• Քահանայապետը խնդրում է աղոթել քրիստոնեական եկեղեցիների միության համար

    Միասնության արմատը Քրիստոսի սերն է, որը թույլ է տալիս մեզ հաղթահարել նախապաշարմունքները և ուրիշների մեջ տեսնել քույր կամ եղբայր, ում մենք կարող ենք սիրել հավիտյան


    2021թ. հունվարի 20-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց խոսել աղոթքի մասին՝ հիշեցնելով, որ հունվարի 18-ից մինչև 25-ը քրիստոնյաները աղոթում են միասնության համար՝ Աստծուց խնդրելով քրիստոնյա հավատացյալների միջև պառակտման գայթակղության հաղթահարման և միության շնորհը:

     

    Խորհրդավոր ընթրիքից հետո Տերն աղոթեց. «Որպեսզի ամենքը մի լինեն» (Հվհ. 17, 21): Այս աղոթքը հնչեց չարչարանքների նախօրեին, ուստի այն կարող ենք անվանել հոգևոր կտակ: Նորին Սրբությունը հավատացյալների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ Տերն աշակերտներին չպատգամեց միասնություն և ոչ էլ խոսեց այդ մասին: Նա Հորն աղոթե՛ց մեր միասնականության համար:

     

    «Սա նշանակում է, որ մենք մեր ուժերով չենք կարող հասնել միասնության: Միասնությունն ամենից առաջ պարգև է, շնորհ է, որի համար պետք է աղոթել»:

     

    Մեզանից յուրաքանչյուրն ունի դրա կարիքը. մենք նկատում ենք, որ նույնիսկ մեր մեջ չենք կարողանում պահպանել միասնությունը: Պողոս առաքյալը ևս զգաց բարու և չարի բախումն իր մեջ. բարին, որն ինքը կամենում է, և չարը, որն ինքը չի կամենում (տե՛ս՝ Հռմ. 7,19): Այս խոսքերով նա ըմբռնեց բազմաթիվ պառակտումների էությունը, որը տեսնում ենք շուրջբոլորը՝ մարդկանց միջև, ընտանիքում, հասարակությունում, ազգերի և հավատացյալների միջև, ինչպես նաև հենց մեր մեջ: Պառակտումները չեն հաղթահարվում դիմակայությամբ, միասնության համար բավարար չեն դիվանագիտական ​​ջանքերն ու երկխոսությունը. միասնությունը կարող է լինել միայն որպես աղոթքի պտուղ: Հիսուս գիտեր այդ մասին և ճանապարհ հարթեց մեզ համար՝ աղոթելով հանուն միասնության: Այսպիսով, քրիստոնյաների միասնության համար մեր աղոթքը «խոնարհ, բայց վստահելի մասնակցություն է Տիրոջ աղոթքին»:

     

    «Սա՛ է Հիսուսի կամքը, սակայն, եթե մենք ուշադրություն դարձնենք, թե ինչի համար ենք աղոթում, ապա, հավանաբար, կնկատենք, որ շատ քիչ կամ էլ ընդհանրապես չենք աղոթում քրիստոնյաների միասնության համար: Բայց չէ՛ որ դրանից է կախված աշխարհի հավատքը. Տերը խնդրեց միասնություն՝ մեր միջև, «որպեսզի աշխարհն էլ հավատա»:

     

    Մեր այս դժվարին ժամանակներում առավել, քան երբևէ, անհրաժեշտ է աղոթել, որպեսզի միասնությունը գերակա լինի հակամարտությունների նկատմամբ: Հանուն համընդհանուր բարօրության անհրաժեշտ է տալ բարի օրինակ. կարևոր է, որ քրիստոնյաները շարունակեն իրենց ուղին դեպի լիակատար, տեսանելի միասնություն:

     

    Աղոթել՝ նշանակում է պայքարել միասնության համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, չէ՞ որ մեր թշնամի սատանան, ինչպես բառն ինքն է ասում, պառակտող է: Սատանան միշտ պառակտում է, քանի որ դա ձեռնտու է իրեն, մինչդեռ Սուրբ Հոգին միշտ վերադարձնում է միասնությունը: Սատանան խորամանկ է, քանի որ չափազանցնում է ուրիշների սխալներն ու թերությունները, տարաձայնություններ է սերմանում, քննադատություններ է հրահրում, խմբավորումներ է ստեղծում, իսկ Աստված ընդունում է մեզ այնպիսին, ինչպիսին կանք, ընդունում և սիրում է բոլոր տարբերություններով և մեղքերով հանդերձ՝ միշտ տանելով դեպի միասնություն: Նորին Սրբությունը հրավիրեց խղճի փորձություն անցկացնել՝ առ այն, թե ինչպես ենք վարվում այնտեղ, որտեղ ապրում ենք: Արդյո՞ք նպաստում ենք հակամարտություններին, թե պայքարում ենք հանուն միասնության՝ աղոթքով և սիրով: Սրբազան Քահանայապետը կրկին ընդգծեց, որ բամբասանքը սատանայի գործիքն է, որը նա օգտագործում է քրիստոնյա համայնքները, ընտանիքներին և ընկերներին պառակտելու համար:

     

    Այս տարվա աղոթքների շաբաթվա թեման քրիստոնեական միասնության համար էր. «Մնացե՛ք Իմ սիրո մեջ և շատ պտուղներ տվեք» (տե՛ս՝ Հվհ. 5, 5-9): Միասնության արմատը Քրիստոսի սերն է, որը թույլ է տալիս մեզ հաղթահարել նախապաշարմունքները և ուրիշների մեջ տեսնել քույր կամ եղբայր, ում մենք կարող ենք սիրել հավիտյան:

     

    «Այդ ժամանակ մենք բացահայտում ենք, որ այլ դավանանքի քրիստոնյաներն իրենց ավանդույթներով, պատմությամբ Աստծո պարգև են, և այդ պարգևը ներկա է մեր թեմական ու ծխական համայնքների տարածքում: Եկե՛ք աղոթենք նրանց համար, հնարավորության դեպքում աղոթենք նաև նրանց հետ միասին: Այսպես մենք կսովորենք սիրել ու գնահատել նրանց: Վատիկանի Երկրորդ Տիեզերական ժողովը հիշեցնում է, որ աղոթքը էկումենիկ շարժման հոգին է: Թո՛ղ աղոթքը լինի ելակետը, որպեսզի օգնենք Հիսուսին իրականացնել Իր երազանքը. թող բոլորը միասնական լինեն»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

     Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց