• Ժուժկալությունը քրիստոնեական կարևորագույն արժեք է

    «Մենք կարո՞ղ ենք ուրիշների հետ քայլել և կիսվել մեր գաղափարներով ու հմտություններով»:


    Հուլիսի 14-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Մարկոսի Ավետարանից վերցված հատվածի շուրջ, որը պատմում է, թե ինչպես է Հիսուս Իր աշակերտներին ուղարկում առաքելության (Մկ. 6,7-13): «Նա նրանց ուղարկում է երկու-երկու և մի կարևոր խորհուրդ տալիս. իրենց հետ վերցնել միայն ամենաանհրաժեշտը», – հիշեցրեց նորին Սրբությունը:

     

    Ավետարանը միայնակ չեն հռչակում, այլ միասին, ամբողջ համայնքով և շատ կարևոր է ամեն ինչում լինել ժուժկալ ու չափավոր, կիսվել ռեսուրսներով, հմտություններով ու պարգևներով, յոլա գնալ առանց ավելորդ բաների: Ինչո՞ւ: Ազատ լինելու համար, որովհետև ավելորդությունը մեզ ստրուկ է դարձնում: Ամեն ոք պետք է ունենա ամենաանհրաժեշտը՝ արժանապատիվ կյանքի և առաքելությանը ակտիվ մասնակցություն ունենալու համար», ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Նույնքան կարևոր է ժուժկալությունը համոզմունքներում և զգացմունքներում, պետք է կարողանալ հրաժարվել կարծրամտությունից և նախապաշարմունքներից, որովհետև դրանք կարծես անպետք ուղեբեռ լինեն, որոնք միայն ծանրաբեռնում են և խանգարում ճանապարհին, սակայն իրականում մեզ պետք է կարծիքների փոխանակում և լսելու ունակություն, որն էլ իր հերթին վկայությունն ավելի գործուն կդարձնի»:

     

    Որպես այդ ամենի օրինակ՝ Նորին Սրբությունը կոչ արեց խորհել այն մասին, թե ինչ է կատարվում մեր ընտանիքներում և համայնքներում. երբ մենք կարողանում ենք յոլա գնալ նույնիսկ ամենաքչով, Աստծո օգնությամբ մեզ հաջողվում է առաջ շարժվել և ներդաշնակ ապրել՝ կիսելով մեր ունեցածը, ինչ-որ բանից հրաժարվելով ու միմյանց աջակցելով (տես՝ Գործք 4,32-35): Իսկ դա արդեն միսիոներական հռչակում է, որն ավելի համոզիչ է, քան խոսքերը, որովհետև Հիսուսի պատգամի գեղեցկությունը  մարմնավորում է մարդկանց կյանքերում: Այդպես ապրող ընտանիքը կամ եկեղեցական համայնքն իր շուրջը ստեղծում է սիրով լի միջավայր, որում մարդը հեշտ ու հանգիստ է ապրում:

     

    Իսկ եթե ամեն ոք իր ճանապարհով է գնում, եթե կարևոր են միայն նյութական բարիքները, որոնք երբեք բավարար չեն լինում, եթե մենք չենք լսում միմյանց, եթե գերակշռում են եսասիրությունն ու թունավոր նախանձը, ապա  մթնոլորտը գաղջանում է, կյանքը դժվարանում: Այսպիսով հանդիպումներն ավելի շուտ դառնում են անհանգստության, տխրության և հուսահատության, այլ ոչ թե ուրախության պատճառ(տես՝ Մտթ. 19,22):

     

    Ըստ Սրբազան Քահանայապետի՝ ներդաշնակությունը, հաղորդակցությունն ու չափավորությունը քրիստոնեական կյանքի և միսիոներական Եկեղեցու կարևորագույն արժեքներն են:

     

    Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին մտածել հետևյալ հարցերի շուրջ. Ավետարանի հռչակումը մեզ ուրախացնո՞ւմ է: Մենք երջանկանո՞ւմ ենք, երբ մեր մերձավորներին փոխանցում ենք այն բերկրանքն ու լույսը, որը զգում և ապրում ենք Տիրոջը հանդիպելիս: Մենք կարո՞ղ ենք ուրիշների հետ քայլել և կիսվել մեր գաղափարներով ու հմտություններով: Որքա՞ն ժուժկալ ու սակավապետ ենք մենք մեր կյանքում: Գիտե՞նք մեր եղբայների ու քույրերի կարիքներին մասին:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը՝ առաքյալների Թագուհին, օգնի մեզ լինել ճշմարիտ միսիոներներ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց