Մահապատիժը մարդկային արժանապատվության ոտնահարում է
22 հունիսի, 2016թ.
Սրբազան Քահանայապետը պատգամ է հղել մահապատժի դեմ Համաշխարհային 6-րդ Համագումարի անդամներին, որը տեղի է ունենում Օսլոյում, հունիսի 21-23 ։
Ողջունում եմ մահապատժի դեմ համաշխարհային համագումարի կազմակերպիչներին, աջակցող երկրների խմբին, հատկապես` Նորվեգիային, քանի որ այն հյուրընկալող երկիրն է, բոլոր կառավարությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին եւ քաղաքացիական հասարակությանը, որ մասնակցում է համագումարին: Արտահայտում եմ նաեւ իմ անձնական գնահատանքը բարի կամքի տեր բոլոր անձանց հետ միասին` մահապատժից ազատ աշխարհին ձեր նվիրվածության համար:
Հույսի նշան է, որ հասարակական կարծիքն աճող ընդդիմություն է արտահայտում մահապատժի դեմ։ Իսկապես, մահապատիժը մեր օրերում անընդունելի է, որքան էլ ծանր լինի դատապարտյալի գործած հանցանքը: Դա վիրավորում է կյանքի անձեռնմխելիության իրավունքը եւ մարդկային արարածի արժանապատվությունը, հակասում է անհատների եւ հասարակության վերաբերյալ Աստծո ծրագրին եւ Նրա ողորմած արդարադատությանը և համահունչ չէ պատժի արդար նպատակի հետ: Զոհերի համար դա արդարության վերականգնում չէ, փոխարենը խրախուսում է վրեժխնդրությունը։ «Մի՛ սպանիր» պատվիրանն ունի բացարձակ արժեք եւ վերաբերվում է եւ՛ անմեղներին, ե՛ւ մեղավորներին:
Ողորմության արտահերթ հոբելյանական տարին բարենպաստ առիթ է ամբողջ աշխարհում խթանելու յուրաքանչյուր անձի կյանքի եւ արժանապատվության հանդեպ հարգանքի առավել զարգացած ձեւերը: Չպետք է մոռանալ, որ հանցագործները եւս ունեն կյանքի անձեռնմխելի եւ Աստծո տված իրավունք։
Այսօր խրախուսում եմ բոլորիդ աշխատել ոչ միայն մահապատիժը վերացման համար, այլեւ բանտային պայմանների բարելավման համար, որպեսզի դրանք լիովին հարգեն ազատազրկվածների մարդկային արժանապատվությունը: «Արդարություն վերականգնել» չի նշանակում ձգտել պատժի, այլ ապահովել, որ պատժի հիմնական նպատակը իրավախախտ անձի վերականգնումն է: Այդ հարցով պիտի զբաղվեն քրեական արդարադատության համակարգի ավելի լայն շրջանակներում։ Պետք է հնարավորություն տալ մեղավորներին կրկին ինտեգրվել հասարակությանը։ Չկա տեղին պատիժ՝ առանց հույսի: Պատիժն առանց հույսի խոշտանգման տեսակ է, ոչ թե պատիժ։
Հավատում եմ, որ այս համագումարը կարող է նոր լիցք հաղորդել մահապատժի վերացման ջանքերին: Ուստի, խրախուսում եմ բոլոր մասնակիցներին իրականացնել այս հիանալի նախաձեռնությունը եւ վստահեցնում եմ, որ աղոթում եմ ձեզ համար:
Թարգմանեց՝ Նարինե Աղասարյանը