելի շատ տրվենք աղոթքին»՝ փորձելով Եկեղեցու նկատմամբ է՛լ ավելի աճել սիրո և հավատարմության մեջ (Սուրբ Իգնատիոս Լոյոլացի, Հոգևոր Վարժություններ, 319): Նա՝ աշակերտներից առաջինը, մեզ բոլորիս՝ որպես աշակերտներ, սովորեցնում է, թե ինչպիսի կեցված պետք է ընդունենք անմեղի տառապանքների առջև՝ առանց արդարացումների և վախկոտության: Մարիամին նայել՝ նշանակում է բացահայտել Քրիստոսի ճշմարիտ հետևորդի օրինակը:

     

    Թող որ Սուրբ Հոգին մեզ պարգևի վերափոխման շնորհը և հոգու օծումը, որպեսզի բռնության այս հանցագործությունների նկատմամբ կարողանանք արտահայտել մեր զղջումը և վճռականությունը՝ խիզախորեն պայքարելու դրանց դեմ:

     

    Վատիկան, 20 օգոստոսի, 2018թ.

     

    ՖՐԱՆՑԻՍԿՈՍ

     

    Աղբյուրը՝ Սուրբ Աթոռի պաշտոնական կայք

    Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

     

     

Օրացույց

Օրացույց