«Ողորմությունից ամենամեծ շնորհը ստանում է նա, ով տալիս է այն»:
Խորհրդածելով կիրակնօրյա պատարագի ավետարանական հատվածի շուրջ (Մկ. 10,46-52), որը պատմում է, թե ինչպես է Հիսուս բժշկում Բարտիմեոսին: Փողոցում ամբոխը ուշադրություն չի դարձնում հաշմանդամին, որովհետև նա թշվառ մուրացկան է, նա չի արժանանում որևէ հոգատար հայացքի, կարեկցանքի, ընդգծեց Նորին Սրբությունը: Բարտիմեոսը նույնպես չի տեսնում, սակայն լսում է և անում ամեն ինչ`լսելի լինելու համար: Նա բարձր աղաղակում է «Դավթի՛ Որդի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ» (Մկ. 10,48): Հիսուս կանգ է առնում և հարցնում. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ» (Մկ. 10,51): Կույր մարդուն ուղղված այդ հարցը կարծես սադրանք լինի, բայց իրականում փորձություն է, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Տերը հարցնում է Բարտիմեոսին, թե ում է նա իրականում փնտրում և ինչու: Ո՞վ է նրա համար «Դավթի Որդին»: Նորին Սրբությունը քննարկում է այդ հանդիպման երեք հայեցակետերը, որոնք վերածվում են երկխոսության:
Ամենից առաջ Բարտիմեոսի ճիչը, որը միայն օգնության խնդրանք չէ, այլ ինքնահաստատում: Կույրն ասում է. Ես կամ, գոյություն ունեմ, նայիր ինձ: Ես չեմ տեսնում, Հիսուս: Դու ինձ տեսնո՞ւմ ես»: Այո, Հիսուս տեսնում է մուրացկանին և սրտով լսում նրան: Մենք լսո՞ւմ ենք մուրացկանների աղաղակը:
Երկրորդ հայեցակետը հավատքն է: Հիսուս ասում է. «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց» (Մկ. 10,52): Բարտիմեոսի տեսողությունը վերականգնվում է իր հավատքի շնորհիվ, Քրիստոս իր աչքերի լույսն է: Տերը հետևում է, թե ինչպես է Բարտիմեոսը նայում Իրեն: Իսկ ինչպե՞ս ենք մենք նայում մուրացկաններին: Տեսնո՞ւմ ենք նրանց կարիքները, լսո՞ւմ ենք նրանց օգնության աղաչանքը:
Ավետարանական հանդիպման երրորդ հայեցակետը ճանապարհն է. բժշկված Բարտիմեոսը «ճանապարհին գնում էր Հիսուսի հետևից» (Մկ. 10,52), շարունակեց Սրբազան Քահանայապետը: Մեզանից յուրաքանչյուրը կույր Բարտիմեոս է, ով հետևում է Հիսուսին, հենց որ մոտենում է Նրան: «Երբ մոտենում եք աղքատին և զգում եք նրա կարիքներն ու պահանջմունքները, ուրեմն իմացեք, որ Հիսուս է ձեզ մոտեցել աղքատի տեսքով ու կերպարով: Խնդրում եմ, մի՛ շփոթեք. ողորմությունը բարեգործություն չէ։ Ողորմությունից ամենամեծ շնորհը ստանում է նա, ով տալիս է այն, քանի որ այդ պահին Տիրոջ աչքերը սևեռված են նրա վրա», ընդգծեց Նորին Սրբությունը:
«Եկե՛ք միասին աղոթենք Սուրբ Կույս Մարիամին՝ մեր փրկության արշալույսին, որպեսզի նա պահպանի մեր ճանապարհը Քրիստոսի լույսի ներքո», խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը