Մենք կանչված ենք ներելու միշտ
«Չի կարելի հավակնել Աստծո ներողամտությանը, եթե մենք ինքներս չենք ներում մեր մերձավորին: Դա պարտադիր պայման է: Մտածի՛ր քո վախճանի, Աստծո ներման մասին և դադարի՛ր ատել: Մի կողմ քշի՛ր վիրավորանքը՝ այդ աներես ճանճին, որը սավառնում է շուրջդ: Եթե մենք չձգտենք ներել և սիրել, ապա մեզ ևս չեն ների և սիրի»,- կոչ արեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր խորհրդածության մեջ՝ 2020թ. սեպտեմբերի 13-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ:
Նորին Սրբությունը մեկնաբանեց կիրակնօրյա Ավետարանի հատվածը՝ ողորմած թագավորի մասին (տե՛ս՝ Մտթ. 18, 21-35): Առակի մեջ երկու անգամ ասվում են հետևյալ խոսքերը. «Համբերո՛ղ եղիր իմ հանդեպ, և բոլորը կվճարեմ քեզ» (տե՛ս՝ Մտթ. 18 26, 29): Առաջին անգամ այդ բառերն ասում է ծառան, ով իր տիրոջը պարտք է տաս հազար քանքարի՝ հսկայական գումար: Այսօր դա կլիներ միլիոնավոր եվրոներ: Երկրորդ անգամ այդ խոսքերը կրկնում է նույն տիրոջ մյուս ծառան: Նա ևս պարտք է, սակայն՝ ոչ թե տիրոջը, այլ այն ծառային: Բայց նրա պարտքն աննշան է, գուցե, մեկ շաբաթվա աշխատավարձի չափը, Սրբազան Քահանայապետը պարզաբանեց.
«Առակի իմաստը տիրոջ ցուցաբերած ողորմությունն է իր ծառայի հանդեպ, ով մեծ գումար էր պարտք: Ավետարանիչն ընդգծում է, որ տերը գթաց ծառային, մենք երբեք չպետք է մոռանանք Հիսուսի այս խոսքը. «գթաց», խղճաց, քանզի Հիսուս մեր հանդեպ միշտ խղճահարություն է զգում, – «գթաց ծառային, արձակեց նրան և պարտքը նրան շնորհեց» (տե՛ս՝ Մտթ. 18,27): Պարտքը հսկայական էր, ինչը նշանակում է, որ ներումն էլ էր մեծ»:
Սակայն, այս ամենից հետո, այդ նույն ծառան ցուցաբերեց անողոք վերաբերմունք՝ մի մարդու հանդեպ, ով իրեն չնչին գումար էր պարտք: Ծառան չի լսում նրան, նա շատ թշնամաբար է տրամադրված և իր ծառային բանտ է գցում, մինչև որ չվճարի իր պարտքը (տե՛ս՝ 18, 30): Տերը լսում է դա և զայրանում, իր մոտ է կանչում չար ծառային և քննադատում. «Ես քեզ այդքան ներեցի, իսկ դու չես կարող ներել այդ չնչին բանը» (տե՛ս՝ Մտթ. 18, 32-34):
Նորին Սրբությունն ընդգծեց, որ առակը տալիս է միևնույն խնդրի լուծման երկու տարբեր եղանակներ. Աստված շռայլորեն ներում է, քանզի Նա միշտ ներում է: Մարդն այլ կերպ է արձագանքում. «Աստծո պատասխանում արդարությունը համակված է ողորմությամբ, մինչդեռ մարդն արձագանքելիս՝ սահմանափակվում է զուտ արդարության չափանիշներով: Հիսուս մեզ կոչ է անում համարձակորեն բացվել ներման զորության առջև, քանզի կյանքում ամեն ինչ չէ, որ հնարավոր է լուծել արդարացիորեն: Մենք դա գիտենք: Անհրաժեշտ է բարեգութ սեր, որը ևս ընկած է Տիրոջ՝ Պետրոսին տրված պատասխանի հիմքում, և որը հնչեց այս առակից առաջ:
Պետրոսի հարցը հնչում է այսպես. «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան. մինչև յո՞թն անգամ» (Մտթ. 18, 21): Եվ Հիսուս պատասխանում է. «Քեզ չեմ ասում, թե մինչև յոթն անգամ, այլ՝ մինչև յոթանասուն անգամ յոթ» (Մտթ. 18, 22): Աստվածաշնչի խորհրդանշական լեզվով սա նշանակում է, որ մենք կանչված ենք ներելու միշտ»:
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ եթե ներումն ու ողորմությունը լինեին մեր կենսակերպը, ապա մենք կխուսափեինք բազմաթիվ վերքերից, պատերազմներից և տառապանքներից.
«Քանի ընտանիքներ չեն կարողանում ներել միմյանց, քանի դեռ եղբայրներ և քույրեր իրենց հոգում դառնություն ունեն: Բարեգութ սեր պետք է դրսևորվի մարդկային բոլոր հարաբերություններում. ամուսինների, ծնողների ու երեխաների միջև, մեր համայքներում, Եկեղեցում, հասարակության և քաղաքականության մեջ»:
«Այսօր առավոտյան, երբ ես Պատարագ էի մատուցում, – ասաց Նորին Սրբությունը, – ինձ ապշեցրեց առաջին ընթերցանության արտահայտությունը. «Հիշի՛ր վերջը և դադարի՛ր թշնամանքը» … Կարծու՞մ ես ատելությունդ քեզ հետ գերեզման ես տանելու»: Ներելը հեշտ չէ, քանի որ, չնայած հանգստության պահերին մենք մտածում ենք. «Այո, այս մարդն ինձ ինչ ասես չարեց, բայց ես ևս պարտք չմնացի: Լավ է ներել, որպեսզի մեզ ևս ներեն», – սակայն հետո զայրույթը վերադառնում է, ինչպես աներես ամառային ճանճն է նորից ու նորից վերադառնում: «Ներումն այն չէ, ինչը մենք ակնթարթորեն անում ենք, դա մշտական գործողություն է՝ վիրավորանքի, ատելության դեմ, որը նորից ու նորից վերադառնում է: Եկե՛ք մտածենք մեր վախճանի մասին և դադարե՛նք ատել», – կոչ արեց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը