• Հիսուսի կողքին խաչված երկու ավազակների կերպարները՝ Սրբազան Քահանայապետի մեկնությամբ

    «Հիսուս».սա հակիրճ աղոթք է, և օրվա ընթացքում մենք մի քանի անգամ կարող ենք անել այդ աղոթքը՝ «Հիսուս», պարզապես «Հիսուս»:


    Ստորև ներկայացնում ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի՝ 2016թ. սեպտեմբերի 28-ին հրապարակային ունկնդրության քարոզը:

     

    «Բարի´ առավոտ սիրելի´ քույրեր և եղբայրներ,

    այն բառերը, որոնք Հիսուս արտաբերեց իր չարչարանքի ժամանակ, իրենց գագաթնակետը գտնում են ներման մեջ.

     

    Հիսուս ներում է. ««Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն,  թէ ինչ են անում» (Ղկ. 23:34): Սրանք պարզապես խոսքեր չեն, քանի որ սրանք այնուհետև դառնում են ներման կոնկրետ գործողություն, որն առաջարկվում է «բարի ավազակին», որը Նրա կողքին է: Սբ. Ղուկասը խոսում է երկու չարագործների մասին, ովքեր խաչվեցին Հիսուսի հետ, ովքեր Նրան դիմեցին միմյանց հակառակ դիրքորոշմամբ:

     

    Առաջինը վիրավորեց Նրան, ինչպես բոլորը վիրավորեցին, ինչպես մարդկանց առաջնորդներն արեցին, բայց այս խեղճ հուսահատ մարդն ասաց. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ» (Ղկ. 23:39): Այս աղաղակը վկայում է մարդու զայրույթն ի դեմս մահվան խորհրդի և ողբերգական իրազեկությանն այն ամենի մասին, որ միայն Աստված կարող է լինել ազատագրման պատասխանը: Հետևաբար, աներևակայելի է այն, որ Մեսսիան՝ ում Աստված էր ուղարկել, կարող է լինել խաչի վրա, առանց ջանքեր գործադրելու Ինքն իրեն փրկելու համար: Եվ նրանք չհասկացան այս ամենը: Նրանք չհասկացան Հիսուսի զոհաբերության խորհուրդը: Եվ փոխարենը Հիսուս մեզ փրկեց՝ խաչի վրա մնալով: Բոլորս էլ գիտենք, թե ինչքան դժվար է «խաչի վրա մնալը», մեր ամենօրյա փոքրիկ խաչերի վրա մնալը: Նա մնաց այս մեծ խաչի վրա, այս մեծ տառապանքի մեջ և այնտեղ փրկեց մեզ: Նա այնտեղ մեզ ցույց տվեց Իր ամենազորությունը, և այնտեղ ներեց մեզ: Այստեղ կատարվածը Նրա անձնուրաց սերն էր. դրանից ընդմիշտ հոսում է մեր փրկությունը: Մեռնելով խաչի վրա, լինելով անմեղ երկու հանցագործների միջև՝ Նա վկայում է, որ Տիրոջ փրկությունը կարող է հասնել յուրաքնչյուրին և յուրաքանչյուր իրավիճակում, նույնիսկ ամենավատ ու ցավալի իրավիճակում: Տիրոջ փրկությունը բոլորի համար է, ոչ ոք բացառված չէ: Այդ փրկությունն առաջարկվում է բոլորին:

     

    Ուստի, Հոբելյանը ողորմության ու շնորհի ժամանակ է բոլորի համար, բարու և չարի համար, նրանց համար, ովքեր առողջ են և նրանց համար, ովքեր տառապում են: Հիշեցե´ք  այն առակը, որը Հիսուս պատմում է երկրի վրա ապրող հզոր մարդու տղայի հարսանեկան արարողության ժամանակ. Երբ հյուրերը չցանկացան գնալ, նա ասաց իր ծառաներին. «Արդգնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի» (Մտթ. 22:9):

     

    Մենք բոլորս հրավիրված ենք. և´ բարին, և´ չարը: Եկեղեցին միայն բարի մարդկանց համար չէ, կամ այն մարդկանց, ովքեր բարի են թվում կամ վստահ են, որ բարի են: Եկեղեցին բոլորի համար է, և նույնիսկ նախապատվությամբ՝ նաև չարի համար, քանի որ Եկեղեցին Ողորմություն է: Եվ շնորհի ու ողորմության այս պահը մեզ հիշեցնում է, որ ոչինչ չի կարող մեզ բաժանել Քրիստոսի սիրուց: Նրանց, ովքեր գամված են հիվանդանոցի մահճակալին, նրանց, ովքեր բանտարկված են, նրանց, ովքեր պատերազմների թակարդում են, ես ասում եմ. Նայեցե´ք Խաչյալին, Աստված ձեզ հետ է, Նա խաչի վրա ձեզ հետ է մնում և առաջարկում է դառնալ մեր Փրկիչը: Ձե´զ, որ այդքան շատ եք տառապում, ես ասում եմ Հիսուս ձեզ համար խաչվեց, մեզ համար, բոլորի համար: Թու´յլ տվեք, որ Ավետարանի զորությունը թափանցի ձեր սրտերը և մխիթարի ձեզ: Թո´ղ այն հույս և վստահություն տա ձեզ, որ հասկանաք, որ ոչ ոք բացառված չէ նրա ներումից: Բայց դուք կարող եք հարցնել ինձ. «Ասա´ ինձ Հայր, արդյո՞ք այն մարդը, ով իր կյանքում վատ արարքներ է գործել, հնարավորություն ունի՞ ներման»: Այո՛, այո՛, ոչ ոք բացառված չէ Աստծո ներումից: Նա միայն պետք է ցանկանա մոտենալ Հիսուսին, ապաշխարի և ցանկանա, որ Աստված գրկի իրեն:

     

    Սա առաջին չարագործն էր: Մյուսը, այսպես կոչված «բարի ավազակն էր»: Նրա խոսքերը ապաշխարության գեղեցիկ նմուշ են, կենտրոնացած քրիստոնեական, որը սովորեցնում է ներում խնդրել Հիսուսից: Սկզբում նա դիմեց իր ընկերոջը «Աստծուց չե՞ս վախենում, դուոր նոյն պատիժն ես կրում» (Ղկ. 23:40): Այսպիսով նա կարևորեց ապաշխարության մեկնման կետը. Աստծու հանդեպ վա՞խը, ո´չ,  որդիակա՛ն վախն Աստծու հանդեպ: Սա վախ չէ, այլ՝ հարգանք, որը Աստծո շնորհքն է, քանի որ Նա Աստված է: Սա որդիական հարգանք է, քանի որ Նա Հայր է: Բարի ավազակը հիշեցնում է այն հիմնարար վերաբերմունքի մասին, որը բացում է մեր առջև ճանապարհը՝ վստահելու Աստծուն, գիտակեցու Նրա ամենազորությունն ու անսահման բարությունը: Սա այն վստահ հարգանքն է, որն օգնում է տեղ բացել Աստծո համար և անձդ վստահել Նրա Ողորմությանը:

     

    Այնուհետև, բարի ավազակը հռչակում է Հիսուսի անմեղությունը և բացեիբաց ընդունում իր մեղքը. «Եւ մենք իրաւացիօրէն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որեւէ վատ բան  չի արել» (Ղկ. 23:42):  Նա վստահությամբ Նրան իր անունով է կոչում. «Հիսուս», և այսպիսով խոստովանում, թե ինչ է ցույց տալիս այս անունը. «Աստված փրկում է», հենց սա է նշանակում «Հիսուս» անունը: Այդ մարդը Հիսուսից խնդրեց հիշել նրան: Ինչքա՜ն քնքշանք կա այս արտահայտության մեջ, ինքա՜ն մարդկայնություն: Մարդու համար լքված չլինելը, Աստծուն մոտ լինելն անհրաժեշտություն է: Այսպիսով, մարդ, ով դատապարտված է մահվան, դառնում է քրիստոնեայի օրինակ, ով իր կյանքը վստահում է Հիսուսին: Մարդ, ով դատապարտված է մահվան, օրինակ է մեզ համար, օրինակ է մարդու համար, քրիստոնյաի համար, ով իր անձը Հիսուսին է վստահում, նաև՝ Եկեղեցու օրինակն է, որը հաճախ, խորհրդակատարության ժամանակ վկայակոչում է Տիրոջն՝ ասելով. «Հիշի´ր:  Հիշի՛ր Քո սերը»:

     

    Մինչ բարի ավազակը խոսում է ապագայի մասին.  «երբ դու մտնես քո Արքայություն», Հիսուսի պատասխանը երկար սպասեցնել չտվեց. Նա խոսում է ներկայի մասին. «Այսօր դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղկ. 23:43): Խաչի ժամին Հիսուսի փրկությունը հասավ իր գագաթնակետին, և Նրա խոստումը բացահայտվեց Նրա առաքելության իրագործմամբ.այն է՝ փրկել մեղավորներին: Իր ծառայության սկզբում Նազարեթի ժողովարանում, Հիսուս ասաց. «ազատություն՝ գերիներին», Երիքովում, մաքսավոր Զակքեոսի տանը, Նա հռչակեց, որ «մարդու Որդին եկաւ փնտռելու եւ փրկելու կորածը» (Ղկ. 19:9): Խաչի վրա նրա վերջին արարքը հաստատում է նրա փրկության ծրագրի իրագործումը: Սկզբից մինչև վերջ Նա Ինքն Իրեն  բացահայտեց որպես Ողորմությունը, Նա Ինքն Իրեն բացահայտեց՝ որպես Հայր Աստծու սիրո հստակ և անկրկնելի մարմնացումը: Եվ բարի ավազակը Նրան Իր անունով կոչեց. «Հիսուս»: Սա հակիրճ աղոթք է, և օրվա ընթացքում մենք մի քանի անգամ կարող ենք անել այդ աղոթքը՝ «Հիսուս» պարզապես «Հիսուս»: Եվ այսպես կարող ենք ասել ամբողջ օրը:

     

    Zenit գործակալության կայքից թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց