Ավետարանացումը՝ ամառային հանգստի և զարգացողական միջոցառումների միջոցով:
«Կարդինալ Աղաջանյան» ամառային ճամբարի առաքելությունը կարևոր բաղկացուցիչն է Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաքելության, որն է՝ առաջնորդել իր զավակներին և միասին ընթանալ դեպի մարդ անհատի ամբողջական զարգացում և փրկություն, դեպի լիակատար միություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Ավետարանացումը այս առաջնորդության ամենակարևոր պարտականություններից մեկն է, որն իրականացնելու համար Եկեղեցու վարդապետությունը առաջարկում է օգտագործել ամենատարբեր միջոցներ, որոնք կարող են դյուրացնել ավետարանական պատգամների ընկալումն ու ապրումը ժամանակակից կյանքի պայմաններում: Երեխաներին ավետարանացման պարագայում ժամանցը և հանգիստը ճիշտ կազմակերպելը մի այդպիսի շատ կարևոր միջոց է և հնարավորություն՝ պայմանով որ հանգիստը արդյունավետ մեթոդներով զուգակցվի ավետարանացման հետ՝ քարոզի, աղոթքի, հոգևոր վարժանքների՝ հիմնվելով կազմակերպիչների հոգևոր նվիրման և խանդավառության վրա, առանց որի երեխաների հետ աշխատանքը կվերածվեր պարզապես «ևս մեկ սոցիալական ծառայության», ինչպես գրում է Բենեդիկտոս 16-րդ Քահանայապետը («Աստված սեր է»՝ «Deus Caritas Est» շրջ. նամակ, 2005): Այս իմաստով մեծ ուշադրություն է դարձվում նաև կազմակերպիչների, ջոկատավարների հոգևոր կրթությանը կամ, Բենեդիկտոս 16-րդի բառերով, «սրտի կազմավորմանը»՝ նրանց ընտրության ժամանակ կարևորելով յուրաքանչյուրի հոգևոր, բարոյական որակները և կամավորական աշխատանք կատարելու դրդապատճառները, Աստծո հետ ներքին երկխոսության մակարդակը և հոգևոր ձգտումները:
«Կարդինալ Աղաջանյան» ամառային ճամբարի կազմակերպչական խումբը (տնօրեն՝ Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյան, 2018-ից նաև՝ փոխտնօրեն Տ. Նարեկ Քհն. Թադևոսյան, համակարգողներ Սիրանուշ Մինասյան, Քրիստինե Մխիթարյան, Անի Ցոլակյան, Լիլիթ Մկրտչյան) և աջակցող քահանաները աշխատում են տարեց տարի հղկել մանկավարժական, մեթոդական մոտեցումները՝ հստակեցնել սեփական աշխատանքի յուրաքանչյուր բաղկացյալի լուծելիք խնդիրները և լուծման առավելագույն արդյունավետ և, հոգևոր իմաստով, պտղաբեր ճանապարհները՝ համադրելով ավետարանական պատվիրաններն ու ժամանակակից հաղորդակցման, առաջնորդության միջոցները: Յուրաքանչյուր տարի լինում է մի նորույթ, որ փորձության է ենթարկվում՝ լավագույնը գտնելու նպատակով:
Օրինակ այս տարի դասընթացները դարձան ավելի բազմազան. ավելացվեցին դասեր՝ բնապահպանության վերաբերյալ (դասավանդող՝ Տ. Սահակ Քհն. Աղեկյան), որոնք մատուցվում էին դյուրընկալելի մեթոդներով, մուլտերով, տեսանյութերով և կոնկրետ օրինակներով: Այս դասերը երեխաներին սովորեցնում են հոգատար լինել արարչագործության հանդեպ՝ գնահատելով աստվածային յուրաքանչյուր ստեղծագործության արժեքը: Սա հիմնված է Եկեղեցու վարդապետության վրա և համահունչ է, հատկապես, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի «Գովեմք զՔեզ» Laudato Si (2015) շրջաբերական թղթում արծարծված ճշմարտությունների հետ:
Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» կենտրոնի կամավորականներն այս տարի ճամբարի երեք հերթափոխերի ընթացքում երեխաներին սովորեցնում էին ձեռագործություն:
Չորրորդ հերթափոխի ընթացքում երեխաները դասընթաց ունեցան նաև աղետների ժամանակ պաշտպանության միջոցների մասին:
Քրիստոնեականի դասավանդման համար այս տարի կազմվեց մի փոքրիկ ձեռնարկ՝ նախատեսված հինգ դասաժամերի համար, որտեղ հարցուպատասխանից զատ կան նաև քննարկումների համար նախատեսված բաժիններ: Այս մեթոդը ապացուցեց իր արդյունավետությունը, բայց նախաձեռնողները մտադիր են հետագայում վերանայել և առավել հղկել՝ կարևորելով երեխաների առավելագույն ներգրավվածություն ապահովելը:
Այս տարի դասերից հետո տարբեր թեմաներով առանձին քննարկումներ կազմակերպվեցին 14-15 տարեկանների համար՝ հաշվի առնելով, որ այս տարիքային խումբը առավել հակված է ինքնադրսևորման և սեփական կարծիքը արտահայտելու: Նրանց համար ստեղծվեց ազատորեն արտահայտվելու հարթակ, որտեղ կարևորվում էր ոչ միայն սեփական գաղափարները ազատ, առանց քննադատվելու վախի, արտահայտելը, այլև՝ միմյանց սիրով և հարգանքով լսելը, ուրիշների կարծիքը և ճշմարտացիության իրավունքի ընդունումը՝ հիշելով Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանները:
Հինգերորդ հերթափոխում պատանիների համար նաև կազմակերպվեց փոքրիկ արշավ՝ աղոթքով և զանազան խաղ-վարժություններով՝ ստեղծագործական ընդունակությունները զարգացնելու նպատակով: Սա նաև միասին դժվարություններ հաղթահարելու կարևոր փորձառություն է:
Նորույթ էր նաև շախմատի առաջնությունների կազմակերպումը բոլոր հերթափոխերի ընթացքում: Հաղթողներին շնորհվում էին մրցանակներ:
Խրախուսման համար լավագույն ջոկատավար, լավագույն ջոկատ և այլ անվանակարգերի սահմանումը դարձել է սիրելի ավանդույթ, ինչպես և սպորտլանդիաների, զանազան զարգացողական խաղերի կազմակերպումը:
Կազմակերպիչները աշխատում են տարեց տարի շտկել սեփական աշխատանքի թերությունները՝ լավագույն արդյունքների հասնելու համար: Նրանք գիտակցում են, որ սա մի ծառայություն է, որ հարկ է մատուցել՝ ի սեր Եկեղեցու և երեխաների առողջ ու ամբողջական զարգացման:
«Կարդինալ Աղաջանյան»-2018 ճամբարին այս տարի մասնակցեցին 10-15 տարեկան մոտ 812 մասնակիցներ՝ Հայաստանի և Վրաստանի կաթողիկէ համայնքներից:
Հինգերորդ հերթափոխի ընթացքում պատանիներին այցելեց և իր խրախուսական խոսքն ասաց նաև Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:
Հարկ է այս շատ կարևոր մանկապատանեկան ձեռնարկին աջակցելու համար մասնավոր շնորհակալություն հայտնել ամենամյա բարերարներին՝ Kirche in Not, Renovabis, Ouvre d’Orient, Cnewa կազմակերպություններին:
Տ. Հովսեփ