«Ընտանեկան մտերմության տարածումը մարդկային հարաբերություններում օրհնություն է ժողովուրդների համար.այն հույս է տալիս աշխարհին». Ֆրանցիսկոս Սրբազան Պապ, 2 օգոստոսի, 2015թ.:
3 օգոստոսի, 2015թ.
2015թ. օգոստոսի 2-ի հրապարակային ունկնդրությանը, Սրբազան Պապը, շարունակելով ընտանիքի թեման, խոսել է հավատքը փոխանցելու ընտանեկան պատասխանատվության մասին.հավատքի փոխանցում ընտանիքի ներսում և հասարակության մեջ:
Պապը, նախ, բացատրել է ավետարանական որոշ դրվագներ, որոնք, թվում է, թե դեմ են ընտանեկան կապերին, օրինակ՝ Մտթ. 10:37-38, Մրկ.3:34-35 համարները: Այս խոսքերում, որտեղ Հիսուսը շեշտում է հավատքի և Հոր կամքը կատարելու առաջնայնությունը, Հիսուսն ընտանիքը դնում է որպես մարդկային մտերմության մեծագույն օրինակ, այն իմաստով, որ ընտանեկան մտերմությունը հավատքի և Աստծո սիրո փորձառությամբ նոր իմաստ է ստանում և գերազանցում է իրենք իրեն՝ ստեղծելով ավելի համապարփակ հայրություն և մայրություն, որը տարածվում է նաև այլոց վրա, ովքեր ընտանիքի անդամներ չեն և հասարակության մեջ արհամարհվածներին ընդունելով որպես եղբայրներ և քույրեր:
Ընտանիքում է, որ մարդը սովորում է զարգանալ մտերմության իմաստության մեջ: Մտերմության քերականությունը հենց ընտանիքու՛մ են սովորում: Եվ հենց ա՛յդ լեզվով է Աստված Ինքն Իրեն հասկանալի դարձնում բոլորի համար, բացատրում է Նորին Սրբությունը:
Ընտանեկան կապերը հավատքին և Աստծո հետ ուխտին ենթարկեցնելը ոչ թե մահացնում է այդ կապերը, այլև՝ պաշտպանում է դրանք եսասիրությունից, այլասերումից, առաջնորդում դեպի անմահ կյանք:
Երբ ընտանեկան մտերմությունը սկսում է վկայել Ավետարանի մասին, այն ունակ է դառնում անպատմելի բաների, որոնք հնարավոր են դարձնում ձեռքով դիպչել Աստծո գործերին…
Հուսալքության մեջ լքված երեխայի միայն մեկ ժպիտը, որին կարողանանք հասնել, և այն փաստը, որ այդ երեխան սկսում է նորից ապրել, ավելի լավ է բացատրում Աստծո գործն աշխարհում, քան՝ հազարավոր աստվածաբանական աշխատություններ: Միայն մեկ տղամարդ և մեկ կին, ովքեր ունակ են իրենք իրենց վտանգելու և զոհելու՝ ոչ միայն իրենց սեփական երեխայի, այլև՝ ուրիշի երեխայի համար, մեզ բացատրում են սերն այնպե՛ս, որ շատ գիտնականներ այլևս չեն կարողանում հասկանալ: Սիրո այս քայլերը ծնվում են այնտեղ, ուր կա ընտանեկան մտերմություն:
Այն ընտանիքը, որը արձագանքում է Հիսուսի կոչին, վերականգնում է աշխարհի ուղղությունը դեպի մարդկանց և Աստծո միջև ուխտը:
«Եկե՛ք երևակայենք, որ պատմության (հասարակության, քաղաքականության, տնտեսության) ղեկը վերջապես նորից ուղղվել է դեպի տղամարդու և կնոջ միջև ուխտը…Երկրի, տան, տնտեսության, աշխատանքի սուբյեկտները լրիվ ուրիշ երաժշտություն կունենան»:
«Երբ, Եկեղեցուց սկսած, ղեկը վերադարձնենք ընտանիքին, որը լսում է Աստծո Խոսքն ու գործադրում այն, մենք կդառնանք Կանայի հարսանիքի լավ գինու նման, մենք կաճենք՝ Տիրոջ թթխմորի նման:
Ընտանիքի ուխտն Աստծո հետ այսօր կոչված է դիմակայելու ժամանակակից քաղաքի ամայացմանը: Բայց մեր քաղաքները դարձել են անապատների նման՝ սիրո պակասի պատճառով, ժպիտների պակասի պատճառով: Այնքա՛ն շատ զվարճալիքներ, ժամանցի միջոցներ կան, բայց սերը պակասում է:
Ընտանիքի ժպիտը ունակ է հաղթահարելու մեր քաղաքների ամայացումը: Եվ դա՛ է ընտանեկան սիրո հաղթանակը: Ոչ մի տնտեսական կամ քաղաքական ճարտարագիտություն չի կարող փոխարինել ընտանիքի բերած նպաստին: Բաբելոնյան նախագծերը ստեղծում են անկյանք երկնաքերներ, փոխարենը Աստծո Հոգին ծաղկեցնում է անապատներ (Ես.32:15):
Մենք պետք է դուրս գանք վերնախավերի զինված աշտարակներից ու սենյակներից, նորից պետք է այցելենք տները և տարածություն բացենք բազմությունների համար, բացվենք ընտանեկան սիրո առաջ».
ասել է Սրբազան Պապը և խնդրել աղոթել միմյանց համար, որպեսզի ընդունակ լինենք ճանաչելու Աստծո պարգևները: