
Հայ ժողովրդի հավատքի հոր նշխարների գյուտը՝ հայ ժողովրդի հոգևոր ինքնության տոնակատարության մի մասն է
Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը Մոսկվայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ ժողովրդապետության գլխավոր տոնն է և տարեկան ուխտի օրը, քանի որ ժողովրդապետությունը անվանված է ի պատիվ հայոց հավատքի նախահոր:
Այս տարի ևս, ըստ սովորության, տոնը նշվեց կիրակի՝ հունիսի 21-ին, Մոսկվայի Անարատ Հղության Կաթողիկէ Մայր Տաճարում, հանդիսավոր Սուրբ Պատարագով, որ մատուցեց Մոսկվայի հայ կաթողիկէների ժողովրդապետ, Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը՝ համապատարագությամբ Հույն Կաթողիկէ Եկեղեցու համայնքի հովիվ Տ. Վասիլի Վայդայի և Մոսկվայի Opus Dei շարժման պատասխանատու Հ. Անտոնիո Սերրանո-Գոտարրեդոյի:
Հատվածներ՝ Գերհ. Հայր Պետրոս Ծ. Վարդապետ Եսայանի քարոզից.
«Նշխարների գյուտ… այսօր սա, հավանաբար, այնքան էլ հասկանալի չլինի շատերի, հատկապես, երիտասարդների համար: Ինչի՞ մասին է խոսքը: Բանն այն է, որ Սուրբ Գրիգորը, մեր ժողովրդին մկրտելուց և իր ծառայությունն ավարտելուց հետո, գահը թողեց որդուն և հեռացավ լեռներ՝ դառնալով ճգնավոր, որպեսզի իր կյանքի վերջին տարիներն անցկացնի խաղաղության ու աղոթքի մեջ: Նրա գահը բարձրացավ որդին՝ Արիստակեսը, որովհետև այն ժամանակ եպիսկոպոսները կարող էին ամուսնացած լինել։ Բացի այդ, մեր ժողովուրդն այնքան էր մեծարում Սուրբ Գրիգորին, որ անպայման ցանկանում էր, որ իրենց առաջնորդի նրա տոհմից ինչ-որ մեկը: Եվ հաջորդեց նրա որդի Արիստակեսը՝ 326 թվականին, ինչը նշանակում է, որ այս տարի լրանում է ուղիղ 1700 տարին: Սուրբ Գրիգորը լեռներում ննջեց ի Տեր: Մահից կարճ ժամանակ անց՝ մի քանի օրվա ընթացքում, նրան գտավ մի հովիվ: Այնուհետև նշխարները հանդիսավորությամբ տեղափոխվեցին այսօրվա Էջմիածին, որտեղ պահվեցին մինչև V դար։
Սակայն V դարում Կոստանդնուպոլսի կայսր Զենոնը ցանկացավ մասունքները տեղափոխել Արևելյան Հռոմեական կայսրության մայրաքաղաք: Հայաստանում մնաց միայն Աջը՝ սրբի աջ ձեռքի մասունքը: VII դարում, ի պատիվ Սուրբ Գրիգորի, հատուկ կառուցվեց Զվարթնոցի տաճարը, որտեղ մեծարվում էին նրա սուրբ մասունքները:
VIII դարում Հռոմեական կայսրությունում խռովություն սկսվեց, տեղի ունեցան հալածանքներ քրիստոնեական սրբապատկերների, պատկերների և մասունքների դեմ: Մասունքները պղծում էին: Եվ այնժամ հայ միանձնուհիները, որպեսզի Սուրբ Գրիգորի մասունքները չպղծվեն, դրանք տեղափոխեցին Նեապոլ: Այնտեղ նրանք կառուցեցին մի եկեղեցի՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչին, որ կոչվում է «San Gregorio Armeno»։ Մինչ օրս դա քաղաքի ամենագեղեցիկ տաճարներից է, որը գտնվում է ամենագլխավոր ու հայտնի փողոցներից մեկի վրա, որ հենց այդպես էլ կոչվում է՝ «San Gregorio Armeno»: Հենց այնտեղ են պահվում նրա մասունքներն ու սուրբ գանգը։
2001 թվականին Սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապը Սուրբ Գրիգորի մասունքներից մի մաս նվիրեց հայկական երեք նվիրապետական աթոռներին՝ երեք Կաթողիկոսներին` Էջմիածնի, Կիլիկիո Հայ Առաքելական և մեր Կաթողիկէ Հայոց Գահակալի աթոռին։ Այս մասունքներն այժմ պահվում են մեր աթոռների մայր տաճարներում:
Իսկ 2016 թվականին Նեապոլի արքեպիսկոպոս-միտրոպոլիտ կարդինալ Սեպեն մեզ ևս նվիրեց մի մասնիկ՝ Սբ. Գրիգորի մասունքներից, և այն բերեցինք Մոսկվա: Եվ այդ պահից ի վեր այն մեր մեջ է:
Ինչո՞ւ է սա այդքան կարևոր: Որովհետև հնում ամեն ոք ձգտում էր իր մոտ ունենալ հայտնի, մեծարվող սրբերի մասունքները: Ոչ բոլոր մարդիկ կարող են ուխտագնացության մեկնել Նեապոլ կամ, օրինակ, Լիբանան, բայց ցանկանում էին, որ իրենց մոտ լինի իրենց ամենասիրելի սրբի ֆիզիկական ներկայությունը: Եվ ահա, մեր ծուխն ունի այսքան մեծ ու մեծարժեք սրբի այս մասունքը։
Իտալիայում կա առնվազն երեք քաղաք, որոնք պատիվ ունեն լինելու Սուրբ Գրիգոր Լուսավորչի հովանավորության ներքո՝ Նեապոլը, Նարդոն և ինքնին Հռոմը: Մի քանի տարի առաջ ես նախագահում էի այդ քաղաքներից մեկում Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատվին կազմակերպված հանդիսավոր թափորը, և խորապես հուզված էի տեսածովս: Ասում եմ ձեզ՝ ես նման մեծարում չեմ տեսել նույնիսկ Հայաստանում։ Իտալական այդ փոքրիկ քաղաքում, երբ ընթանում էր թափորը արծաթյա Աջով՝ օրհնող ձեռքով, որի մեջ գտնվում էր Սուրբ Գրիգորի մասունքը, դա իսկապես տպավորիչ տեսարան էր: Ես տանում էի մասունքների այդ մասնիկը քաղաքի եպիսկոպոսների, քահանաների և ողջ հոգևորականության հետ միասին: Փողոցներում ցնծում էր 15,000 մարդ՝ երգելով ի պատիվ Սուրբ Գրիգորի: Տանում էին նրա արծաթե կիսանդրին, մարդիկ ծնկի էին գալիս, օրհնություն խնդրում և աղոթքներ վերառաքում: Ես այնքան հուզված էի դրանից:
Եվ ահա տեսե՛ք. օտար երկրներում, իտալացիների մեջ, նրա զավակները, որոնց նա քարոզել է Ավետարանը, որոնց նա մկրտել է, այնքա՛ն ջերմորեն են մեծարում նրան: Իսկ նրա մասունքը միշտ մեզ հետ է Սուրբ Պատարագի ժամանակ: Երկնքում բոլոր հրեշտակներն ու բոլոր սրբերը ցնծում են և ներկա են մեզ հետ։ Բայց առանձնահատուկ կերպով մեր հովանավորն այսօր մեզ հետ է»:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
25 հունիսի, 2026թ.





