• Առանց ամբողջական նվիրման՝ Եկեղեցին հիվանդանում է

    Եթե մեր սրտերը լցված են տարատեսակ երկրային «բարիքներով», ապա Տիրոջ համար տեղ չի լինի, Նա պարզապես կդառնա դրանցից մեկը:


     Հոկտեմբերի 14-ին Սբ. Պետրոսի հրապարակում տեղի ունեցած Սբ. Պատարագի ընթացքում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սրբերի շարքին դասեց Պողոս VI Քահանայապետին, Սալվադորի նահատակ արքեպիսկոպոս Օսկար Ռոմերոյին, Ֆրանչեսկո Սպինելլիին, Վինչենցո Ռոմանոյին, Մարիա Կատերինա Կասպերին, Հիսուսի Սուրբ Թերեզայի Նազարիա Իգնազիային և Նունցիո Սուլպրիցիոյին:

     

    «Այս բոլոր սրբերը, – ասաց նա, – տարբեր բնագավառներում այսօրվա ավետարանական խոսքը կյանքի կոչեցին՝ առանց անտարբերության ու հաշվարկի, ամեն ինչ վտանգի ենթարկելու և ամեն ինչ հետևում թողնելու պատրաստակամությամբ: Թո՛ղ որ Տերն օգնի մեզ, որպեսզի կարողանանք հետևել նրանց օրինակին»:

     

    Ահա՛ Նորին Սրբության քարոզի ամբողջական տեքստը.

     

    Երկրորդ ընթերցվածն ասում է. «Կեն­դա­նի է Աստծոյ խօս­քը, ազ­դու եւ աւե­լի հա­տու, քան ամէն մի երկ­սայ­րի սուր» (Եբր. 4:12): Հենց այդպես է, որ կա: Աստծո խոսքը սոսկ ճշմարտությունների շարք կամ հոգևոր խրատների ամբողջություն չէ: Ո՛չ, սա կենդանի խոսք է, որը դիպչում է յուրաքանչյուրիս կյանքին և փոխակերպում այն: Հիսուսն ինքը՝ Աստծո կենդանի Խոսքը, խոսում է մեր սրտերի հետ:

     

    Ավետարանը, մասնավորապես, հորդորում է մեզ հանդիպել Տիրոջն այն մարդու օրինակով, ով «առաջ վա­զե­լով մոտեցավ Հիսուսին» (հմմտ. Մարկ. 10:17): Մենք կարող ենք ինքներս մեզ տեսնել այդ մարդու կերպարում, ում անունը չի նշվում, ինչն էլ ենթադրում է, որ այդ մարդը կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը: Նա հարցնում է Հիսուսին. «ինչպե՞ս ժառանգել հավիտենական կյան­քը» (տե՛ս նույն տեղում): Նա փնտրում է կյանք՝ առանց վախճանի, լիառատ կյանք: Ո՞վ չի ցանկանա նման կյանք ունենալ: Ավելին, նկատում ենք, որ նա որպես ժառանգություն է խնդրում այն, որպես բարիք, որը կարող է ստանալ կամ ձեռք բերել իր իսկ ջանքերի շնորհիվ: Իրականում, որպեսզի ունենա այս բարիքը, նա երիտասարդ տարիքից պահպանել է պատվիրանները և դրան հասնելու համար պատրաստ է հետևել այլ պատվիրանների ևս, ուստի հարցնում է. «ի՞նչ պէտք է անեմ, որ յա­ւի­տե­նա­կան կեան­քը ժա­ռան­գեմ»:

     

    Հիսուսի պատասխանը նրան հանկարծակիի է բերում: «Եւ Յի­սուս, նրան նա­յե­լով, սի­րեց նրան» (Մարկ. 10:21): Հիսուս փոխում է հեռանկարը՝ վարձատրվելու համար պատվիրաններին հետևելուց անցում կատարել դեպի ազատ և լիակատար սեր: Այդ մարդը խոսում էր խնդրանքի տեսակետից, իսկ Հիսուսը նրան սիրո մի պատմություն է առաջարկում: Նա հորդորում է օրենքի պահպանումից անցնել ինքնանվիրման, հանուն սեփական անձի գործելուց՝ Աստծո կողքին լինելուն: Տերը մարդուն առաջարկում է կյանք, որն անմիջապես անցում է կատարում դեպի «գնա՛ վա­ճա­ռիր, ինչ որ ու­նես, ու աղ­քատ­նե­րին տուր … եւ արի իմ յե­տե­ւից»: (Մրկ. 10, 21) Հիսուսը քեզ նույնպես ասում է. «արի՛ իմ հետևից»: Արի՛՝ նշանակում է անգործության չմատնվել, քանի որ չարիք չգործելը դեռևս բավարար չէ՝ Հիսուսի հետ լինելու համար: Հետևի՛ր ինձ չի նշանակում քայլել Հիսուսի հետևից միայն այն ժամանակ, երբ ուզում ես, այլ՝ փնտրել Նրան ամեն օր, չբավարարվել միայն պատվիրանները պահելով, փոքրիկ ողորմություն տալով և մի քանի աղոթք ասելով, այլ՝ Նրա մեջ գտնել Աստծուն, ով միշտ սիրում է քեզ, Հիսուսի մեջ որոնել Աստծուն, Ով քո կյանքի իմաստն է, Աստծուն, Ով քեզ ուժ է տալիս ամբողջովին նվիրվելու:

     

    Հիսուս կրկին ասում է. «գնա՛ վա­ճա­ռիր, ինչ որ ու­նես, ու աղ­քատ­նե­րին տուր»: Տերը չի քննարկում աղքատության և հարստության տեսությունները, այլ՝ ուղղակիորեն գնում է դեպի կյանք: Նա հորդորում է քեզ հետևում թողնել այն, ինչը ծանրացնում է քո հոգին, ազատվել բեռից, Նրան՝ միակ բարուն, տեղ ապահովելու համար: Մենք իրապես չենք կարող հետևել Հիսուսին, երբ կքած ենք մեր արարքների ծանրության տակ: Եթե մեր սրտերը լցված են տարատեսակ երկրային «բարիքներով», ապա Տիրոջ համար տեղ չի լինի, Նա պարզապես կդառնա դրանցից մեկը: Այդ իսկ պատճառով, Հիսուսն ասում է, որ հարստությունը վտանգավոր է և նույնիսկ դժվարացնում է մարդու փրկությունը, սակայն ո՛չ այն պատճառով, որ Աստված խիստ է: Խնդիրը մեր մեջ է. շատ ավելին ունենալու, շատ ավելին ցանկանալու մոլուցքը խեղդում է մեր սրտերը և սիրելու համար անկարող դարձնում: Ուստի, Սուրբ Պողոսը գրում է. «բո­լոր չա­րիք­նե­րի ար­մա­տը փո­ղա­սի­րու­թիւ­նն է» (1 Տիմ. 6:10): Այնտեղ, որտեղ կենտրոնում փողն է՝ տեղ չկա ո՛չ Աստծո, ո՛չ էլ մարդու համար:

     

    Հիսու՛սն է արմատը: Նա է տալիս ամեն ինչ և պահանջում ամեն ինչ. նա լիակատար սեր է տալիս և պահանջում անբաժանելի սիրտ: Նույնիսկ այսօր Նա տրվում է մեզ՝ որպես կենդանի հաց. միթե՞ կարող ենք փոխարենը նրան տալ փշրանքներ: Միայն որոշ պատվիրանների հետևելով՝ վարձահատույց չենք լինի Նրան, ով դարձավ մեր ծառան և նույնիսկ խաչվեց հանուն մեր փրկության: Չենք կարող մեր ժամանակից միայն մի քանի րոպե տրամադրել Նրան, ով մեզ հավիտենական կյանք է պարգևում: Հիսուսը չի գոհանում «սիրո տոկոսային հարաբերությամբ», չենք կարող սիրել Նրան քսան, հիսուն կամ վաթսուն տոկոսով: Կամ սիրում ենք անմնացորդ, կամ՝ ոչ:

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մեր սիրտը նման է մագնիսի, որը թույլ է տալիս, որ իրեն գրավեն սիրով, սակայն կարող է ծառայել միայն մեկ տիրոջ և պետք է ընտրի՝ սիրել Հիսուսի՞ն, թե՝ աշխարհի հարստությունները (հմմտ. Մտթ. 6:24), կամ պետք է ապրի հանուն սիրո կամ՝ հանուն սեփական անձի (հմմտ. Մրկ. 8:35): Ինքներս մեզ հարց տանք, թե ինչպիսի՞ն է մեր սերը Աստծո նկատմամբ: Արդյո՞ք գոհանում ենք մի քանի պատվիրաններ պահելով, թե՞ հետևում ենք Հիսուսին՝ որպես իսկական նվիրյալներ, ովքեր իսկապես պատրաստ են ինչ-որ բան հետևում թողնել՝ հանուն Քրիստոսի: Հիսուսը մեզանից յուրաքանչյուրին և բոլորին՝ որպես առաջ ընթացող Եկեղեցի, հարցնում է. արդյո՞ք մենք Եկեղեցի ենք, որը միայն լավ պատվիրաններ է քարոզում, թե՞ Եկեղեցի, որը հարս է, ով թողնում է իր անձը՝ հանուն Տիրոջ նկատմամբ սիրո: Արդյո՞ք իսկապես հետևում ենք Նրան, թե՞ վերառադնում ենք աշխարհի հարստություններին, ինչպես Ավետարանի այն մարդը: Մի խոսքով, արդյո՞ք Հիսուսը բավական է մեզ, թե՞ փնտրում ենք աշխարհիկ բարիքներ:

    Եկե՛ք Աստծո շնորհը հայցենք, որպեսզի միշտ կարողանանք ամեն ինչ հետևում թողնել՝ հանուն Տիրոջ սիրո, հետևում թողնենք հարստությունը, հասարակական դիրքի և իշխանության ծարավը, կառույցները, որոնք այլևս չեն համապատասխանում Ավետարանի ազդարարմանը, այն ծանրությունը, որը դանդաղեցնում է մեր առաքելության ընթացքը, թելերը, որոնք մեզ կապում են աշխարհին: Առանց սիրո մեջ քայլ առաջ կատարելու՝ մեր կյանքը և Եկեղեցին հիվանդանում են «ինքնագոհությունից և ինքներս մեզ ինդուլգենցիաներ տրամադրելուց» (Ավետարանի ցնծությունը, 95): Մենք ուրախություն ենք գտնում որոշ անցողիկ հաճույքների մեջ, ինքներս մեզ փակում անօգուտ բամբասանքների մեջ, ընտելանում քրիստոնեական կյանքի միապաղաղությանը՝ առանց որևէ խթանի, երբ փոքր նարցիսիզմը քողարկում է անկատար մնալու տխրությունը:

     

    Ավետարանում ասվում է. «Եւ մար­դը, այդ խօսքից խո­ժո­ռուած, գնաց տր­տում, որով­հե­տեւ շատ հա­րուստ էր» (Մրկ. 10:22): Նա կապված էր օրենքի նորմերին և իր ունեցվածքին, նա չէր նվիրել իր սիրտը: Նույնիսկ, երբ նա հանդիպել էր Հիսուսին և արժանացել նրա սիրով լի հայացքին, հեռացել էր տրտում: Տխրությունն անկատար սիրո ապացույցն է, անտարբեր սրտի խորհրդանիշը: Մինչդեռ, այն սիրտը, որը ծանրացած չէ ունեցվածքով՝ ազատորեն սիրում է Տիրոջը, միշտ ուրախություն է սփռում, այն ուրախությունը, որի կարիքն այդքան զգացվում է այսօր: Սուրբ Պողոս VI Պապը գրել է. «Հիրավի, իրենց վշտի թեժ պահին է, որ մեր եղբայրները կարիքն ունեն ճաշակելու ուրախությունը և լսելու դրա երգը» (Ուրախություն Տիրոջ մեջ, I): Այսօր Հիսուսը մեզ կոչ է անում վերադառնալ դեպի ուրախության աղբյուրը՝ Նրա հետ հանդիպումը, Նրան հետևելու համար ամեն ինչ վտանգելու խիզախ որոշումը, Նրա ճանապարհը ընտրելու համար ինչ-որ բան հետևում թողնելու բավարարվածությունը: Սրբերն անցել են այս ճանապարհով:

     

    Vatican News պարբերականից թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց