• «Ընտանիքի ավետարանը». Քահանայապետի խոսքը՝ Դուբլինում հավաքված հազարավոր ընտանիքներին, ՏԵՍԱՆՅՈՒԹ

    «Մեր ընտանիքներում, միշտ կարելի է գտնել Հիսուսին, ով ապրում է պարզության և աղքատության մեջ, այնպես, ինչպես ապրում էր Նազարեթի Սուրբ Ընտանիքի տանը»:


     

    2018թ. օգոստոսի 25-ին Դուբլինի «Croke Park» մարզադաշտում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հանդիպեց Ընտանիքի համաշխարհային հանդիպման (2018թ. օգոստոսի 21-26, Դուբլին, Իռլանդիա) հազարավոր մասնակիցներին: Նախքան իր ուղերձը Քահանայապետը սիրով լսեց մի քանի ընտանիքների կյանքի պատմությունները, որոնք շատ հուզեցին Սրբազան Հորը: Իր տպավորությունների մասին նա արտահայտվեց նաև իր ուղերձում:

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, բարի երեկո,

    Երախտապարտ եմ բոլորիդ ջերմ ընդունելության համար: Հաճելի է այստեղ գտնվելը: Հաճելի է տոնելը, քանի որ այն մեզ ավելի մարդկային և ավելի քրիստոնյա է դարձնում: Այն նաև օգնում է կիսել այն գիտակցման երջանկությունը, որ Հիսուս սիրում է մեզ, ուղեկցում մեր կյանքի ճանապարհին, և ամեն օր նա մեզ իրեն ավելի մոտ է ձգում:

     

    Յուրաքանչյուր ընտանեկան տոնակատարության ժամանակ զգացվում է յուրաքանչյուրի ներկայությունը. հայրեր, մայրեր, տատիկներ և պապիկներ, թոռնիկներ, հորեղբայրներ, մորեղբայրներ, հորաքույրներ, մորաքույրներ, զարմիկներ, նրանք, ովքեր չեն կարող գալ և նրանք, ովքեր շատ հեռու են ապրում: Այսօր Դուբլինում մենք հավաքվել ենք Աստծուն գոհություն հայտնելու՝ ընտանեկան տոնակատարության համար՝ հանուն այն բանի, թե ով ենք մենք. մեկ ընտանիք՝ Քրիստոսի միությամբ, տարածված ողջ աշխարհով մեկ: Եկեղեցին Աստծո զավակների ընտանիքն է: Ընտանիք, որտեղ ուրախանում ենք նրանց հետ, ովքեր ուրախանում են, և սգում նրանց հետ, ովքեր սգում են կամ հուսահատ են՝ կյանքի հարվածներից գետնին տապալվածի զգացումով: Ընտանիք, որտեղ հոգ ենք տանում բոլորի մասին, քանի որ մեր Հայր Աստված մկրտության միջոցով մեզ բոլորիս որպես իր զավակներ է ընդունել: Սա է պատճառներից մեկը, որ շարունակում եմ խրախուսել ծնողներին՝ մկրտել իրենց երեխաներին որքան հնարավոր է շուտ, որպեսզի նրանք կարողանան դառնալ Աստծո այս մեծ ընտանիքի մի մասը: Մենք պետք է բոլորի՛ն հրավիրենք այս տոնակատարությանը:

     

    Դո՛ւք, սիրելի՛ ընտանիքներ, Աստծո Ժողովրդի ճնշող մեծամասնությունն եք կազմում: Ինչի՞ կնմանվեր Եկեղեցին առանց ձեզ: Ընտանիքի գեղեցկությունն ու կարևորությունը՝ իր լույսերով և ստվերներով, ընկալելու համար է, որ գրեցի սիրո բերկրանքի վերաբերյալ իմ «Սիրո բերկրանքը» (Amoris Laetitia) հորդորը և ցանկացա, որ Ընտանիքների համաշխարհային այս հանդիպման թեման լինի «Ընտանիքի Ավետարանը՝ Երջանկություն Աշխարհի համար»:

    Աստված ուզում է, որ յուրաքանչյուր ընտանիք մեր երկրի վրա իր սիրո բերկրանքի փարոսը լինի: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, թե մենք, որ հանդիպել ենք Աստծո փրկարար սիրուն, փորձում ենք՝ խոսքերով կամ առանց խոսքերի, փոքրիկ բարի գործերի միջոցով արտահայտել դա մեր ամենօրյա կյանքի և օրվա ամենաանտեսանելի պահերին:

    Ահա՝ ինչ ասել է սրբություն: Ուզում եմ խոսել «հարևանությամբ գտնվող» սրբերի մասին՝ այն բոլոր սովորական մարդկանց, ովքեր արտացոլում են Աստծո ներկայությունը մեր աշխարհի կյանքի և պատմության մեջ (հմմտ.՝ «Ցնծացե՛ք և ուրախ եղեք» (Gaudete et Exsultate!), 6-7): Սիրելու և սրբության կոչումը այնպիսի մի բան չէ, որը վերապահված է միայն ընտրյալ քչերին: Նույնիսկ այժմ, եթե աչքեր ունենք՝ տեսնելու համար, ապա կարող ենք տեսնել, որ դա ապրում է մեր մեջ: Այն լուռ ներկա է այն բոլոր ընտանիքների սրտերում, որոնք ցուցաբերում են սեր, ներում և գթություն, երբ անհրաժեշտություն են տեսնում, և դա անում են այնքա՜ն հանդարտ՝ առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու: Ընտանիքի Ավետարանը ճշմարիտ ուրախություն է աշխարհի համար, քանի որ այնտեղ՝ մեր ընտանիքներում, միշտ կարելի է գտնել Հիսուսին, ով ապրում է պարզության և աղքատության մեջ, այնպես, ինչպես ապրում էր Նազարեթի Սուրբ Ընտանիքի տանը:

    Քրիստոնեական ամուսնական և ընտանեկան կյանքն իրենց ողջ գեղեցկությամբ և գրավչությամբ երևում են միայն, եթե խարսխված են Աստծո սիրո մեջ, ով մեզ ստեղծեց Իր իսկ նմանությամբ, որպեսզի մենք փառաբանենք նրան՝ աշխարհում որպես նշաններ իր սիրո և սրբության: Հայրեր և մայրեր, պապիկներ և տատիկներ, երեխաներ և թոռնիկներ. մենք բոլորս կոչված ենք ընտանիքում գտնելու սիրո մեր գոհությունը: Աստծո ողորմածությունն օգնում է մեզ ամեն օր ապրել հոգու և սրտի միությամբ: Նո՛ւյնիսկ՝ հարսներն ու սկեսուրները: Ոչ ոք չի ասել, որ հեշտ է լինելու: Սա նման է թեյ պատրաստելուն. հեշտ է ջուրը եռացնելը, սակայն մեկ գավաթ լավ թեյը պահանջում է ժամանակ և համբերություն, այն պետք է թրմվի: Ահա այսպես է ամեն օր Հիսուսը ջերմացնում մեզ իր սիրով և թույլ տալիս, որ այն թափանցի մեր ողջ էության մեջ: Իր Սուրբ Սրտի գանձարանից, նա մեզ է տալիս այն շնորհը, որի կարիքն ունենք՝ մեր թուլությունները բուժելու և մեր միտքն ու հոգին բացելու, որպեսզի լսենք, հասկանանք և ներենք միմյանց:

    Մենք հենց նոր լսեցինք վկայությունները Ֆելիսիտեի, Իսահակի և Ջիզլեյնի, ովքեր Բուրկինա Ֆասոյից են: Նրանք մեզ պատմեցին ընտանիքում ներման մի հուզիչ պատմություն: Պոետն ասում է, որ «մարդը սխալական է, ներելը՝ աստվածային շնորհ»: Եվ սա ճշմարիտ է. ներումը հատուկ աստվածատուր շնորհ է, որը դարմանում է մեր տառապանքները, մոտեցնում մեզ միմյանց և Աստծուն: Ներման փոքրիկ և պարզ գործողությունները՝ որոնք նորացվում են ամեն օր, այն հիմքն են, որի վրա կառուցված է ամուր քրիստոնեական ընտանեկան կյանքը: Դրանք ստիպում են մեզ հաղթահարել մեր հպարտությունը, օտարացումն ու շփոթմունքը և հաշտվել: Ճիշտ է այն, որ սիրում եմ ասել, թե մեր ընտանիքներում մենք պետք է սովորենք երեք բառ. «ներիր», «խնդրում եմ» և «շնորհակալություն»: Երբ վիճում ես տանը, համոզվիր, որ նախքան քնելու գնալը ներողություն կխնդրես և կասես, որ ցավում ես: Նույնիսկ եթե վեճը ստիպում է քեզ քնել մեկ այլ սենյակում՝ միայնակ և առանձին, պարզապես թակիր դուռը և ասա. «Խնդրում եմ, կարո՞ղ եմ ներս գալ»: Այն ամենն ինչ պահանջվում է՝ մի հայացք է, մի համբույր, մի քաղցր խոսք… և ամեն ինչ վերադառնում է իր նախկին վիճակին: Այս բանն ասում եմ, որովհետև երբ ընտանիքներն այսպես են վարվում, ապա՝ պահպանվում են: Գոյություն չունի կատարյալ ընտանիք, առանց ներման ընտանիքները կարող են դառնալ անառողջ և աստիճանաբար փլուզվել:

     

    «Ներել» նշանակում է քեզանից ինչ-որ մի բան «տալ»: Հիսուսը միշտ ներում է մեզ: Նրա ներման ուժով մենք նույնպես կարող ենք ներել ուրիշներին, եթե իսկապես ցանկանում ենք դա անել: Մի՞թե դա այն չէ, ինչի համար աղոթում ենք «Հայր մեր»-ն ասելիս: Երեխաները սովորում են ներել, երբ տեսնում են, որ իրենց ծնողները ներում են միմյանց: Եթե հասկանում ենք սա, ապա կարող ենք արժևորել ամուսնական հավատարմության մասին Հիսուսի վարդապետության վեհությունը: Դա շատ հեռու է սառնասիրտ իրավական պարտավորություն լինելուց, դա նախ և առաջ զորեղ խոստում է Աստծո հավատարմության՝ Իր իսկ խոսքին և անսահման ողորմածությանը: Քրիստոսը մեռավ մեզ համար, որպեսզի մենք, մեր հերթին, ներենք և հաշտվենք միմյանց հետ: Այսպիսով, որպես անհատներ և որպես ընտանիքներ, կարող ենք ըմբռնել Սուրբ Պողոսի խոսքերի ճշմարտությունը. երբ մնացած ամեն ինչ անհետանա, «սէ­րը եր­բեք չի ան­հե­տա­նում» (Ա Կորնթ. 13:8):

     

    Ինչպես ասաց իռլանդացի մի քահանա. «ընտանիքը, որը աղոթում է միասին՝ մնում է միասին» և խաղաղություն ճառագում: Այսպիսի մի ընտանիք կարող է նեցուկ լինել այլ ընտանիքների համար, որոնք խաղաղության մեջ չեն ապրում: Խաչի լույսի ներքո կարող ենք տեսնել, որ սատանայի դեմ կարելի է կռվել միայն բարությամբ, իսկ ատելությունը հաղթահարել միայն ներմամբ: Խաղաղություն կարելի է գտնել Քրիստոսի սիրո մեջ՝ սեր, որն ամեն բան նոր է դարձնում:

     

    Քրիստոսի սերը, որը վերականգնում է ամեն բան, այն է, ինչը հնարավոր է դարձնում ամուսնությունը և ամուսնական սերը՝ ընդգծված հավատարմությամբ, անքակտելիությամբ, միությամբ և կյանքի առջև բաց լինելով: Մենք այս սերը տեսնում ենք Մերիի և Դամիանի՝ տասը երեխաներից կազմված իրենց ընտանիքում: Շնորհակալությու՜ն ձեր վկայության, սիրո և հավատքի ապացույցի համար: Դուք զգացել եք Աստծո սիրո ուժը, որի նպատակն է փոխել ձեր կյանքն ամբողջովին և օրհնել ձեզ՝ գեղեցիկ ընտանիք ունենալու բերկրանքով: Դուք ասացիք, որ ձեր ընտանեկան կյանքի բանալին ճշմարտացիությունն է: Ձեր պատմությունից երևում է, թե որքան կարևոր է անընդհատ վերադառնալ ճշմարտության սկզբնաղբյուրին և սիրուն, որը կարող է փոխել մեր կյանքը՝ Հիսուս, ով սկսեց իր հանրային ծառայությունը հարսանեկան խնջույքի ժամանակ: Այնտեղ՝ Կանայում, նա ջուրը վերածեց նոր և քաղցրահամ գինու: Նոր գինին սկսում է խմորվել նշանադրության ժամանակ, որն անհրաժեշտ է, բայց՝ անցողիկ, և հասունանում է ամուսնության ընթացքում փոխադարձ անձնվիրության մեջ, որը թույլ է տալիս ամուսիններին երկուսից դառնալ «մեկ մարմին»: Եվ այդ երկուսն իրենք էլ իրենց հերթին պետք է բացեն սրտերը բոլոր նրանց առջև, ովքեր կարիք ունեն սիրո, հատկապես՝ միայնակների, լքվածների, թույլերի և խոցելիների, ովքեր շատ հաճախ դուրս են մղվում մեր մերժող մշակույթի կողմից:

     

    Ընտանիքներն ամենուր կանգնած են մարտահրավերի առջև՝ շարունակել աճել, շարունակել առաջ շարժվել, նույնիսկ, դժվարությունների և սահմանափակումների մեջ, հենց այնպես, ինչպես վարվել են նախորդ սերունդները: Մենք բոլորս ընտանիքների մի մեծ շղթայի մասնիկն ենք, որոնք ձգվում են ետ՝ դեպի ժամանակի սկիզբը: Մեր ընտանիքները կենդանի հիշողության գանձարան են, քանի որ երեխաներն էլ իրենց հերթին դառնում են ծնողներ և տատիկներ, պապիկներ: Նրանցից ենք մենք ստանում մեր ինքնությունը, արժեքները և հավատքը: Սա տեսնում ենք Ալդոյի և Մարիսայի օրինակով, ովքեր ավելի քան 50 տարի է՝ ինչ ամուսնացած են: Նրանց ամուսնությունը սիրո և հավատարմության հուշարձան է: Թոռները նրանց երիտասարդ են պահում, նրանց տունը լի է ծիծաղով, երջանկությամբ և պարով: Նրանց սերը միմյանց նկատմամբ Աստծո ընծան է, որն ուրախությամբ փոխանցում են իրենց երեխաներին և թոռներին:

     

    Այն հասարակությունը, որը չի արժևորում մեծ ծնողներին՝ ապագա չունի: Եկեղեցին, որը հաշվի չի առնում սերունդների միջև համաձայնությունը, ի վերջո կկորցնի այն, ինչն իսկապես կարևոր է՝ սերը: Մեր մեծ ծնողները սովորեցնում են մեզ ամուսնական և ծնողական սիրո նշանակությունը: Նրանք նույնպես մեծացել են ընտանիքում և զգացել են որդիների և դուստրերի, եղբայրների և քույրերի սերը: Ուստի, նոր սերնդի համար նրանք փորձառության և իմաստության գանձարան են: Մեծ սխալ է տարեցներից չհարցնելը իրենց փորձի մասին, կամ մտածելը, թե նրանց հետ խոսելը ժամանակի կորուստ է: Այստեղ կցանկանայի շնորհակալություն հայտնել Միսսիին՝ վկայության իր խոսքերի համար: Նա մեզ պատմեց, որ ճանապարհորդների շրջանում ընտանիքը միշտ եղել է ուժի և միասնության աղբյուր: Նրա վկայությունը հիշեցնում է մեզ, որ Աստծո տանը, սեղանի շուրջ տեղ կա բոլորի համար: Ոչ ոք դուրս չի մնա, մեր սերն ու հոգատարությունը պետք է ցուցաբերվի բոլորի հանդեպ:

    Որպես ընտանիքներ՝ դուք Եկեղեցու և աշխարհի հույսն եք: Աստված, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, ստեղծեց մարդկությանը իր նմանությամբ, որպեսզի կիսի իր սերը, լինի ընտանիքների ընտանիքը, և վայելի այն խաղաղությունը, որ միայն նա կարող է տալ: Ավետարանի ձեր վկայությամբ դուք կարող եք օգնել, որպեսզի Աստծո երազանքն իրականանա: Կարող եք օգնել Աստծո բոլոր զավակներին միմյանց մոտեցնել, որպեսզի նրանք կարողանան մեծանալ միասնության մեջ և սովորեն՝ ինչ ասել է ողջ աշխարհում ապրել խաղաղ՝ որպես մի մեծ ընտանիք:

     

    Թող որ մեր Մայր Մարիամը՝ Ընտանիքի Թագուհին և Խաղաղության Թագուհին պահպանի ձեզ բոլորիդ ձեր կյանքի, սիրո և երջանկության ճանապարհին:

     

    Zenit.org կայքից թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

     

Օրացույց

Օրացույց