• Քահանայապետի ուղերձը՝ Միջազգային Կարիտասին. «Եղե´ք խաղաղության ու հաշտության ճարտարապետներ»

    Մարտնչե´ք աղքատության դեմ և միևնույն ժամանակ սովորեցե՛ք աղքատներից:


    2016թ-ի նոյեմբերի 17-ին Սրբազան Քահանայապետը հրապարակային ունկնդրության ժամանակ ընդունել է Միջազգային Կարիտասի ներկայացուցչական խորհրդի անդամներին: Հանդիպման ընթացքում Քահանայապետը պատասխանել է ունկնդրության մասնակիցների հարցերին:

     

    Սրբազան Քահանայապետի ուղերձը

     

    Սիրելի´ եղբայրներ և քույրեր, ջերմորեն ողջունում եմ բոլորիդ՝  Միջազգային Կարիտասի ներկայացուցչական խորհրդի անդամներիդ ու աշխատակազմիդ: Ուրախ եմ ընդունել ձեզ՝ ձեր ինստիտուցիոնալ հանդիպման ավարտին և ձեր միջոցով  հանդիպել Միջազգային Կարիտասի ողջ ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր ձեր երկրներում մասնակցում են Եկեղեցու բարեգործական ծառայությանը: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Կարդինալ Անտոնիո Թագլեին (Antonio Tagle)՝ ձեր նախագահին, այն խոսքերի համար, որոնցով նա ներկայացրեց այս հանդիպումը:

     

    Եկեղեցին գործում է ավետարանելու համար, սակայն ավետարանելու համար պահանջվում է հարմարեցում տարբեր իրավիճակների՝ հաշվի առնելով ընտանեկան և սոցիալական կյանքը, ինչպես նաև՝ միջազգային կյանքը և խաղաղության, արդարության ու զարգացման նկատմամբ հատուկ ուշադրությունը: Նոր Ավետարանացման համար Սինոդի բացման ժամանակ Բենեդիկտոս 16-րդ Պապը նշել է, որ ավետարանացման երկու սյուները «Դավանանքն ու Կարիտասն» են: Ես ինքս «Ավետարանի ուրախություն» առաքելական նամակի մեկ գլուխը նվիրել եմ ավետարանացման սոցիալական հարթությանը՝ վերահաստատելով Եկեղեցու նախընտրելի տարբերակն աղքատների համար: Հետևաբար, մենք կոչված ենք պայքարելու ամենաթույլերի սոցիալական մերժման դեմ, և աշխատելու նրանց ինտեգրման համար: Ըստ էության, մեր հասարակություններում հաճախ գերակշռում է «մեկանգամյա» մշակույթը.հասարակությունները կարիք ունեն հաղթահարելու անտարբերությունը և սովորելու համերաշխության արվեստը:

    «Քանի որ մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր ենք թոյլերի տկարութիւնը տանել եւ միայն մե՛զ համար հաճելի չլինել» (Հռմ. 15:1). ասել է Սբ. Պողոսը:

     

    Սա մեզ ստիպում է հասկանալ, թե ինչքան հիմնարար է տարբեր ազգերի կարիտասների առաքելությունն ու նրանց հատուկ դերը Եկեղեցում: Ըստ էության, դրանք սոցիալական կազմակերպություններ չեն, այլ՝ եկեղեցական օրգանիզմներ (ecclesial organisms), որոնք կիսում են Եկեղեցու առաքելությունը: Ինչպես գրված է ձեր կանոնադրության մեջ, դուք կոչված եք օգնելու Քահանայապետին ու եպիսկոպոսներին՝ իրենց բարեգործական առաքելության մեջ (Հոդված 1.4): Այսօրվա սոցիալական հրատապ խնդիրները պահանջում են, որ, ինչպես Սբ. Հովհաննես Պողոս 2-րդը բացատրեց, գործի դրվի «բարեգործության մի նոր պատկերացում» (Novo Millenio Ineunte, 50). այն ցուցաբերվում է ոչ միայն տրամադրված արդյունավետ օգնության մեջ, այլ հատկապես մոտ լինելու, անապահովներին եղբայրական վերաբերմունքով ուղեկցելու կարողության մեջ: Սա նշանակում է աշխարհում շողշողացնել բարեգործությունն ու արդարությունը՝ Ավետարանի ու Եկեղեցական ուսմունքի լույսի ներքո՝ ներառելով նաև աղքատներին, որ նրանք ևս դառնան իրենց զարգացման ճշմարիտ առաջամարտիկները:

     

    Եկեղեցու անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ, նույնիսկ՝ ձեր արած նվազագույնի համար: Քաջալերում եմ ձեզ շարունակել այս  առաքելությունը, որը Եկեղեցուն ստիպում է զգալ ինքն իրեն՝ որպես ճշմարիտ ուղեկից, և մոտ՝ այս աշխարհի մարդկանց սրտերին ու հույսերին: Շարունակե´ք տանել Ավետարանի ուրախության ուղերձն՝ ամբողջ աշխարհին, հատկապես, լքվածներին, և նաև նրանց, ովքեր ի զորու են փոփոխություններ անել, քանի որ հնարավոր է փոփոխել: Աղքատությունը, սովը, հիվանդությունը, ճնշվածությունը ճակատագիր չեն և չեն կարող ներկայացնել մշտական իրավիճակներ: Վստահելով Ավետարանի ուժին՝ մենք կարող ենք ճշմարտապես նպաստել այդ ամենը փոփոխելուն կամ, ի վերջո, բարելավել դրանք: Մենք կարող ենք վերահաստատել այն մարդկանց արժանապատվությունը, ովքեր սպասում են մեր սիրո նշանին և կարող ենք միասին կառուցել ու պաշտպանել «մեր ընդհանուր տունը»:

     

    Ես կոչ եմ անում ձեզ ունենալ մարգարեական քաջություն, որպեսզի միշտ հրաժարվեք այն ամենից, ինչը նսեմացնում է մարդուն և շահագործման ամեն ձևից, որոնք նվաստացնում են: Շարունակե´ք տալ հյուրընկալության ու համերաշխության  այն փոքր ու մեծ նշանները, որոնք ի զորու են խաղաղություն որոնելիս լուսավորել երեխաների ու ծերերի, գաղթականների ու փախստականների կյանքը: Ես շատ ուրախ եմ իմանալով, որ Միջազգային Կարիտասն իրականացնելու է արտագաղթի մասին արշավը: Հուսով եմ, որ այս գեղեցիկ նախաձեռնությունը շատ մարդկանց սրտեր կբացի, որպեսզի ընդունեն փախստականներին ու գաղթականներին, որպեսզի նրանք մեր համայնքում իրենց զգան  ինչպես «տանը»: Թո´ղ դա լինի ձեր պատրաստակամությունը՝ նորացված հանձնառությամբ աջակցելու զարգացման գործընթացներին և խաղաղության ուղիներին՝ այն երկրներում, որտեղից մեր եղբայրներն ու քույրերը փախել կամ հեռացել են՝ փնտրելով ավելի լավ ապագա:

     

    Եղե´ք խաղաղության ու հաշտեցման ճարտարապետներ՝ ժողովուրդների, համայնքների ու հավատացյալների միջև: Կենտրոնում դրեք Ձեր ամբողջ էներգիան, ձեր նվիրումը ներդրե՛ք աշխատելու միասնաբար (to work in synergy) այլ դավանանքի համայնքների հետ, ովքեր ևս, ձեզ նման, իրենց ուշադրության կենտրոնում դնում են մարդու արժանապատվությունը:

     

    Մարտնչե´ք աղքատության դեմ և միևնույն ժամանակ սովորեցե՛ք աղքատներից: Ոգեշնչվե´ք և առաջնորդվե´ք նրանց պարզ ու էական կյանքի օրինակով, նրանց արժեքներով, նրանց՝ համերաշխության ու կիսելու զգացումով, նրանց՝ դժվարությունները հաղթահարելու կարողությամբ և, հատկապես, նրանց՝ տառապյալ Քրիստոսի կենդանի փորձառությամբ, Նրա, Ով միակ Տերն ու Փրկիչն է: Հետևաբար, սովորե´ք նաև նրանց աղոթական կյանքից և առ Աստված նրանց վստահությունից:

     

    Հուսով եմ, որ եպիսկոպոսների աջակցության ու հովվական ուշադրության միջոցով կկարողանաք ավելի շատ վկայություն տալ մեծահոգի բարեգործական ծառայության՝ օգնելով հավատացյալների համայնքին՝ լինել Ավետարանի հռչակման, Սբ. Հաղորդության և աղքատներին ուրախությամբ ծառայելու վայր:

     

    Ես դիմում եմ Սբ. Մարիամի՝ մեր երկնային Մոր բարեխոսությանը և մինչ խնդրում եմ ձեզ աղոթել ինձ համար, ուրախությամբ հայցում եմ Տիրոջ օրհնությունը ձեզ համար և նրանց համար, ովքեր ձեր աշխատանքում աջակցում են ձեզ:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց