• Ֆրանցիսկոս Պապը ներողություն է խնդրել որոշ եկեղեցականների կատարած սեռական բռնությունների, աշխատանքային շահագործման և այլ հանցագործությունների համար

    Ներում ենք խնդրում Եկեղեցու նվիրապետության որոշ անդամների համար, ովքեր այս ցավալի իրավիճակների պատասխանատվությունն իրենց վրա չեն վերցրել և լուռ են մնացել:


    Հուլիսի 26-ին, Դուբլինի «Phoenix Park»-ում Ընտանիքի համաշխարհային հանդիպման փակման Սուրբ Պատարագի ժամանակ, աննախադեպ մի քայլով, Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը ներում խնդրեց Իռլանդիայում տղամարդկանց, կանանց և երեխաների դեմ որոշ հոգևորականների կողմից իրականացված բոլոր մեղսագործությունների համար:

     

    Սրբազան Քահանայապետի այս քայլը միևնույն ժամանակ և՛աննախադեպ էր, և՛ անսպասելի: Դա տեղի ունեցավ ապաշխարության կարգի ժամանակ՝ Սուրբ Պատարագի այն պահին, երբ պատարագը մատուցող քահանան և հավատացյալներն ներում են հայցում իրենց մեղքերի համար:

     

    Խոսելով իսպաներեն՝ Սրբազան Քահանայապետը թողություն խնդրեց Իռլանդիայում Եկեղեցու որոշ անդամների կողմից իրականացրած բոլոր չարաշահումների, մեղքերի համար: Նա իր խոսքը սկսեց՝ հիշատակելով բռնության ենթարկված ութ անձնաց հետ նախորդ օրը երեկոյան տեղի ունեցած իր հանդիպման մասին, և հիմնվելով նրանց պատմածների վրա՝ ասաց, որ կցանկանար. «Տիրոջ ողորմածությանը հանձնել այս հանցագործությունները և դրանց համար ներում խնդրել»:

     

    Ֆրանցիսկոս Պապը թողություն խնդրեց այն բոլոր «իշխանության, վստահության չարաշահումների և սեռական բռնությունների համար, որ գործել են Եկեղեցում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող որոշ անդամները»: Նա ներում խնդրեց հատկապես աշխատանքային շահագործման դեպքերի համար, որոնց ենթարկվել են մեծ թվով կանայք և տղամարդիկ՝ արական կամ իգական կաթողիկէ կրոնական միաբանությունների կողմից ղեկավարված տարբեր հաստատություններում և Եկեղեցու այլ անդամների կողմից:

    Նորին Սրբության ներման երկրորդ խնդրանքն այն բոլոր դեպքերի համար էր, երբ Եկեղեցին ձախողել է «չարաշահումներ և բռնություններ վերապրածներին կարեկցանք ցուցաբերել, և որոշակի գործողություններ չի ձեռնարկել՝ արդարություն ու ճշմարտություն փնտրելու համար»:

     

    Միևնույն ժամանակ նա ներում խնդրեց «Եկեղեցու նվիրապետության որոշ անդամների համար, ովքեր այս ցավալի իրավիճակների պատասխանատվությունն իրենց վրա չեն վերցրել և լուռ են մնացել»:

     

    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի եզրափակիչ աղոթքը վերաբերում էր այսպես կոչված «Մոր և Մանկան» տներին՝ չամուսնացած մայրերի և իրենց երեխաների սոցիալական խնամքի համար: Ծնված երեխաները երբեմն որդեգրման են տրվել առանց մոր համաձայնության: Որոշ կանանց ասել են, որ «մահացու մեղք» կլիներ, եթե իրենք փորձեին վերամիավորվել իրենց երեխաների հետ:

     

    «Ներողություն ենք խնդրում», – իր աղոթքը հղեց Սրբազան Քահանայապետը, – «այն բոլոր դեքպերի համար, երբ բազմաթիվ միայնակ մայրերի ասվել է, որ իրենցից բաժանված երեխաներին փնտրելը (միևնույն բանն ասվել է նաև նրանց դուստրերին և որդիներին)՝ մահացու մեղք է: Սա մահացու մեղք չէ», – շեշտեց Սրբազան Պապը:

     

    Ներման յուրաքանչյուր խնդրանք, Դուբլինի «Phoenix Park»-ում անձրևի տակ կանգնած 300.000-անոց բազմության կողմից ընդունվում էր ծափահարություններով:

     

    Ստորև կարող եք ընթերցել Սուրբ Աթոռի Լրատվական Ծառայության կողմից հրապարակված տեքստը:

    «Երեկ ես հանդիպեցի ութ վերապրածների հետ, ովքեր ենթարկվել էին իշխանության, վստահության չարաշահման և սեռական բռնության: Հիմնվելով այն ամենի վրա՝ ինչ նրանք պատմեցին ինձ, ուզում եմ Տիրոջ ողորմածությանը հանձնել այս հանցագործությունները և դրանց համար ներում խնդրել:

     

    Ներում ենք խնդրում Իռլանդիայում իրականացված բոլոր չարաշահումների՝ իշխանության, վստահության և սեռական բռնության համար, որ գործել են Եկեղեցում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անդամներ: Հատկապես ներում ենք խնդրում այն բոլոր չարաշահումների համար, որոնք իրականացվել են արական կամ իգական միաբանությունների կողմից ղեկավարված տարբեր հաստատություններում և Եկեղեցու այլ անդամների կողմից: Բացի այդ, ներում ենք խնդրում աշխատանքային շահագործման այն դեպքերի համար, որոնց ենթարկվել են բազմաթիվ անչափահասներ:

     

    Ներում ենք խնդրում այն ժամանակի համար, երբ ամեն տեսակ բռնությունների ենթարկված վերապրածներին, որպես Եկեղեցի, մենք չենք ցուցաբերել կարեկցանք և որոշակի գործողություններ չենք ձեռնարկել արդարություն ու ճշմարտություն փնտրելու համար: Ներում ենք խնդրում:

     

    Ներում ենք խնդրում Եկեղեցու նվիրապետության որոշ անդամների համար, ովքեր այս ցավալի իրավիճակների պատասխանատվությունն իրենց վրա չեն վերցրել և լուռ են մնացել: Ներում ենք խնդրում:

     

    Ներում ենք խնդրում այն երեխաների համար, որոնց խլել են իրենց մայրերից, և այն բոլոր դեպքերի համար, երբ բազմաթիվ միայնակ մայրերի ասվել է, որ իրենցից բաժանված երեխաներին փնտրելը (միևնույն բանն ասվել է նաև նրանց դուստրերին և որդիներին՝ ովքեր փնտրում էին իրենց մայրերին)՝ մահացու մեղք է: Սա մահացու մեղք չէ, այլ՝ Չորրորդ Պատվիրանն է: Ներում ենք խնդրում:

     

    Տե՛ր, պահիր և խորացրու ամոթի և զղջման այս զգացումը և ուժ տուր՝ ինքներս մեզ վրա պարտավորություն վերցնելու, որպեսզի այսպիսի բաներ այլևս երբեք տեղի չունենան և արդարությունն իրագործվի: Ամեն»:

     

    Vatican News-ից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը

     

Օրացույց

Օրացույց