«Մենք շատ ենք զգո՞ւմ Հիսուսի ներկայությունը մեր կյանքում»:
Օգոստոսի 25-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Պետրոս առաքյալի խոսքերի շուրջ, ով ասում է Հիսուսին. «Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես» (Հվհ. 6, 68): Սա գեղեցիկ վկայություն է ընկերության և վստահության մասին, որն իրեն ու մյուս աշակերտներին կապում է Հիսուսի հետ, ընդգծեց Նորին Սրբությունը:
Պետրոսն այդ խոսքերը արտասանում է ծանր պահին, երբ Հիսուս ասում է, որ Ինքն է «երկնքից իջած հացը» (տես՝ Հվհ. 6, 41), հիշեցրեց Սրբազան Քահանայապետը: Այդ ժամանակ շատերը, նույնիսկ աշակերտները, չկարողանալով հասկանալ Տիրոջը, թողեցին Նրան: Սակայն ոչ Տասներկուսը. նրանք մնացին, որովհետև Նրա մեջ գտան «հավիտենական կյանքի խոսքերը»:
Առաքյալները միշտ չէ, որ հասկանում են, թե ինչ է ասում և անում Ուսոցիչը. երբեմն նրանք դժվարանում են ընդունել Նրա սիրո հարակարծությունը (տես՝ Մտթ. 5,38-48), անսահման ողորմած լինելու Նրա պահանջը (տես՝ Մտթ. 18.21-22), Նրա անձնատուր նվիրումը բոլոր մարդկանց։ Նրանք չեն հասկանում, բայց հավատարիմ են մնում Նրան:
Այն ժամանակ շատ ուսուցիչներ կային, սակայն Պետրոսն ու մյուս առաքյալները միայն Հիսուսի մեջ գտան իրենց կենդանացնող կյանքի ծարավի, ուրախության և սիրո պատասխանը, ընդգծեց Նորին Սրբությունը: Միայն Քրիստոսի շնորհիվ նրանք զգացին կյանքի լիությունը, որը փնտրում էին: Հետևաբար, նրանք չեն հեռանում, ավելին, բացի մեկից, բոլորը մինչև վերջ մնում են Նրա հետ (տես՝ Հվհ. 17,12):
Սա վերաբերում է նաև մեզ, շարունակեց Սրբազան Քահանայապետը. մենք նույնպես դժվարությամբ ենք հետևում Տիրոջը, հասկանում Նրա արարքները, հավատարիմ մնում Նրա չափանիշներին և ընդօրինակում Նրան։ Սակայն որքան մոտենում ենք Նրան, հետևում Նրա Ավետարանին, Խորհուրդների մեջ ստանում Նրա շնորհը, աղոթելիս լինում Նրա հետ, նմանվում Նրան՝ խոնարհությամբ և ողորմածությամբ, այնքան ավելի շատ ենք զգում, թե որքան հրաշալի է, որ Նա մեր Ընկերն է, և հասկանում ենք, որ միայն Նա ունի «հավիտենական կյանքի խոսքեր»:
Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, կոչ արեց Նորին Սրբությունը՝ ամփոփելով իր խորհրդածությունը. մենք շատ ենք զգո՞ւմ Հիսուսի ներկայությունը մեր կյանքում: Ո՞րքան կարևոր և արժեքավոր են Նրա խոսքերը մեզ համար: Կարո՞ղ ենք ասել, որ դրանք նաև «հավիտենական կյանքի խոսքեր» են մեզ համար:
Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, ով լիովին ընդունեց Հիսուսին, Աստծո Խոսքը, օգնի մեզ լսել և երբեք չլքել Նրան, խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը